Բնապահպանության վարչություն
Հավելված
Երևանի քաղաքապետի
2021 թվականի դեկտեմբերի 24-ի
N 4570 -Ա որոշման
«Հավելված հ.6
Երևանի քաղաքապետի 2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշման
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը բնապահպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրներն ու գործառույթները բխում են բնապահպանության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված
լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
9. Վարչությունը`
1) համագործակցելով հանրապետության գործադիր մարմինների հետ մշակում է Երևան քաղաքի տարածքում բնապահպանության ոլորտում Երևանի ավագանու,
քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանն ուղղված
ծրագրեր, քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծեր և սահմանված կարգով պատվիրում է նշված բնագավառին վերաբերվող
աշխատանքներ.
2) պատվիրատու է հանդիսանում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող բնապահպանության բնագավառին վերաբերվող աշխատանքների։ Մասնակցում է
իր կողմից համակարգվող բնագավառին վերաբերվող պետական ծրագրերի մշակմանը և իր լրազորությունների շրջանակներում ապահովում Է դրանց
իրականացումը Երևան քաղաքի վարչական տարածքում.
3) իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության համայնքային ծրագրեր.
4) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի, շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի որոշումների, հրամանների,
կարգադրությունների և այլ նորմատիվ ակտերի, փաստաթղթերի պահանջների կատարումն ու հսկողությունը.
5) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով
և արտադրական թափոններով աղտոտումից.
6) ըստ անհրաժեշտության մասնակցում է բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման կողմից իրականացվող
ստուգումներին.
7) ապահովում է ոլորտի պետական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի, հայեցակարգերի, միջոցառումների մշակումը և դրանց
իրականացումը.
8) իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները Երևանի տարածքում.
9) իրականացնում է կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին ուղղված հարմարվողականության և մեղմման միջոցառումների մշակում, այդ ծրագրերի
իրականացման կազմակերպում և համակարգում.
10) մշակում է ոլորտին վերաբերվող առաջարկություններ՝ Երևան քաղաքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.
11) մշակում է առաջարկություններ՝ ոլորտում ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվային
ակտերի կատարելագործման վերաբերյալ.
12) համակարգում և վերահսկում է Երևանի կանաչապատման աշխատանքները.
13) ապահովում է Երևանի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների
իրականացումը.
14) վերահսկում և ապահովում է Երևանի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների
կատարումը.
15) իրականացնում է վարձակալված համայնքային ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների՝ վարձակալների կողմից
կատարման մշտադիտարկում և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ.
16) Երևան քաղաքում քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է իրականացնում
բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ և 157-րդ հոդվածներով.
17) վերահսկում և ապահովում է Երևան քաղաքում տնային կենդանիների պահման թույլտվության և հաշվառման պահանջների պահպանումը և խախտման
դեպքեր հայտնաբերելիս կազմում է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին համապատասխան.
18) վերահսկում և համակարգում է Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կառավարման միջոցառումների
իրականացումը.
19) վերահսկում և ապահովում է անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքը սպասարկող անասնաբույժի միջոցով.
20) համակարգում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց
շինարարությունը և վերանորոգումը.
21) բնապահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ Երևանի ավագանուն է ներկայացնում յուրաքանչյուր
տարվա համար Երևանի բնապահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ցանկը և դրանց իրականացման ժամանակացույցը.
22) ապահովում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման
մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը.
23) ապահովում է բնապահպանական պետական և համայնքային զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Երևան քաղաքում.
24) աջակցում է Երևանի տարածքում գտնվող արգելոցների, արգելավայրերի հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, այդ տարածքում
որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
25) քննարկում և համաձայնեցնում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացվող կանաչապատման և բարեկարգման նախագծերը.
26) վերլուծում է շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների աղտոտվածության, բարելավման կարիք
ունեցող հողերի որակի մշտադիտարկման արդյունքները և մշակում է առաջարկություններ ցուցանիշների բարելավման վերաբերյալ:
27) իր լիազորությունների սահմաններում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր.
28) բնապահպանական ծրագրերի իրականացման խնդիրներով համագործակցում է ոչ պետական կազմակերպությունների, միջազգային և հասարակական
բնապահպանական ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ.
29) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային
տարեկան և եռամսյակային ծրագրերը:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչության պետին և աշխատակիցներին «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է նման
լիազորությամբ օժտված պաշտոնատար անձը:
12. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
13. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով
սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
14. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով
սահմանված կարգով։
15. Վարչության պետը՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի,
Երևանի քաղաքապետի և (կամ) վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և
ցուցումների կատարումը.
3) հսկողություն է իրականացնում վարչության իրավասությանը վերաբերող որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ.
4) վարչության աշխատողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր
կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ.
5) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ
կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) ներկայացնում է վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում.
7) ստորագրում է վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և
կարգադրությունների նախագծերը.
8) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
16. Վարչության աշխատակիցները, համաձայն աշխատանքային պարտականությունների բաշխման, իրականացնում են իրենց լիազորություններն ու
պաշտոնական պարտականությունները և հաշվետու են վարչության պետին:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
17. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:


















ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն և համաչափ զարգացումը բնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով: Երևանում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է դրա հիմնական բաղկացուցիչ տարրերի՝ հողային պաշարների, մթնոլորտային օդի, ջրային պաշարների և կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավման՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթները հետևողականորեն իրագործելու մակարդակով:
Երևանի բնապահպանական նկարագիրը
Քաղաքի ընդհանուր տարածքը 223 քառ. կմ է և ձգվում է հյուսիսից հարավ՝ 19.7 կմ և արևելքից արևմուտք՝ 19.1 կմ: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 850-1300մ բարձրությունում, հյուսիսային լայնության 400 և արևելյան երկայնության 440 շրջանում: Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Քաղաքի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, ծովի մակերևույթից բարձր է 1000մ։ Երևանի կենսաբազմազանությունը սերտորեն կապված է բնապահպանական բաղադրիչների որակի, ինչպես նաև կանաչ տարածքների գոյության հետ: Երևանն ունի քաղաքային նշանակության 86 այգի. կանաչ տարածքը պաշտոնապես մոտ 6760 հա է, ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Սրա մեջ մտնում են հանրային և մասնավոր տարածքները և բուսականության բոլոր տեսակի ծածկերը, ներառյալ ծաղկաթմբերը և սիզամարգերը: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը շուրջ 919,6 հա է: Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը շուրջ 8,4 քմ է: Կլիմայի փոփոխության հետևանքով Երևանում, համաձայն կանխատեսումների, մինչև 2100թ. ջերմաստիճանը կբարձրանա 1.7օC-ով, իսկ տեղումների ծավալը կնվազի 10 մմ-ով:
Հիմնախնդիրներ
1. Հրազդան գետի և Գետառ վտակի ջրերի որակի բարելավում:
2. Երևանյան լճի և ափամերձ տարածքի մաքրում և որպես հանգստի գոտու վերականգնում:
3. Կենցաղային աղբի տեսակավորման, աղբի վերամշակման ապահովում, նոր սանիտարական աղբավայրի կառուցում:
4. Մայրաքաղաքի հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ ոչ արժեքավոր ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
5. Ոռոգման ցանցի արդիականացում, ընդլայնում և վերակառուցում, կանաչ տարածքի ավելացում:
2024թ. գործունեությունը
1. Հրազդանի կիրճը մաքրվել է տարատեսակ աղբից ու թափոններից, հավաքվել և աղբավայր է տեղափոխվել է շուրջ 9000 խ․մ աղբ։
2. Ավարտվել է Հրազդան գետի վրա 2 աղբաորսիչ սարքավորումների տեղադրումը, Գետառի վրա կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայան:
3. Բնապահպանական իրազեկման միջոցառումներ դպրոցներում. շարունակվել է «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ, որի նպատակը դպրոցականների շրջանում աղբը տեսակավորելու անհրաժեշտության գիտակցության արմատավորումն է:
4. Կանաչ տարածքները ավելացել են 12,79 հա-ով, որից Նորքի լանջերին՝ 7 հա, Փարոսի բլրին՝ 1.7 հա, «Հաղթանակի» զբոսայգու անտառային տարածքում՝ 1 հա և Երևանյան լճի հարակից տարածքում՝ 1.5հա, Նոր Նորք վ/շ-ում՝ Լյուքսեմբուրգի փողոցի հարևանությամբ՝ շուրջ 1 հա։
5. Փոխհատուցվող կանաչապատման պայամանագրերով տնկվել է 131 ծառ:
6. Ջերմոցատնկարանային վարչության բաց տարածքը 1 հա-ից դարձել է 25 հա, որտեղ հիմնվել է նոր՝ ժամանակակից ոռոգման կաթիլային համակարգ՝ ընդհանուր առմամբ մայր ջրագծի 6028 գծմ երկարությամբ, որին միացված է 99000 գծմ երկարությամբ կաթիլային համակարգ՝ հարմարեցված բաց գրունտի դպրոց-տնկարաններին ըստ բաշխվածության։ Հիւմնվել է պոմպակայան, արհեստական ջրավազան՝ պատված երկրամեմբրանային շերտով, 3000 խմ ջրի ծավալով, տնկվել են սերմնաբուսակներ։
7. Ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 4539 հատ ծառ, 58276 հատ թուփ, 22219 վարդ:
8․ Տնկվել է 322720 հատ ծաղիկ։
9. Հատվել է 1656 չոր և վթարային ծառ:
10. Էտվել է 14261 ծառ:
11. Անցկացվել և հիմնանորոգվել է ոռոգման համակարգ՝ շուրջ 31068.8 գծմ:
12. 2024թ. ընթացքում ավարտվել է Դավթաշեն վարչական շրջանի քարտեզագրումը և սկսվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ արդեն իսկ քարտեզագրվել է ավելի քան 80%-ը: 2024թ. ընթացքում քարտեզագրվել են 20-ից ավելի այգիների և առանձին հատվածների:
13. Վերամշակվող թափոնների տեսակավորման առումով բոլոր վարչական շրջաններում տեղադրված ընդհանուր թվով 204 տեսակավորման կետերից, շուրջ 230 տնտեսվարողներից և հավաքման այլ աղբյուրներից պարբերաբար հավաքված ու վերամշակող ընկերություններին հանձնված թափոնների ընդհանուր ծավալը 760.000 կգ է, որից ստվարաթուղթ՝ 542.000 կգ, պլաստիկ՝ 43.000 կգ, ապակի՝ 75.000 կգ։
14. Կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում. ձեռք է բերվել երկու հատ տրակտոր սրսկիչ և կոճղահան կցորդիչներով։ Պայմանագիր է կնքվել 3 հատ ավտոաշտարակի ձեռքբերման համար, որի ֆինանսավորումը իրականացվելու է 2025թ․։
15. «Դալմայի այգիներ» հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի տարածքում իրականացվել են համայնքային զբոսայգու հիմնման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները (երկրաֆիզիկական, երկրատեխնիկական, տեղագրական հետազոտություններ, կոմունալ ենթակառուցվածքների ուսումնասիրություն)։
2025թ. նախատեսված գործունեություն
• Երևանի կենդանաբանական այգու ընդլայնում, փղերի ազատավանդակի կառուցում, մի շարք նոր ազատավանդակների կառուցում և վերանորոգում, Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցից այգու երկրորդ մուտքի և ավտոկայանատեղիի կառուցում, կենդանաբանական այգու արտաքին ցանկապատի շինարարության նախագծում, այգու պահեստային և սառնարանային շինությունների կառուցում,
• «Դալմայի այգիներ» համայնքային զբոսայգու հիմնման հայեցակարգային նախագծերի մշակում և լավագույն տարբերակի ընտրություն,
• Երևանում կենդանիների խնամքի կենտրոնի տարածքում շների կացարանի կառուցում,
• Նուբարաշենի անտառաշերտի ստեղծում՝ շուրջ 8.5 հա տարածքով,
• Հրազդանի կիրճի ափամերձ տարածքի մաքրում: Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի (համայնքային պահպանվող տեղանքի) կարգավիճակի շնորհում,
• Հրազդան գետի երկայնքով կոյուղու կոլեկտորի կառուցման նախագծի կազմում,
• մայրաքաղաքի որոշ փողոցներում հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ անորակ ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
• կանաչապատման տարբեր լուծումների, այդ թվում՝ ուղղաձիգ կանաչապատման կիրառում,
• ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների, այգիների, հանգստի վայրերի բարեկարգում,
• կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում,
• ոռոգման ցանցի վերակառուցում,
Մթնոլորտային օդի որակ
Երևանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և միևնույն ժամանակ վարչական կենտրոնն է, որում կենտրոնացած է արդյունաբերական ձեռնարկությունների 36%-ը: Երևանում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում, աղբավայր։ Այժմ մայրաքաղաքում հաշվառված է անշարժ աղբյուրներից մթնոլորտ աղտոտող նյութեր արտանետելու թույլտվություն ունեցող 671 կազմակերպություն:
Մթնոլորտային օդի որակի դիտարկումն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 5 անշարժ դիտակայանում (Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններ), որոնց միջոցով դիտարկվում են վերոնշյալ բոլոր բաղադրիչներն ամենօրյա աշխատակարգով, ինչպես նաև 45 շարժական դիտակետերում, որոնց միջոցով դիտարկվում են միայն ծծմբի և ազոտի երկօքսիդները՝ շաբաթական կտրվածքով։ 2022թ. ձեռք է բերվել օդի որակի դիտարկման 5 սենսոր, որոնք հնարավորություն են տալիս առցանց հետևելու օդում ազոտի օքսիդների և փոշու մասնիկների պարունակությունը։ Տեղեկատվությունը փոխանցում է ինքնաշխատ եղանակով (յուրաքանչյուր 10 րոպեն մեկ), որը արտացոլվում է առցանց հարթակին։
2023թ. Երևանի ավագանու 2012թ. մարտի 16-ի հ. 405-Ն որոշման մեջ կատարված լրացումների համաձայն՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի դիտարկման սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ։ Շինհրապարակներում 2024թ. ի վեր տեղադրվել է օդի որակի դիտարկման 167 կայան, որոնցից ստացված տվյալներն արտացոլվ են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Այս սարքերի տեղադրման նպատակը շինհրապարակներում փոշու կետային արտանետումը և փոշու նվազեցմանը միտվված պարտադիր պահանջների կատարումն է: Մշակվել է Երևանում օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել արտանետումները աղտոտման հիմնական աղբյուրներից, բարելավել օդի որակի դիտարկման համակարգը։ Ծրագրում հաշվի են առնվել ներկայացվել են թիրախային գործողություններ աղտոտման աղբյուրներից արտանետումների նվազեցման, ինչպես նաև իրավիճակը բարելավելու միջոցառումներ (կանաչ ֆոնդի ավելացում, մշտադադալար բուսատեսակների տեսակարար կշռի ավելացում և այլն)։
Մակերևութային ջրեր
Երևանում մակերևութային ջրերի գլխավոր ավազաններն են՝ Հրազդան գետը, Երևանյան լիճը (Հրազդան գետից ստեղծված արհեստական լիճ), Գետառ և Ողջաբերդ գետերը:
Գետառը Հրազդանի ձախ վտակն է, երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սկիզբ է առնում Գեղամա լեռներից՝ 1570մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետև խառնվում Հրազդան գետին։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։
Ինչպես Գետառը, այնպես էլ դրա վտակները ենթարկված են մարդու գործունեության մեծ ազդեցության, ինչի հետևանքով զգալիորեն աղտոտված են: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մաքրում է գետերի հուները:
Ողջաբերդն սկիզբ է առնում Ողջաբերդի լեռների հյուսիսային լանջերից և Երևանի սահմաններում՝ Կենդանաբանական այգու տարածքում ձախից միախառնվում Գետառին:
Երևանյան լիճն արհեստական ջրամբար է, ոռոգման ջրի պահոց՝ կառուցված Երևանի տարածքում՝ Հրազդան գետի վրա: Մակերեսը 0,65 քառ. կմ է, միջին խորությունը՝ 8մ (առավելագույնը՝ 18մ)։ Ջրամբարի ստեղծման նպատակը Հրազդանի հոսքը կարգավորելն է և ջրերի նպատակային օգտագործումը։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Վաղարշապատի և Փարաքարի ջրանցքները, որոնք հոսում են գետնի տակով և դուրս գալիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում է Հայաստանի Հանրապետության վարչական 4 տարածքներով, այդ թվում` կենտրոնական մասով՝ մայրաքաղաք Երևանով և Արարատյան գոգահովտով: Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 քառ. կմ է (առանց Սևանա լճի)։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։
Գետերի ջրային պաշարների աղտոտման հիմնական աղբյուրներ են կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը, որոնք իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ ծավալի ազոտային և ֆոսֆորային միացություններ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի կողմից հրապարակվում է Հրազդան գետի տարբեր հատվածներում և Երևանյան լճի ջրի որակական և քանակական պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը:
Հողային պաշարներ և ընդերքօգտագործում
Երևանում կա է ընդամենը 21.5 հազար հա հողատարածք: Հողերի աղտոտվածության հիմնական աղբյուրներից է Երևանում հանքավայրերի շահագործումն ու արդյունահանումը և դրա հետևանքով առաջացած ընդերքօգտագործման թափոնավայրերի (լցակույտեր) առկայությունն ու դրանցում կուտակված մնացորդների մեծ ծավալները, որոնք զբաղեցնում են զգալի տարածություն՝ վերածվելով բնական միջավայրի երկարատև աղտոտման աղբյուրների: Երևանում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի, 08.01.2025թ. դրությամբ տրամադրված է 17 ընդերքօգտագործման իրավունք: 17 հանքավայրերից 1-ը ստորգետնյա է (Ավանի աղի կոմբինատ), 16-ը՝ բացահանք:
Երևանում գլխավորապես արդյունահանվում են ոչ մետաղական հանածոներ, որոնք շահագործվում են բացահանքով, ինչը մեծ բացասական ազդեցություն է թողնում հողային պաշարների վրա: Արդյունահանվում են հիմնականում բազալտ, գիպսատար կավ, քարաղ: Ըստ ուսումնասիրության` 17 հանքավայրերը հիմնականում շահագործվում են Նոր Նորք վարչական շրջանի հարավ-արևելյան, հարավային հատվածներում, Աջափնյակ վարչական շրջանի արևմտյան հատվածում և Էրեբունի վարչական շրջանի հյուսիսային հատվածում: Եվս 1 հանքավայր շահագործվում է Ավան վարչական շրջանում, սակայն քարաղը այստեղ շահագործվում է ստորգետնյա պայմաններում: Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են բնակավայրերին՝ բնակիչների համար առաջացնելով անհարմարություններ (հիմնականում՝ փոշի և աղմուկ):
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (այսուհետ՝ ՇՄԱԳ) գործընթաց է, որը միտված է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության վտանգավորության աստիճանի և ուժգնության բացահայտմանը, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխատեսմանը, կանխարգելմանը, նվազեցմանը կամ բացառմանը, գնահատման հավաստիության ստուգմանը և գործունեության թույլատրելիության որոշմանը։ ՇՄԱԳ գործընթացի պահանջները սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով: Երևանում իրագործվելիք նախագծերի ՇՄԱԳ գործընթացը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանը ՇՄԱԳ-ի գործընթացում ապահովում է համայնքի բնակիչների և շահագրգիռ անձանց ընդգրկումը սկզբնական տեղեկատվություն տրամադրելու և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, մասնակցությունը հանրային լսումներին և քննարկումներին։ Քաղաքապետարանի լիազորություններն են. նշված օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովումը: Հանրային լսումներով Երևանի քաղաքապետարանը ձևավորում է համայնքի դիրքորոշումը, որն արտահայտվում է տնտեսվարողներին ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվող համայնքի նախնական համաձայնության և վերջնական կարծիք ձևավորելով: Հանրային քննարկումների վերաբերյալ բոլոր հայտարարությունները տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Միայն 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է ՇՄԱԳ փորձաքննության շուրջ 120 նախագծերի հանրային լսում:
Աղբի տեսակավորում
Երևանում աղբի տեսակավորման (ապակի, պլաստիկ, թուղթ) համար 204 կետերում համապատասխան գունազատմամբ տեղադրվել են աղբամաններ: «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը Երևանի վարչական շրջաններում տեղադրված տեսակավորման կետերից և տնտեսվարողներից պարբերաբար հավաքել և վերամշակվող ընկերություններին հանձնել է 2021թ՝. 368420կգ, 2022թ.՝ 665220կգ, 2023թ․՝ 638000 կգ, 2024թ.՝ 760000 կգ թափոն, որից 2021թ.՝ 321140կգ, 2022թ.՝ 580000կգ, 2023թ․՝ 580000 կգ, 2024թ.՝ 542000 կգ ստվարաթուղթ, 2021թ.՝ 500 կգ, իսկ 2022թ.՝ 220 կգ սպիտակ թուղթ, 2021թ.՝ 16050կգ, 2022թ.՝ 37000 կգ, 2023թ․՝ 28000կգ, 2024թ.՝ 43000 կգ պլաստիկ, 2021թ.՝ 30730 կգ, 2022թ.՝ 48000 կգ, 2023թ․՝ 30000կգ, 2024թ.՝ 75000 ապակի: ԵՄ դրամաշնորհային ծրագրով ձեռք է բերվել շուրջ 1000 թափոնաման, որոնք 2024թ. տեղադրվել են Երևանում՝ ավելացնելով տեսակավորման թափոնամանների հասցեները և ավելացնելով այլումինի հավաքումը։
Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ հետ համատեղ Երևանում 2021թ.՝ շուրջ 50, 2022թ.՝ 70, 2023թ.՝ 30, 2024թ.՝ 150 դպրոցներում նախապես տեղադրված պլաստիկ և թղթի թափոնների տեսակավորման արկղերում աշակերտները տեսակավորում են աղբը. հավաքվել է շուրջ 38000 կգ թափոն, միաժամանակ դպրոցներում կազմակերպվել են դասընթացներ կանաչ տնտեսության, աղբի տեսակավորման թեմաներով, պատրաստվել են «Կանաչ դեսպանորդներ»:
Կանաչապատման քաղաքականություն
Երևանի անբարենպաստ կլիմայական և բնապահպանական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու, միջավայրին գեղագիտական տեսք հաղորդելու նշանակություն։
Կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողապաշտպան միջոցառումներն իրագործելու նպատակով քաղաքը որդեգրել է հետևյալ գիտահեն քաղաքականությունը.
1. կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակների ընտրություն՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիմայական և բնական պայմաններն ու առանձնահատկությունները, գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ,
2. հողերի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ՝ թփաշերտով մեկուսացում փողոցին հարող տարածքից,
3. կանաչ ցանկապատերի ստեղծում՝ տարբեր հարկաշարքային բուսականության տեղադրությամբ,
4. միամյա մեծաքանակ ծաղիկների մասամբ փոխարինումը բազմամյա և տարեշրջանային հերթագայմամբ ծաղկող թփերով՝ տեղանքային ճարտարապետային մոտեցմամբ,
5. հաշվի առնելով Երևանում ձմռան ամիսներին օդի աղտոտվածության առավել բարձր ցուցանիշները, որոշվել է ավելացնել տնկող բուսատեսակների մեջ մշտադալար տեսակների մասնաբաժինը:
Բուֆերային անտառաշերտերի գոտիներ ստեղծելու հեռանկարային համաքաղաքային նշանակության ծրագրեր
1. Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառային գոտու,
2. Նուբարաշենի խճուղու հարևանությամբ անտառաշերտի ստեղծում:
Ոռոգում
Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում կանաչ գոտիների ոռոգման համար մայրաքաղաքը ջուր է ստանում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից: Ոռոգման ջրի մատակարարումն ապահովում են «Երևան» և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունները: Մայրաքաղաքի ամբողջ ոռոգման համակարգի երկարությունը 430 կմ է, որից 200 կմ-ն է նորմալ վիճակում է, իսկ մնացած մասը մաշված է կամ խցանված, կամ էլ վթարային է: 2019-2020թթ. ժամանակահատվածում ոռոգման ցանցի գույքագրումից և վերլուծությունից հետո 2024թ. Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում անցկացվել, փոխարինվել է շուրջ 29,5 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ։
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Թափառող կենդանիների վնասազերծումը
Երևանը 2018թ. ի վեր ստանձնել է կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորման քաղաքականություն: Այլևս անցյալում են մնացել թափառող կենդանիների ոչնչացման դաժան երևույթները: Որդեգրվել է մի մոտեցում, ըստ որի՝ թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվում է ստերջացմամբ: Այդ կենդանիները բերվում են վնասազերծման կենտրոն, որտեղ դրանք նախ անցնում են անասնաբուժական զննություն և սպասարկում. կատաղության դեմ պատվաստում, արտաքին և ներքին մակաբույծների դեմ մշակում, ստերջացում, որից հետո դրանք բաց են թողնվում այն նույն տարածքում, որտեղից բերվել էին: ՀՀ կառավարության 3.08.2006թ. թիվ 1081-Ն որոշմամբ սահմանված կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն ունեցող կենդանիները քնեցվում են: Այս գործընթացը հնարավորություն է տալիս, նախ՝ զերծ մնալ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքից, երկրորդ՝ պահպանել տվյալ տարածքում կենսաբազմազանություն: Միաժամանակ տվյալ տարածքում նոր կենդանիներ չեն հայտնվում, քանի որ այն համարվում է «արդեն իսկ վերահսկվող»: Իհարկե, նման լուծումը ենթադրում է, որ թափառող կենդանիների թվի նվազման դրական միտումները կզգացվեն միայն միջնաժամկետ կտրվածքում՝ 3-5 տարի հետո: Այդուհանդերձ, թափառող կենդանիները համարվում են վնասազերծված՝ վտանգավոր չեն մարդկանց համար: Այս գործընթացի կազմակերպման և իրականացման համար Երևանի ավագանու 2019թ. փետրվարի 12-ին N63-Ա որոշմամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը («ԹԿՎԿ» ՀՈԱԿ), որի գործառույթներն են՝ թափառող կենդանիների հավաքումը, տեղափոխումը, նախնական զննումը, պատվաստումը, ստերջացումը և համարակալումը: 2023թ. կենտրոնը անվանափոխվեց «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության («ԿԽԿ» ՀՈԱԿ)։ Մայրաքաղաքում թափառող շների խնդրի լուծման փուլային տարբերակով նախատեսվում է առաջիկայում ստեղծել կացարաններ/խնամքի կենտրոններ, որտեղ անհրաժեշտ բոլոր պայմաններով կապահովվեն արդեն ստերջացված և պատվաստված թափառող շները։ 2025 թվականին կկառուցվի շուրջ 300 շան համար առաջին կացարանը։
2024թ. «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ- է տեղափոխվել 5036 շուն, որից 3474-ը ստերջացվել է և «կատաղություն» հիվանդության դեմ պատվաստվել, 135-ը՝ գտել խնամակալ, քնեցվել է 1556-ը (ներառյալ լեյշմանիոզով, ժանտախտով վարակվածները), վերապատվաստվել է 784 շուն: Պայմանագրեր են կնքվել ՀՀ մի շարք համայնքապետարանների և քաղաքապետարանների հետ՝ մատուցելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ, ինչպես նաև սկսվել է համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ, իսկ մի մասի հետ կնքվել են հուշագրեր:
Տնային կենդանիներ պահելը, հաշվառելու և անասնաբուժական սպասարկումը կազմակերպելը
Երևանում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները սահմանված են Երևանի ավագանու 24.10.2011թ. թիվ 312-Ն որոշմամբ: Համաձայն հաստատված կանոնների՝ տնային կենդանի պահելու համար անհրաժեշտ է համայնքից ստանալ թույլտվություն և հաշվառել կենդանուն: Հաշվառումը, ըստ կանոնների՝ նույն օրենքի 9-րդ կետի, պետք է իրականացնեն վարչական շրջանի ղեկավարները: Թեև այդ կանոնները գործել են վերջին 10 տարվա ընթացքում՝ սակայն դրանք զգալի ազդեցություն չեն ունեցել տնային կենդանիներ պահելու հաջողված ավանդույթ ձևավորելու տեսակետից: Երևանի քաղաքապետարանն սկսել է այդ կանոնների վերանայման գործընթաց, որի շնորհիվ նախատեսվում է ներդնել կենդանիների հստակ հաշվառման ժամանակակից համակարգ: Միաժամանակ քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում կառուցվում են շների առանձնացված զբոսայգիներ, ինչի շնորհիվ հանգստավայրերում, այգիներում և պուրակներում կապահովվի մարդկանց անվտանգությունը: Սկսած 2021թ. նոյեմբերից Երևանի 12 վարչական շրջաններում ներդրվել է տնային կենդանիների հաշվառման միասնական համակարգը, որը վերահսկվում և համակարգվում է աշխատակազմի բնապահպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից:
Գյուղատնտեսական կենդանիներ
Բացի թափառող և տնային կենդանիներից՝ Երևանում առկա են նաև գյուղատնտեսական կենդանիներ, որոնք ենթակա են հաշվառման: Երևանի քաղաքապետարանը վարչական շրջանների միջոցով յուրաքանչյուր տարի հաշվառում է գյուղատնտեսական կենդանիներին: Համաձայն 2025թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալների՝ Երևանում առկա է 1307 խոշոր եղջերավոր անասուն, 456 խոզ, 3060 ոչխար, 4 այծ, 9 ձի, 204 ճագար, 2688 թռչուն, և 761 մեղվաընտանիք: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է Երևանի գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը: