Երևանի հնգամյա և միամյա զարգացման ծրագրերի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը՝ հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը՝ որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը: Զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը: Ծրագրերը բովանդակում են Երևանի սոցիալ-տնտեսական և ֆինանսական իրավիճակի վերլուծությունը, Երևանի գերակայությունները, քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրերի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Երևանի քաղաքապետը և ավագանին: Երևանի զարգացման ծրագրերը և դրանց հաշվետվությունները կազմում և ավագանուն է ներկայացնում քաղաքապետը։ Տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի են առնվում Երևանի զարգացման ծրագրերը։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հաստատումը և ընդլայնումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ նպատակ ունենալով վերջինիս միջոցով համապատասխան ոլորտներում ապահովել անհրաժեշտ ներդրումներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը՝ ստեղծելով քաղաքային բարելավված միջավայր:
Քաղաքային ենթակառուցվածքներում ներդրումների ներգրավման և նորարարությունների իրականացման նպատակով քաղաքապետարանը համատեղ ծրագրեր է իրականացնում նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքամայր Երևանի զարգացման գործում:
«Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»
Ծրագրի նպատակն է զարգացնել Երևան քաղաքի ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհային հանգույցը, որը կկապի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները՝ ապահովելով գործող Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել քաղաքային խցանումները, ստեղծել քաղաքային նոր ենթակառուցվածքներ, ինչպես նաև հզորացնել ինստիտուցիոնալ կարողությունները՝ ի նպաստ կանաչ, ներառական և ճկուն քաղաքային միջավայրի զարգացման:
- Բնապահպանական մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություն
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր 1 և ծրագիր 2»
2011 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը», որի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 և 2015 թվականներին համապատասխանաբար կնքվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Ծրագիր 1 (այսուհետ՝ Ծրագիր 1) և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Ծրագիր 2 (այսուհետ՝ Ծրագիր 2) վարկային համաձայնագրերը։ Երկու վարկային համաձայնագրերի շրջանակներում կառուցվել է ավելի քան 23 կմ քաղաքային ճանապարհ՝ Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհը։
Ծրագիր 1-ի շրջանակներում կառուցվել է Արշակունյաց պողոտա – Նոր Շիրակ – Արտաշատի խճուղի ճանապարհահատվածը։
Ծրագիր 2-ի շրջանակներում իրականացվել են Դավթաշեն - Աշտարակ, Բաբաջանյան - Աշտարակ, Արգավանդ - Շիրակ, ինչպես նաև Բաբաջանյան 1կմ ճանապարհահատվածի կառուցման/վերակառուցման աշխատանքները։
- Բնապահպանական մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություն / Ծրագիր 1
- Բնապահպանական մոնիթորինգի կիսամյակային հաշվետվություն / Ծրագիր 2
«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն
Երևանի քաղաքապետարանը Քաղաքացիական հասարակության հետ համատեղ հայտ է ներկայացրել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ղեկավար կոմիտեին՝ նախաձեռնությանն անդամակցելու նպատակով և 2022թ. մայիսի 17-ին դարձել է 2022 թվականի «Տեղային բաց կառավարում» նախաձեռնության անդամ:
Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու նպատակով: Այս համատեքստում կազմվել է Երևանի 2023-2024 թթ. գործողությունների ծրագիրը, որով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ստանձնել իր կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնառություններ:
Նախաձեռնությանն անդամակցելու ճանապարհին տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ, որոնց մասին մանրամասան տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
«ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր
«Եվրոպական միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագիրը բովանդակային և սոցիալական ազդեցության ծավալով առաջինը և միակն է ինչպես Երևանում, այնպես էլ Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության անդամ մյուս քաղաքների շարքում: Ծրագրով 97 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ՖՎ կայաններ, որոնք ապահովում են շենքերի ներշենքային և աստիճանավանդակային հատվածների և բակային տարածքների բարձրորակ լուսավորությունը: Դրա շնորհիվ այդ տարածքներում ակնկալվում է էլեկտրաէներգիայի սպառման նվազում 77%-ով և վերելակների էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարների նվազում մոտ 50%-ով, իսկ տարեկան կտրվածքով ակնկալվում է
• մոտ 933 ՄՎտ. ժամ էլեկտրաէներգիայի արտադրում արևային կայաններով,
• 453 տոննա CO2 գազի արտանետման նվազում,
• իսկ լուսավորության համակարգի փոխարինման շնորհիվ կունենանք 395 ՄՎտ. ժամ էլեկտրաէներգիայի սպառման նվազում:
Ծրագրի սոցիալական բաղադրիչով շուրջ 300 անապահով ընտանիքի տրամադրել է 5-ական լուսադիոդային լամպ: Ծրագրի բյուջեն կազմում է 1 250 000 եվրո, որից դրամաշնորհ՝ 1 000 000 եվրո, քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորում՝ 250 000 եվրո:
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Մանկապարտեզների տանիքների վերակառուցում
2022թ. ապրիլի 14-ին ստորագրվել է հուշագիր, որով նախատեսվում է ՄԱԶԾ-ի հետ hամագործակցությամբ իրականացվող «Շենքերի էներգա¬արդյունավետ արդիականաց¬մանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրով վերակառուցել Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների տանիքները: 6 մանկապարտեզում աշխատանքներն արդեն ավարտվում են: Առաջիկայում նախատեսվում է ըստ հերթականության կազմակերպել մանկապարտեզների բացման արարողությունները:
Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի (ՀԷԿՀ) ներդնում Երևան համայնքում
Երևանի քաղաքապետարանը 2021թ. գործնական հարթություն է տեղափոխել Երևան համայնքում էներգետիկ կառավարման համակարգ (այսուհետ՝ Համակարգ) ներդնելու գործընթացը: 2021թ. փետրվարի 26-ին Երևան համայնքի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր, ըստ որի կողմերը, որպես ընդհանուր նպատակ, ընդունել են Երևան համայնքում Համակարգի կայացման անհրաժեշտությունը:
Երևանի քաղաքապետի 2022թ. ապրիլի 5-ի N 1266-Ա որոշման համաձայն՝ Համակարգի ներդրումը համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Համակարգող խումբ)՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի ղեկավարությամբ, նշանակվել է էներգետիկ կառավարիչ, ձևավորվել են անհրաժեշտ իրավական և աշխատանքային կառուցակարգերը և տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Համակարգող խմբի 1-ին նիստով հաստատվել է Երևան համայնքի ենթակայության շուրջ 320 ընկերությունների/կազմակերպությունների ցանկը, որոնցում մեկնարկել է էներգետիկ կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Ցանկում ներառված են համայնքային 161 մանկապարտեզ, 30 առողջապահական հիմնարկ, 19 գրադարան, 26 երաժշտական և արվեստի դպրոց, 13 մանկապատանեկան և մշակույթային կենտրոն, 10 թանգարան ու թատրոն, 34 մարզադպրոց, Երևանի քաղաքապետարանի 2, 12 վարչական շրջանների վարչական շենք և 14 այլ ՓԲԸ ու ՀՈԱԿ:
Համակարգի ներդրման շնորհիվ նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության օբյեկտների էներգետիկ հոսքերի ցուցանիշների (տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և բնապահպանական) համակարգված և մշտական վերահսկումը ու կառավարումը:
Համակարգի ներդնումն ապահովելու է համայնքի էներգետիկ կառավարման կայունությունը` նվազագույնի հասցնելով գործող համակարգերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ապահովելով նաև զգալի տնտեսական օգուտ՝ համայնքային բյուջեի խելամիտ կառավարման տեսակետից։
Այն նպաստելու է նաև Երևան համայնքում կայուն էներգետիկ ծրագրերի ներդրմանը, հասարակական շենքերում էներգասպառման դիտարկման համակարգի կայացմանը, հավաքված տվյալների պահպանմանը էներգաարդյունավետության միջոցառումների իրագործմամբ ձեռքբերված էներգախնայողության ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատումների գնահատմանը:
«Երևան 2.0. դեպի ավելի ընդգրկուն ու կանաչ վերականգնում» ծրագիր
«Երևան 2.0. դեպի ավելի ընդգրկուն ու կանաչ վերականգնում» ծրագրով Երևան համայնքում իրականացվել է
• «Դոնաթ» նորարարական տնտեսական մոդելի տեղայնացման միջոցառումներ, որը հնարավորություն կընձեռի ստեղծելու Երևանի զարգացման կերպը (անգլ․՝ Yerevan City Portrait)՝ որոշում կայացնողներին տրամադրելով քաղաքի սոցիալական և բնապահպանական մարտահրավերների ընդգրկուն պատկերը և կառաջարկի քաղաքի զարգացման նոր տնտեսական մոդել,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում գտնվող այգում բացօթյա դասարանի կառուցում,
• Համայնքային ծառայողների կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացներ,
• Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում:
Մասնավորապես թվայնացվել են հետևյալ ծառայությունները.
ա) առևտրային թույլտվություններ.
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ մշակվում է առցանց հարթակ։ Տնտեսվարողները հարթակի միջոցով հնարավորություն են ունենալու առցանց դիմելու ծխախոտի, ոգելից խմիչքի վաճառքի և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն ստանալու կամ դրանք երկարաձգելու համար՝ ներկայացնելով պահանջվող տեղեկատվությունը, որի մի մասը սահմանված դեպքերում և կարգով ինքնաշխատ կերպով լրացվելու է համակարգի կողմից,
բ) նոր հասցեների տրամադրում.
իրավաբանական և ֆիզիկական անձինք հարթակի միջոցով հնարավորություն են ունենալու առցանց դիմելու նոր հասցեներ ստանալու համար՝ ներկայացնելով պահանջվող տեղեկատվությունը, որի մի մասը սահմանված դեպքերում և կարգով ինքնաշխատ կերպով լրացվելու է համակարգի կողմից։
«Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ»
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2019թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված NEAR-TS/2019/412-943 դրամաշնորհային պայմանագրով «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով նախատեսվում է, սերտորեն համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ, ուժեղացնել վտանգավոր թափոնների կառավարումը քաղաքային կառավարման մակարդակում քաղաքից քաղաք համագործակցության, քաղաքացիների առավել ակտիվ մասնակցության, ինչպես նաև լավագույն փորձը գործնականի վերածելու միջոցով: Ծրագիրն առավել կենտրոնացված է Երևանում՝ համագործակցելով Վարշավայի և Տիրանայի հետ:
Ծրագրի տևողություն՝ 48 ամիս,
ընդհանուր արժեք՝ 5 326 377,00 եվրո,
ԵՄ ներդրումը՝ 4 793 739 եվրո,
Երևանի քաղաքապետարանի ներդրումը՝ 366 369,60 եվրո,
Վարշավայի քաղաքապետարանինը՝ 106 303,00 եվրո,
Տիրանայի քաղաքապետարանինը՝ 81 465,10 եվրո
Ենթադրամաշնորհներ՝ 8 500,00 եվրո:
Երևանի քաղաքապետարանի երկու վարչական շենքերի (Արգիշտի 1, Բյուզանդի 1/3) տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում
Երևանի քաղաքապետարանի երկու վարչական շենքերի (Արգիշտի 1, Բուզանդի 1/3) տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ:
Արգիշտի 1 հասցեում գտնվող շենքի պարագայում CO2 գազի տարեկան արտանետումները կկրճատվեն 392,4 տոննայով, և տարեկան խնայողությունը կկազմի 30%: Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի պարագայում CO2 արտանետումները տարեկան կնվազեն՝ 384,3 տոննայով և տարեկան խնայողությունը կկազմի 35%:
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր
Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ: ԿՔԳԾ-ի մշակումը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության Պաշտոնական զարգացման աջակցության տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից՝ ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության քաղաքականության» երկխոսության շրջանակի միջոցով։
«Կանաչ քաղաք» գորոծողությունների ծրագիրը մինչև 2030թ. իրականացվելիք «կանաչ» գործողությունների ռազմավարական փաստաթուղթ է՝ կառուցված «տեսլական - ռազմավարական նպատակներ - միջնաժամկետ թիրախներ» առանցքի շուրջ, որոնք հավելվել են նաև կարճաժամկետ գործողություններով (հաջորդ 3-5 տարիների համար)։ Կառուցվածքը քարտեզագրում է լուծումներ և առաջարկներ, որոնց պետք է հետևել հաջորդ 15 տարվա ընթացքում։
Ծրագրի նպատակն է խթանել Երևանի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես հետևանք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր»
Երևան քաղաքի ավագանու 2014թ. սեպտեմբերի 9–ի հ.204-Ա որոշման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, միանալով Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորվել է իր լիազորությունների համաձայն մինչև 2020թ. կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով և նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան: Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը» /ԿԷԶԳԾ/ մշակվել է քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցությամբ՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ հետ համատեղ:
Ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները, որոնց իրագործումը կհանգեցնի էներգետիկ պաշարների սպառման նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետման կրճատմանը և բնական միջավայրի բարելավմանը։ Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի կիրառման համապատասխան միջոցառումներ՝ քաղաքային տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային, ինչպես նաև բնակելի շենքերում, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում:
Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:
Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի աշխատանքներ
Երևան քաղաքի ավագանու 10.09.2013թ. հ.46-Ն որոշմամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանում պարբերաբար կազմակերպվում են հանրային քննարկումներ, բաց լսումներ՝ համայնքի բյուջեի, զարգացման ծրագրերի, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի քննարկման վերաբերյալ:
2022թ. հանրային քննարկումներ կազմակերպվել են երկու անգամ՝
փետրվարի 10-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ. քննարկվել է «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը:
նոյեմբերի 16-ից մինչև 30-ը ներառյալ. քննարկվել է «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» «Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» և «2023 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը:
2023թ. ընթացքում կազմակերպված հանրային քննարկումներ:
Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ ս.թ. փետրվարի 9-ից մինչև 24-ը ներառյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ:
Երևանի զարգացման միամյա և հնգամյա ծրագրերը, ինչպես նաև ծրագրերի կատարման հաշվետվությունները՝ հետևյալ հղումով:
«Երևանի 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ անցկացվել է հանրային բաց լսում: