«Արև Արենայում» կայացավ առաջին համերգը
Տարիներ շարունակ լքված այս տարածքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ վերակառուցվել է և վերածվել ժամանակակից բացօթյա մշակութային հարթակի՝ «Արև Արենայի», որը ստեղծվել է Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի և հ. 188 հանրակրթական դպրոցի հարակից տարածքում։
Մշակութային նոր հարթակի համար ձևավորվել է նաև «Արև Արենա» անվանումն ու բրենդային ինքնությունը, որոնք խորհրդանշում են բաց, ժամանակակից և ստեղծարար հանրային տարածք՝ արվեստի, կրթության և համայնքային կյանքը միավորելու նոր միջավայր։
Շուրջ 500 հանդիսատեսի համար նախատեսված մշակութային այս նոր հարթակում կանցկացվեն բազմաժանր համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, կինոցուցադրություններ և մշակութային այլ միջոցառումներ։ Ամռան ամիսներին այստեղ կգործի նաև մանկապատանեկան ստեղծագործական ճամբար, որը կընդունի շուրջ 300 երեխայի։
Տարածքը վերակառուցելը, հիմնանորոգելը և գույքով համալրելը տևել է շուրջ երկու ամիս։ Այդ ընթացքում հիմնովին նորացվել են ենթակառուցվածքները, կառուցվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, տարածքը կանաչապատվել, բարեկարգվել է ու ասֆալտապատվել։
Հունիսի 17-ին Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ-փառատոնի գալահամերգով ազդարարվեց «Արև Արենայի» պաշտոնական բացումը։
Երեկոյի ընթացքում հայտարարվեց նաև Երևանի քաղաքապետարանի մեկ այլ կարևոր նախաձեռնության մասին. շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք են բերվել 30 բարձրակարգ KAWAI ռոյալներ, որոնք էապես կբարելավեն երաժշտական կրթության որակը։
Ծրագրով կայացավ նաև աշխարհահռչակ հայազգի ջութակահար-մանկավարժ Իվան Գալամյանի «Ջութակ նվագելու և դասավանդելու սկզբունքները» գրքի շնորհանդեսը, որը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ առաջին անգամ թարգմանվել է հայերեն։