Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավարևմտյան մասում` Հրազդան գետի ձախ, այժմ` Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետներն զբաղվել են 1936 թվականից (1): Նույն թվականին հնագետ Ե. Բայբուրդյանի ղեկավարությամբ սկսվել են բնակավայրի հնագիտական պեղումները: Հնավայրը զբաղեցրել է մոտ 6 հա տարածք, որից այժմ պահպանվել է 1,5-2 հա: Աշխատանքները շարունակվում են մինչև 1938 թ., իսկ այնուհետև հուշարձանը մոտ 20 տարի մոռացության է մատնվում: 1958թ. հնագետ Ս. Սարդարյանի ջանքերով վերսկսվում են պեղումները, որոնք ընդհատումներով տևում են մինչև 1983թ.: Նոր պեղումները վերսկսվում են 2000թ., հնագետ Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ: Այս պեղումների շնորհիվ էլ ավելի ամբողջական են դառնում պատկերացումները հնագույն Շենգավիթի մասին: Մշակութային շերտերը կամ շինարարական հորիզոններն առաջացել են ավելի քան 2 հազար տարվա ընթացքում և ունեն մոտ 4 մետր հզորություն: Հուշարձանը թվագրվում է 4-2-րդ հազարամյակի սկիզբ ժամանակաշրջանով: Հուշարձանը թվագրվում է նաև մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակի կես ժամանակաշրջանով (2):
1. Նպատակ չի դրվել մանրամասն անդրադառնալու հնագույն Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Այդ մասին գրել են այն պեղող հնագետներ Ե. Բայբուրդյանը, Ս. Սարդարյանը և Հ. Սիմոնյանը: Անդրադառնալով այսօրվա Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթին` փորձ է արվում նշել այն պատճառները, որոնց հետևանքով անընդհատ շեշտվում է ոչ թե 6000-ամյա, այլ 3000-ամյա Երևանի մասին:
2. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները, 2002, էջ 23: Հայաստանի հնագույն մշակույթը, 2 /Է. Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր/:
Վաղ բրոնզի դարի մշակույթին /Կուր-արաքսյան կամ Շենգավիթյան/ բնորոշ էր նստակյաց տնտեսաձևը` զարգացած երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստագործությամբ, մասնավորապես` բարձր մակարդակի հասած խեցեգործությամբ ու մետաղամշակությամբ: Անդրադառնանաք Շենգավիթ բնակատեղիի մշակութային շերտերին:
Շենգավիթ-1 /ստորին, վաղ բրոնզ/ շերտից հայտնաբերված խեցեղենը` թասերի, գավաթների, գավերի և այլ ամանների բեկորները պատրաստված են կավից` հարդի խառնուրդով, մակերեսի սպիտակ-դեղնավուն անգոբով (3), որը զարդանախշված է եղևնաձև նախշերով: Խեցեղենը հաճախ ելուստավոր շուրթով է: Շենգավիթի վաղ շերտում հայտնաբերվել են կնոջ պաշտամունքը խորհրդանշող կավից ու քարից պատրաստված կանացի արձանիկներ:
Շենգավիթ-2 շերտից հայտնաբերված խեցեղենը ավելի կատարելագործված ու գեղեցիկ է: Այն ներսից գորշ կամ կարմիր է, արտաքին մակերեսը` սև, դեղնա-շագանակագույն, փայլեցված /հաճախ մետաղափայլի աստիճան/, զարդանախշված փորագիր երկրաչափական նախշերով: Խեցեղենը հիմնականում կիսակլոր /կիսագնդաձև/ կանթերով է, զարդանախշված ուռուցիկ ու ներճկված նախշերով` պարույրներով, զիգզագներով, շրջաններով, ինչպես նաև թռչունների, այծերի, ձիու, եղջերուի ու այլ պատկերներով: Ի դեպ մասնագետները 1930-ական թվականների վերջերին հետաքրքիր փորձ են կատարել շենգավիթյան խեցու գույները բացահայտելու նպատակով: Լաբորատոր պայմաններում սև, փայլեցված խեցին տաքացրել են մինչև 500˚С և նա դարձել է դեղնաշագանակագույն: Իսկ երբ այն ներծծվել է ձեթով ու տաքացվել /թրծվել/ ավելի մեղմ կրակով, նորից իր նախկին՝ սև, փայլուն գույնն է ստացել (4): Այս փորձը վկայում է, որ խեցանոթների գույնը կապված էր թրծելու ժամանակից ու ջերմաստիճանից: Թրծելուց հետո այն ձեռքով նկարազարդվել է, ընդ որում՝ հիմնականում մի կողմից:
3. Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967, էջ 171:
4. Е.Байбуртян, Последовательность древнейших культур Армении на основании археологического материала, Ереван, 2011, с. 51.
Շենգավիթի մշակութային հաջորդ երկու շերտերում դարձյալ հանդիպում է նմանատիպ խեցի: Հայտնաբերվել են նաև կենդանակերպ /ցուլ/ գլուխներով օջախի պայտաձև պատվանդաններ, քարե գործիքներ և այլն: Կարևոր էր հատկապես մետաղե /պղինձ, բրոնզ/ իրերի ու զարդերի հայտնաբերումը: Այս շերտի պեղումների ժամանակ բացահայտվել է, որ Շենգավիթի հնագույն բնակիչները ապրել են 6-8 մետր տրամագիծ ունեցող կլոր կացարաններում և դրանց կից ուղղանկյուն շենքերում (5): Բացահայտվել է նաև, որ տները կառուցվել են նախորդ մշակութային շերտի տների մնացորդների հիմքերի վրա6:
5. Ս. Սարդարյան, էջ 171:
6. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 23:
Տների պատերը ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը: Կլոր տների կենտրոնական մասում դրվել են կլոր, զարդանախշված, երեք ելուստներով պաշտամունքային կավե օջախներ: Oջախին մոտ դրվել է մեծ, հարթ մակերեսով քարե պատվանդան /խարիսխ/, որը պահել է ծածկը պահող կենտրոնական սյունը: Ծածկը եղել է կոնաձև և պատրաստվել է ձողերից ու եղեգից, նման հայկական հազարաշեն կոչվող ծածկին: Քառանկյուն շինություններն ունեցել են հարթ ծածկ, որը սվաղել են կավե շաղախով:
Շենգավիթ բնակատեղին
Կացարանների հատակը սալահատակվել է գետաքարերվ կամ մանր խիճով, որն այնուհետև սվաղել են կավե հարդախառն շաղախով: 2003թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակ:
Շենգավիթն ունեցել է պարիսպ /աշտարակներով/, որի շարվածքը կիկլոպյան է, կառուցված բազալտե անմշակ ու հսկա քարերից, առանց շաղախի: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի: Շենգավիթի 3-րդ և 4-րդ մշակութային շերտերի ժամանակ բնակիչներն առաջվա նման ապրում են քարե հիմքով հում աղյուսե շարվածքով կացարաններում և դրանց կից քառանկյուն տներում: Գործիքների մեծ մասը դեռևս քարից է, որոնք կայծքարից և վանակատից /օբսիդիան/ պատրաստված երկարավուն բարակ շեղբերից դանակներ, քերիչներ, նետերի ծայրեր ու մանգաղի ներդիրներ են, հղկված քարե մուրճեր, կացիններ, հավանգներ, սանդեր, աղորիքներ ու բրիչներ: Ոսկրե իրերից հայտնաբերվել են իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն: Հայտնաբերվել են նաև ուլունքներ, գնդաձև քարե գուրզեր և այլն: Քարե ու ոսկրե գործիքների հետ հանդիպում են պղնձե իրեր, որոնց թիվը վերին շերտում մեծանում է: Իրենց գեղեցկությամբ դարձյալ աչքի են ընկնում խեցանոթները: Դրանց վրա փորագրված են նուրբ գծային երկրաչափական պատկերներ: Հատկապես հարուստ է Շենգավիթի վերին` 4-րդ շերտի մշակույթը, որի ժամանակ բացառիկ վարպետության է հասնում խեցեգործությունը: Այդ են վկայում հայտնաբերված մանր ու խոշոր ամանները, սափորները, կարասները, կճուճները, գավաթները, քրեղանները, թասերը, սկահակները, ծորակով ամանները և այլն: Շենգավթից, նաև Հայկական լեռնաշխարհի հողագործական այլ բնակավայրերից /Սև-բլուր, Շրեշ-բլուր, Մոխրաբլուր, Էլար, Արագած/ հայտնաբերված այս մշակույթը ստացել է երկրաչափական նախշերով, սև փայլեցված խեղեղենի մշակույթ անվանումը, որը Շենգավիթ բնակավայրի անունով կոչվում է շենգավիթյան մշակույթ /անվանումը տվել է Ե. Բայբուրդյանը/:
Շենգավիթում, պարսպից դուրս հայտնաբերվել է դամբարանադաշտ: Պեղված յուրաքանչյուր դամբարանում թաղված են տասնյակ մարդիկ: Ենթադրվում է, որ դրանք ընտանիքների տոհմական դամբարաններ են: Դամբարաններում հանգուցյալների հետ դրվել են սև փայլեցված կավե ամաններ, կճուճներ, գավաթներ, սարդիոնից ու հասպիսից /յաշմա/ ուլունքներ, կայծքարից և օբսիդիանից նետասլաքներ, քարե գուրզեր, պղնձե ապարանջաններ, գնդասեղներ, քունքազարդ, ականջօղ և այլն:
Պարսպից դուրս առաջացած դամբարանադաշտի գոյությունը բացատրվում է հետևյալ կերպ: Առաջ է քաշվում այն տեսակետը, որ Շենգավիթ քաղաքատեղին ավելի մեծ տարածք է զբաղեցրել, քան ենթադրվում է: Ավելի ուշ, ինչ-ինչ պատճառներով, քաղաքատեղին պարփակվել է պարսպապատ տարածքում, իսկ լքված թաղամասը վեր է ածվել դամբարանադաշտի: Ենթադրվում է նաև, որ լքված արվարձանը բնակեցված է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին քառորդում: Լքվելուց հետո՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում այդ տարածքում ձևավորվել է դամբարանադաշտը (7):
7. Հ. Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը: Հին Հայաստանի մշակույթը, XIV, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, նվիրված Բ. Պիոտրովսկու և Հ. Ջանփոլադյանի հիշատակին /:
Պարիսպներից դուրս հայտնաբերված դամբարանների աճյունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դամբարանների <<տերերը պատկանում են կլոր, կարճագանգ, /բրախիցեֆալ/ մարդաբանական տիպին>> (8): Հայտնաբերված գանգերից մեկը վերականգնել է պրոֆ. Ա. Ճաղարյանը: Այն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհում տարածված արմենոիդ մարդաբանական տիպին: Շենգավիթի ու շենգավիթյան մշակույթը կրող բնակիչների մասին Ե. Բայբուրդյանը գրում է. <<... նրանց համար պետք չէ նախահայրենիք փնտրել: Տեսնում ենք, որ շենգավիթյան մշակույթը ամբողջովին կապված է Հայաստանի տարածքի հետ, որ հաջորդ մշակութային ժամանակաշրջաններում պարզապես շենգավիթյան մշակույթի զարգացում է տեղի ունեցել: Շենգավիթ բնակավայրի բնակիչները ամենայն հավանականությամբ տեղի բնիկներն են>>: Այնուհետև նա շարունակում է. <<Ինձ թվում է, որ ոչ ոք չի կարող հերքել իմ հիմնական եզրակացությունը, որ Շենգավիթյան մշակույթը նախորդել է գծանախշ խեցու մշակույթին, որ այս մշակույթը նախնադարյան հասարակության մշակույթ է, որի բնակիչները Հայաստանի հնագույն բնակիչներն էին>> /9/:
Շենգավիթի բնակիչները զբաղվել են երկրագործությամբ /բրիչային/: Այդ են վկայում հայտնաբերված գարու, ցորենի, կորեկի հատիկները, հացահատիկի հորերը, ինչպես նաև քարե բրիչները, աղորիքները, սանդերը, վարսանդները, մանգաղի կայծքարե ներդիրներն ու պղնձե մանգաղները: 2000 թ. կատարված պեղումների ժամանակ Շենգավիթում հայտնաբերված հացահատիկի հորերը ունեցել են ավելի քան 4 մետր խորություն և կարող էին ամբարել մինչև 2-4 տոննա հացահատիկ, որը մեծ քանակ էր այդ ժամանակների համար:
8. Ս. Սարդարյան, էջ 250:
9. Е. Байбуртян, с. 60.
Շենգավիթի բնակիչները զբաղվել են անասնապահությամբ: Ցուլի, ոչխարի, այծի, ընտանի խոզի, ձիու, էշի և շան հայտնաբերված ոսկորները վկայում են զարգացած անասնապահության մասին: Հայտնաբերվել են նաև ձիու երկու արձանիկի գլուխ, խեցանոթի վրա նկարված ձիու պատկեր և այլն:
Շենգավիթը արհեստագործության կենտրոն էր: Շենգավիթի բնակիչները զբաղվել են քարի մշակմամբ: Ծանոթ են եղել մանածագործությանը: Այդ են վկայում հայտնաբերված ոսկրե ասեղները և հյուսված ճոպանները: Իսկ որոշ ոսկրե գործիքներ վկայում են, որ դրանք կարող էին օգտագործվել կաշվե գոտիներ հյուսելու համար (10): 2000թ. պեղումների ժամանակ հնավայրի ստորին հորիզոնում պղնձագործական ամբողջ թաղամաս է հայտնաբերվել, ուր առկա են պղնձաձուլարան, հալոցներ և հանքաքարը մշակելու գործիքների հավաքածու: Պղնձի արտադրության մեծ ծավալների /նաև արտահանման/ մասին է վկայում Շենգավիթի ստորին շերտի միայն մեկ արհեստանոցից հայտնաբերված հալոց-կավանոթների պարունակած մետաղի քանակությունը, որն ավելի քան 300 կգ ձուլածո պղինձ է Հետազոտությունները ցույց են տվել, որ պղինձը բերվել է Ալավերդու հանքերից (11):
10. Е. Байбуртян, с. 58.
11. Հ. Սիմոնյան, Ա. Գնունի, Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում /ըստ հնագիտական աղբյուրների/, էջ 63: Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24:
Շենգավիթի մշակութային ստորին շերտերում սոցիալական շերտավորման հետքեր չեն նկատվում: Դամբարաններում ուղեկցող նյութը բոլորի համար միատեսակ է: Նոր պեղումների ժամանակ նկատելի են դառնում հասարակության շերտավորման որոշ տարրեր, մասնավորապես վերին մշակութային շերտերում: 2003 թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ կացարանները կառուցվել են տարբեր շինանյութերով: Առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակներ: Ուշադրության արժանի է այն փաստը, որ հավանաբար սեյսմիկ նպատակով սենյակների պատերը հատուկ ձևով են կառուցվել: Դրանց ամրություն տալու նպատակով հեղուկ կավալուծույթի մեջ թաթախված խսիրը շերտ առ շերտ փռել են շարվող քարերի վրա (12): Այսպիսի բարդ ու միջոցներ պահանջող շինարարություն ոչ բոլորը կարող էին թույլ տալ իրենց: Ունևոր խավի տներին կից հայտնաբերվել են նաև տնտեսական շինություններ և ցորենի հորեր: 2003թ. պեղումների ժամանակ հորերից մեկում հայտնաբերվել է հղկված մակերեսով գծազարդ խորհրդանշաններով կանաչավուն գետաքարից պատրաստված կնիք13: Հայտնի է, որ կնիքով կնքել են հացահատիկի հորերը: Պետք է կարծել, որ անձնական կնիքով կնքվել է որևէ մեկի սեփական հացահատիկի հորը: Հորը կարող էր նաև հանրային լինել, իսկ կնքողը` իշխանություն ունեցող մեկը, սակայն փաստն այն է, որ որևէ մեկի իշխանությունը խորհրդանշող իր կար արդեն: Իշխանության և ունևորության մասին են վկայում նաև հայտնաբերված կիսաթանկարժեք քարերից պատրաստված տասնյակից ավելի գուրզերը, լավ հղկված օնիքսե գավազանը և այլն: Շենգավիթում հայտնաբերվել են նաև հյուղակներ և տարբեր շինանյութերից մի կերպ կառուցված կացարաններ: Այս ամենը խոսում է Շենգավիթում առկա հասարակական ու տնտեսական շերտավորման մասին:
12. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24:
13. Հ. Սիմոնյան, Լ. Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները: Հին Հայաստանի մշակույթը, XIII, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի/, էջ 57:
Վաղ բրոնզեդարյան մի շարք բնակավայրերում պեղումների ժամանակ բացահայտորեն որոշ շինություններ տարանջատվում են կացարանների ընդհանուր զանգվածից: Զգացվում է, որ դրանք սրբատեղիներ ու ծիսական կառույցներ են եղել, քանի որ հայտնաբերվել են նաև զոհասեղաններ /Մոխրաբլուրի 3-րդ շերտը/, սրբազան մոխիրը պահելու հորեր, շարժական ծիսական օջախներ և այլն:
Ինչպես նկատում ենք, Շենգավիթյան մշակույթը կրում է վաղ քաղաքակրթություններին բնորոշ մի շարք հատկանիշներ. երկրագործություն, անասնապահություն, խեցեգործություն, մետաղամշակություն: Վաղ քաղաքակրթությանը բնորոշ էր նաև բնակավայրերի /վաղ քաղաքների/ յուրատեսակ դասավորվածությունը, երբ կենտրոնական բնակավայրի /քաղաքի/ շուրջը ձևավորվում էին այլ բնակավայրեր: Այսպես. Շենգավիթի շուրջը ձևավորվել են Մուխաննաթ-թափա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր/, Թաիրովի, Խորումբուլաղի հուշարձան-արբանյակները14:
14. Է. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք.ա III հազարամյակում, Երևան, 1967:
Հնագույն առաջավորասիական այլ վաղ քաղաքների նման իբրև կենտրոնական ամրոց-քաղաք, Շենգավիթի շուրջը ևս առաջանում են այլ բնակավայրեր: Հետագայում, երբ Շենգավիթ բնակավայրն արդեն չկար, նրա շուրջը, հատկապես մոտակա բլուրների վրա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր, Ծիծեռնակաբերդ, Արին- բերդ բլուր, Կարմիր բլուր/ հիմնվում են նոր բնակավայրեր:
Ընդհանրացնելով նյութը` նկատում ենք. Շենգավիթն ունի վաղ քաղաքներին բնորոշ հատկանիշներ. պարսպապատ է, կատարվել են ծիսական արարողություններ, նկատվում են սոցիալական շերտավորման և մասնավոր սեփականության առաջացման տարրեր, բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով, որը ենթադրում է նաև առևտուր:
Շենգավիթ բնակավայրը գոյություն է ունեցել ավելի քան երկու հազար տարի: Այնուհետև անհայտ պատճառով բնակիչները լքել են բնակավայրը: Սակայն կյանքն այսօրվա Երևանի տարածքում շարունակվել է: Այդ են վկայում Երևանի զանազան թաղամասերում գտնվող հնագույն բնակավայրերից ու դամբարաններից հայտնաբերված հնագիտական իրերը: Շենգավիթյան մշակույթը ևս անհետ չի կորել: Այն երևան է գալիս այսօրվա Երևանի այլ մասերում` Ավան, Քանաքեռ, Զեյթուն թաղամասերում, Ծիծեռնակաբերդում /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբ - մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/, Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուրում, Կարմիր բերդում, Կարմիր բլուրում /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/ և այլն: Մասնավորապես շենգավիթյան տիպի խեցի երևան է գալիս Հրազդան գետի աջ ափին գտնվող Կարմիր բերդի /Ֆիզիկայի ինստիտուտի մոտ/ դամբարանադաշտից հայտնաբերված /մ.թ.ա. 2-րդ հազ. վերջ/ սև ու գունազարդ խեցանոթների նմուշներում: Իսկ Կարմիր բլուրի նախաուրարտական բնակատեղին, որ գտնվում է Թեյշեբաինի քաղաքի ուրարտական մշակութային շերտի տակ, թվագրվում է մ.թ.ա. 13-8-րդ դարերով: Ստորին այդ շերտի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Շենգավիթի կացարանների նման տներ, մեծ քանակությամբ ուշ բրոնզեդարյան սև փայլեցված խեցեղեն, քարե և մետաղե առարկաներ, կավե կուռքեր, օջախներ (15) և այլն:
15. Ս. Եսայան, Կարմիր բլուր, Ե., 1982, էջ 57-66:
Այսպիսով Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթ բնակավայրն իր վաղ բրոնզեդարյան մշակույթով նույնանում է հին աշխարհի հայտնի քաղաքներ Նինվեի, Ուրի, Քիշի, Շոշի /Սուզա/, Տրոյայի, Կրետեի և Միքենեի ստորին շերտերի պեղված բնակավայրերի հետ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակով: Ընդունված է, որ թվարկված վերոհիշյալ յուրաքանչյուր բնակավայր մոտավորապես 4-6 հազար տարեկան է: Իսկ առաջավորասիական հնագույն գրավոր աղբյուրներում /շումերական, աքադական, խուրիական, խեթական,ա սուրական/ վերոհիշյալ բնակավայրերի հիշատակումներըը վերաբերում են մոտավորապես մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին: Ինչպես նկատում ենք այդ քաղաքների տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել ոչ թե նրանց գրավոր հիշատակումը հնագույն գրավոր աղբյուրներում, այլ պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութը: Մինչդեռ Երևանի տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել Երևան /Էրեբունի/ անվան առաջին գրավոր հիշատակումը սեպագիր արձանագրության մեջ: Մ.թ.ա. 782թ., հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի 1-նը այսօրվա Երևանի տարածքում գտնվող Արին-բերդ բլուրի վրա հիմնել է Էրեբունի անունով բերդաքաղաք և վավերացրել սեպագիր արձանագրությամբ: Երևանի տարիքը հաշվարկվում է հենց այդ` մ.թ.ա. 782 թ.: Ստացվում է, որ Նինվեն, Ուրը, Շոշը և մյուս քաղաքները 4-6 հազար տարեկան են, իսկ Երևանը, որի տարածքում գտնվող Շենգավիթն ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի, ընդհամենը 2793 տարեկան: Թե իչպես են կոչվել այսօրվա Երևանի տարածքում գտնվող մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակով թվագրվող բնակավայրերը` այսօրվա Շենգավիթը, Ավանը, Զեյթունը /Կիրզա/, Ծիծեռնակաբերդը և մյուսները, հայտնի չէ: Երևանի տարածքում գտնվող առաջին բնակավայրը, ինչպես վերևում նշվեց, Էրեբունին է, որի հիմնադրման ու անվանակոչության մասին Արգիշտի 1-նը թողել է արձանագրություն: Եվ եթե Շենգավիթի հասակակից վերոհիշյալ հնագույն քաղաքները ունցել են անուններ, ուրեմն Շենգավիթը ևս պետք է անուն ունենար, հաշվի առնելով հայտնի բնակավայր /քաղաք/ լինելու հանգամանքը:
Հայտնի է, որ Երևանի 2750-ամյակը տոնվել է 1967թ., խորհրդային իշխանության տարիներին, երբ ազգային ինքնության յուրաքանչյուր դրսևորում կասեցվում էր խորհրդային իշխանության կողմից: Այս պայմաններում թույլատրվում է մեծ շուքով տոնել Երևանի ծննդյան օրը: Առաջին հայացքից դա ուրախացնող երևույթ էր, սակայն խորհրդային պետության մեջ հենց այնպես ոչինչ չէր արվում: Համահարթեցվում ու հավասարեցվում էին այնտեղ ապրող ժողովուրդների մշակույթները, պատմությունները և այլն: Վերահսկողությունը հատկապես մեծ էր հայոց պատմության ու հայոց լեզվի հանդեպ: Բավական է հիշել, որ խորհրդային պատմագրությունը վրացիներին, ադրբեջանցիներին ու հայերին /այս հերթականությամբ/ ուրարտական մշակույթի ժառանգորդներ էր համարում, հայոց պատմությունը սկսվում էր մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից և այլն: Շենգավիթ բնակավայրի թվագրման հարցը ևս քննարկման թեմա է դարձել դեռևս 1930-ական թվականներին: Այսպես. ժամանակի անվանի գիտնականներ Ե. Բայբուրդյանը, Ե. Լալայանը և Խ. Սամվելյանը շենգավիթյան մշակույթը թվագրում են նոր քարի դարով /նեոլիթ/: Սակայն ավելի երիտասարդ սերնդի հնագետները փորձում են շենգավիթյան մշակույթը թվագրել մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսով: Երիտասարդ սերնդի այդ հնագետները նաև այն գիտնականներն էին, որոնք հայերին ու հայկական մշակույթը Հայաստանի տարածքում տեսնում էին մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից՝ Բեհիսթունյան արձանագրության մեջ Հայաստան անվան հիշատակումից հետո: Շենգավիթյան մշակույթը, հատկապես խեցեղենը ուշադրության են արժանանում նաև մոսկովյան հնագետների կողմից, որոնք սակայն ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել հայտնաբերված խեցին մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջ - 2-րդ հազարամյակի սկիզբ թվագրման հետ և գտնում են, որ ավելի ընդունելի տարբերակը մ.թ.ա. 2-րդ հազարամյակն է (16):
16. Е. Байбуртян, с. 60.
Համահարթեցման, տեղական մշակույթններն ու ազգայինը մերժելու պայմաններում, խորհրդային իշխանությունը չէր կարող թույլ տալ, որ հայոց մայրաքաղաքը հինգ կամ վեց հազար տարվա պատմություն ունենա: Իսկ 2750-ամյա Երևանի գոյությունը վավերացված էր Արգիշտի 1-նի սեպագիր արձանագրությամբ, որը հնարավոր չէր ժխտել և կազմակերպվում է քաղաքի հիմնադրման տոնակատարությունը: Ավելին չէր կարելի և ամեն ինչ արվում է, որ հայերը բավարարվեն դրանով: Հրապարակ է նետվում այն թեզը, որ Երևանի տարածքում գտնվող 6000-ամյա բնակավայրը Էրեբունի անունը կրող բնակավայրը չէ: Նաև ծայրահեղ հարցադրում է արվում, ինչո՞ւ չի ասվում, որ Երևանն ավելի քան 100.000 տարեկան է, չէ՞ որ Հրազդան գետի ափին` Երևանյան լճի մոտ գտնվող Երևանյան քարայրից հայտնաբերված հնագիտական նյութn ավելի քան 100.000 տարեկան է: Ինչպես նկատում ենք, անգամ այս հարցադրումից պարզ է դառնում, որ Երևանը բնակեցված է եղել տասնյակ հազարավոր տարիներ առաջ և շարունակում է բնակեցված լինել: Իսկ ընդունված է, որ ժամանակակից մարդու կողմից ստեղծված քաղաքակրթությունը մոտ 12-14 հազար տարվա պատմություն ունի: Կարող ենք նաև ասել, որ այսօրվա Երևանը, /նրա տարածքը/ ոչ միայն բնակեցված է եղել հազարավոր տարիներ շարունակ, այլև վաղ բրոնզի դարում նրա թաղամասերից մեկը՝ Շենգավիթը Հայկական լեռնաշխարհի հայտնի բնակավայրերից մեկն էր: Եվ եթե այսօր հայտնի չէ Երևանի տարածքում` Շենգավիթ թաղամասում գտնվող այդ բնակավայրի հնագույն անունը, դա չի նշանակում, որ չպետք է հիշենք այդ մասին ու չկապենք այն Երևանի հետ: Չէ՞ որ այսօրվա Երևանը իր կազմում ընդգրկված թաղամասերի ամբողջություն է /Շենգավիթ, Ավան, Զեյթուն, Աջափնյակ, Կայարանամերձ հրապարակ, Ծիծեռնակաբերդ…/, որոնցից յուրաքանչյուրի տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի հետքեր ու մշակութային արժեքներ: Յուրաքանչյուր թաղամաս Երևանի բաղկացուցիչ մասն է, յուրաքանչյուր թաղամասի պատմություն` Երևան քաղաքի պատմության մի մասը: Իսկ բոլոր թաղամասերի պատմությունը` Երևանի ամբողջական պատմությունը:
Այսպիսով, հաշվի առնելով Երևան քաղաքի հնագույն թաղամասերից մեկի` Շենգավիթի պատմությունը, կարող ենք ասել, որ հայոց մայրաքաղաք Երևանը ավելի քան 6000 տարեկան է և աշխարհի այն քաղաքներից է, որը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել ու շարունակում է բնակեցված լինել:
Անժելա Տերյան, պատմաբան
Երևան-3 /2011թ./ գիտաժողովի նյութերից
Գրականության ցանկ
1. Е. Байбуртян, Последовательность древнейших культур Армении на основании археологического материала, Ереван, 2011, Музей истории Армении /редактор. доктор исторических наук Р. С. Бадалян/
2. Է. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք.ա III հազարամյակում, Երևան, 1967
3. Ս. Սարդարյան, Նախնադարյան Հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967
4. Հայ ժողովրդի պատմություն, Երևան, հ.1, 1971
5. Հ. Մարտիրոսյան, Հայաստանը քարի դարից Ուրարտու, Երևան, 1971
6. Ս. Եսայան, Կարմիր բլուր, Երևան, 1982,
7. Ս. Եսայան, Հայաստանի հնագիտություն, Երևան, 1992
8. Յուլի Թամանյան, Շենգավիթ, Երևան, 1987 /բրոշյուր/
9. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և առուցապատման սկզբունքները: Հայաստանի հնագույն մշակույթը, 2 /Է. Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր/, Երևան, 2002
10. Հ. Սիմոնյան, Ա. Գնունի, Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում /ըստ հնագիտական աղբյուրների/: Հայկական լեռնաշխարհը hայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, Հայագիտական գիտաժողով, Երևան, 2003թ.:
11. Հ. Սիմոնյան, Լ. Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները: Հին Հայաստանի մշակույթը, XIII, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի/:
12. Հ. Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը: Հին Հայաստանի մշակույթը, XIV, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, նվիրված Բ. Պիոտրովսկու և Հ. Ջանփոլադյանի հիշատակին/: