Այս շաբաթվա Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկված ծրագրերը
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը շարունակվում է: Մի քանի մասնաշենքում արդեն մեկնարկել է ներքին հարդարումը, ընթանում են նաև երեսպատման և ջերմամեկուսացման աշխատանքներ: Այնուհետև կսկսվի մարզադպրոցի տեխնիկական և գրասենյակային կահավորումը:
Իսակովի-Արշակունյաց պողոտաները միացնող ճանապարհահատվածի շինարարության բոլոր մրցույթները կայացել են, պայմանագրերը կնքված են: Առաջիկայում ի մի կբերվեն տեխնիկական միջոցները և աշխատուժը, ինչից հետո կմեկնարկեն նաև հողային աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների հիմնանորոգումը: Մեկնարկել է նաև Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկից Արին Բերդի 5-րդ նրբանցք ճանապարհահատվածի հիմնանորոգումը:
GIS համակարգում հաշվառված է 8063 առևտրային օբյեկտ, որից 1576-ը ներառվել է առևտրային թույլտվությունների տրամադրման dimum.yerevan.am էլեկտրոնային հարթակ:
Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղի «Եվրոպա Դոննա» եվրոպական համաձայանագրի անդամ է, և Երևանի քաղաքապետարանը դաշինքի հետ համատեղ իրականացրել է հիվանդության վաղ ախտորոշման և հանրային իրազեկման ծրագիր. կազմակերպվել են գիտաժողովներ, տեղեկատվական հանդիպումներ՝ միտված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Այս միջոցառումների շնորհիվ բազմաթիվ բուժառուների հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ինչը լիարքժեք ապաքինվելու հնարավորութուն է տվել:
Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի հսկողության 190 կայանից ստացված տվյալների համաձայն, ապրիլին օդի որակի դասիչի միջինացված արժեքները «լավ» կամ «չափավոր» միջակայքում են: Օդի որակին ազդող հիմնական գործոնները մարդածին չեն և մեծամասամբ պայմանավորված են բնակլիմայական պայմաններով:
Երևանի քաղաքապետարանի և «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի համագործակցությամբ, «Yellow Tulip Project» ձևաչափով Երևանի կենտրոն վարչական շրջանում հիմնվել է «Հույսի պարտեզը», որի նպատակը իրազեկման եղանակով հոգեկան առողջության մարտահրավերներն ավելի տեսանելի դարձնելն ու դրանց հաղթահարմանը նպաստելն է:
Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտում, ինչպես նաև հողօգտագործման պայմանների 31, շինհրապարակների պայմանների 122 և շինություններն առանց թույլտվության շահագործելու 12 վարչական իրավախախտման դեպք: Ապօրինի շինությունները քանդելու և հողազավթումները վերացնելու նպատակով կազմաքանդվել է 68 ինքնակամ շինություն:
Լուսանկարներ