Էներգետիկայի մասին ասում են, որ այն տնտեսության զարկերակն է՝ շարժիչ ուժը:
Այս խորագրի ներքո համառոտակի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր մայրաքաղաքում էլեկտրակայաններ հիմնելու նախադրյալները, էներգետիկայի զարգացման ընթացքը, փողոցների լուսավորությունն ապահովելու խնդիրներն ու դրանք լուծելու եղանակները, ինչպես նաև նշվում են այն ընկերությունները, որոնք նախաձեռնել են այդ ամենը:
«Հին» Երևանն էլ է ունեցել էլեկտրակայաններ (օրինակ, 1907թ. շահագործվել են «Ամպեր» և «Շուստով և որդիներ» ընկերություններին պատկանող հիդրոէլեկտրակայանները), որոնք համահունչ են եղել ժամանակի ոգուն և նպաստել միջնադարից ժառանգած արտադրական հարաբերություններն արագորեն վերափոխելուն:
Առանձին ենթաբաժին է հատկացվում նաև ջրաղացներին, քանի որ դրանք Երևանի բնակչության համար ժամանակին ունեցել են կենսական նշանակություն:
Բաժնի հեղինակն է Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,
ՌԴ բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Ստեփան Պապիկյանը
«Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայան
Երևանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1907 թվականին։ Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական 2 հիդրոտուրբիններ, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն, 230 Վ լարում, 600 պտ.րոպ պտուտաթևերով, «Վոլտա» գործարանի եռաֆազ հոսանքի գեներատոր, իսկ մյուսը՝ 25 կՎտ հզորությամբ, 230 Վ լարման հաստատուն հոսանքի երկու գեներատոր։
Մի քանի տարի հետո մեքենայական սրահից դուրս տեղադրվել է ևս մեկ հիդրոտուրբին, որն ուներ մեկ աշխատանքային անիվ։ Այն ժապավենային փոխանցումով միացվել է հիմնական տուրբինի գեներատորին։ Այս հիդրոտուրբինը, փաստորեն, համարվել է, այսպես ասած, պաշարային և օգտագործվել միայն վթարի դեպքում, քանի որ հնարավոր չի եղել ապահովել դրա աշխատանքին անհրաժեշտ ջրի ծավալ։
Կայանի ջրմատակարարման համար օգտագործվել է գոյություն ունեցող բաց ջրանցքը, որը կառուցվել է ջրաղացի համար։ Ջրի կորուստը փոքրացնելու նպատակով 1500 մետր երկարությամբ ջրանցքը վերանորոգվել է։ Հրազդան գետից ջրի առումը իրականացվել է հասարակ ամբարտակի (պատնեշի) միջոցով։
Կայանի օգտակար էջքը 13 մետր էր։ Այն նախատեսվել է Երևանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ Արտադրված էլեկտրաէներգիան կայանում տեղադրված 200 կՎԱ հզորության և 230/6000Վ լարման բարձրացնող տրանսֆորմատորներով օդային գծերով հաղորդվել է քաղաքին, որտեղ վերափոխվել է 230 Վ լարման։ 230 Վ լարման հաստատուն հոսանքը տրվում էր քաղաքին հիմնականում փողոցային լուսավորության համար, ինչպես նաև կայանի մոտ գտնվող սպառողներին։
Կայանի արդյունաբերական բեռնվածությունը կազմում էր հինգ էլեկտրաշարժիչ, յուրաքանչյուրը 7.5 կՎտ հզորությամբ, որոնք նախատեսված էին սեզոնային աշխատող բամբակ մշակող հաստոցների, 5 կՎտ հզորությամբ մեկ էլեկտրաշարժիչ մեխանիկական վերանորոգման արտադրամասի և 4 էլեկտրաշարժիչ 8 կՎտ գումարային հզորությամբ պահածոների գործարանների և մի շարք այլ փոքր արհեստանոցների համար։
«Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանի ընդհանուր տեսքը
Արդյունաբերական սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում էր երեկոյան պիկ ժամերից հետո։
Տարեկան արտադրված 375 հազար կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի մոտ 20 տոկոսը օգտագործվում էր արդյունաբերության, մնացածը՝ կոմունալկենցաղային նպատակների համար։ Երևանի փողոցների ամբողջ լուսավորությունը սահմանափակված էր 24 լապտերով և 50 վատանոց 150 լամպով։
1926թ. ԵրՀԷԿի շահագործումից հետո «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կազմաքանդվել է ։
20րդ դարի սկզբից տարբեր ընկերությունների կողմից առաջարկներ են ստացվում Երևանի լուսավորության համար Հրազդանի կամ Գետառի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Այս գործում արդյունքի է հասնում «Ամպեր» ընկերությունը, որի կառավարիչը Գ.Կիրակոսյանն էր: Վերջինս՝ 1907թ. Հրազդանի վրա կառուցում է մի փոքրիկ հիդրոէլեկտրակայան: Շինարարությունը կատարվում է մեծ արագությամբ, և նույն թվականի մայիսին կայանն սկսում է աշխատել, որից հետո Երևանին էլեկտրաէներգիա մատակարարելու համար տարիներ շարունակ բանակցում են քաղաքային վարչության հետ: Բանակցությունները երկար են տևում (19071913 թթ.): Կիրակոսյանը, օգտվելով առիթից, որ իր էլեկտրակայանը միակն է (քանի որ Շուստովի կայանը նախատեսված էր բացառապես գինու և կոնյակի գործարանի համար), առաջարկում է իր համար գերադասելի պայմաններ: «Երևանսկիե օբյավլենիա» թերթում բազմաթիվ հոդվածներ են տպագրված Կիրակոսյանի կողմից ներկայացված պայմանների, Երևանի քաղաքային իշխանություններին ընդունել տալու համար ձեռնարկված միջոցառումների մասին: Այդ ընթացքում քաղաքային խորհուրդը բազմիցս նիստեր է գումարում փողոցների լուսավորության խնդիրը լուծելու համար: Կիրակոսյանը, օգտվելով առիթից, որ միայն իր էլեկտրակայանն է տվյալ պահին ի զորու թեթևացնելու ստեղծված վիճակը, ամեն ինչ անում է՝ մեծ օգուտներ ստանալու համար:
Այդ իսկ պատճառով առաջարկներ են լինում կառուցելու նոր էլեկտրակայան, որպեսզի ազատվեն Կիրակոսյանի պահանջները կատարելու բեռից: Հակամարտությունը գագաթնակետին է հասնում 1913թ. սկզբին: Կիրակոսյանը դադարեցնում է քաղաքի էլեկտրամատակարարումը:
1913 թ. հունվարփետրվարին քաղաքային խորհուրդը փողոցների լուսավորության խնդիրը քննարկում է ութ անգամ: Վերջապես 1913 թ. մարտի 31ին կնքվում է պայմանագիր:
Այն կնքված էր ութ տարով: Ըստ այդ պայմանագրի՝ քաղաքային իշխանությունը պարտավորվում է պայմանագրային ժամկետում «Ամպեր» ընկերությանը տալ քաղաքում էլեկտրական գծեր անցկացնելու և դրանք շահագործելու մենաշնորհը: Այլ ձեռնարկատերեր և քաղաքային իշխանությունը նույնպես իրավունք չունեին այդպիսի գործեր կազմակերպելու: Բացառություն էր արվում միայն Շուստովի ընկերությանը. նրան թույլատրվում էր էլեկտրական գծեր կառուցել միայն որոշակի սահմաններում: Էլեկտրաէներգիան թանկ էր: Պայմանագրի պայմանները ծանր էին: Դրանից զատ «Ամպերը» չէր կարող հուսալիորեն մատակարարել էլեկտրաէներգիա, քանի որ էլեկտրակայանի հզորությունն էր փոքր և մեքենաները հաճախ էին շարքից դուրս գալիս: Պայմանագիրը կնքելուց հինգ ամիս հետո «Կիրակոսյանի խավարը» դարձյալ տիրեց բնակչությանը:
Հետագայում վիճակը վատանում է, իսկ առաջին հանրապետության տարիներին էլեկտրակայանի շուրջ Կիրակոսյանի և քաղաքային վարչության միջև առաջանում են մեծ տարաձայնություններ, որոնց պատճառով տեղի են ունենում «Կիրակոսյանի նոր խավարումներ»:
Այստեղ տեղին է անդրադառնալ Երևանի փողոցների լուսավորությանը: Մինչև 20րդ դարի սկզբները Երևանի փողոցների լուսավորումը նավթային լապտերներով է: 1870ականներին լուսավորության խնդրով զբաղվում էր քաղաքային իշխանությունը: բայց արդեն 1897թ. սկսած քաղաքի լուսավորությունը տալիս էին կապալով՝ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878թ. Երևանի փողոցներում 74 լապտեր կար, 1880թ.՝ 85, 1881թ.՝ 100, 1906թ.՝ 722, 1913 թ.՝ 228: Ինչպես երևում է բերված թվերից, Երևանում նավթային լապտերների թիվը մինչև 1906 թ. գնալով ավելացել է, իսկ դրանից հետո՝ կտրուկ կերպով նվազել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907 թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործմամբ: Երևանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրականով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը՝ նավթային լապտերները մնացին մինչև 1920ական թվականները:
Երևանում օգտագործվում էին երկու տեսակի լապտերներ՝ հասարակ և «Գալկինի»: 1880թ. կապալառուն 83 վառվող լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսերը հասել է 4784 ռուբլու, 1913թ. եղել է 2451 ռուբլի:
Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետո՝ մինչև ժամը 23ը: Աստաֆյան փողոցում (այժմ՝ Աբովյան) 1913թ. 1500 մետր հեռավորությամբ կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Նորքի փողոցները չէին լուսավորվում: 1905թ. Նորքի փողոցներում կար ութ հին նավթային լապտեր, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետր:
1901թ. ապրիլի 13ին ինժեներ Ն.Պասեկը Երևանի ղեկավարությանը ներկայացնում է ծրագիր՝ երկաթգծի, էլեկտրական լուսավորության և հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Նա նախատեսում էր քաղաքի գլխավոր փողոցներում և երկու պուրակում փայտյա սյուների վրա տեղադրել 70 էլեկտրական լապտեր: Ցանկանում էր նաև էլեկտրական տրամվայ անցկացնել երկաթուղային կայարանից մինչև գլխավոր հրապարակ, Աստաֆյան փողոցի մի մասով: Տրամվայի գծի ընդհանուր երկարությունը՝ ըստ ծրագրի, երեք վերստ պետք է լիներ: Դրա համար Հրազդան գետի վրա նա առաջարկում էր կառուցել 147 կՎտ (200 ձիաուժ) հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Մտահղացումը կյանքի կոչելու համար կպահանջվեր 18 ամիս և 300 հազար ռուբլի: Քաղաքային խորհուրդը մերժում է ինժեներ Ն.Պասեկի առաջարկը՝ այն համարելով անարդյունավետ:
1909 թ. գերմանական հայտնի մի ընկերություն ցանկություն է հայտնել Հրազդանի գետի վրա կառուցել 515 կՎտ (700 ձիաուժ) հզորության էլեկտրակայան՝ 90 000 ռուբլով. պետք է կառուցվեր շենք, ձեռք բերվեին մեքենաներ (բացառությամբ ջրանցքի), ներառված էր նաև քաղաքում էլեկտրական գծի կառուցման ծախսը՝ 4050 հազար ռուբլի: 1910թ. Երևանի մեծահարուստ Հաջի Իրզան դիմում է քաղաքային ինքնավարությանը՝ Հրազդանի ափին, իր ունեցած ջրաղացների տեղում 110 կՎտ (150 ձիաուժ) հզորության հիդրոէլեկտրակայան կառուցելու և քաղաքի փողոցներում անցկացնելու էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու առաջարկով: Այդ թվականներին Երևանում գտնվող երկու հիդրոէլեկտրակայաններից միայն «Ամպերի» կայանն էր քիչ թե շատ բավարարում փողոցների լուսավորությունը: «Երևանսկիե օբյավլենիա» թերթի 1913թ. թիվ 59-ից տեղեկանում ենք, որ, «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի մեքենաները փչանալով, չեն կարողանում լույս մատակարարել քաղաքի շատ վայրերում: Շատ տներ և խանութների հույսը դարձյալ մնում է նավթը… Նույն թերթի մեկ այլ համարում գրված է. «…Քաղաքի լուսավորությունն անմխիթար վիճակում է, փաստորեն, քաղաքում կիսախավարն է իշխում, կանոնավոր չեն ոչ էլեկտրական լամպերը և ոչ էլ նավթայինը»:
20րդ դարի 10-ական թվականներին Երևանի հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրական էներգիան անբավարար էր և անմատչելի քաղաքի աղքատ բնակչության համար:
1911թ. նոյեմբերի 9-ի նիստում Երևանի քաղաքային խորհուրդը ընտրել է 10 մարդուց բաղկացած հանձնաժողով, որին հանձնարարվել է ուսումնասիրել էլեկտրակայան ունենալու խնդիրը, քննարկել և կազմել համապատասխան ծրագիր: Հանձնաժողովը դուրս է գալիս անգործունյա: Սկսված պատերազմն էլ «լուծում» է տալիս Երևանի փողոցների լուսավորության խնդրին: Քաղաքն ընկղմվում է կիսախավարի մեջ:
«Շուստով և որդիներ» ընկերության հիդրոէլեկտրակայան
Երևանի «Շուստով և որդիներ» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1907 թվականին «Ամպեր» ընկերության կայանից 150 մետր հեռավորությամբ՝ Հրազդան գետի վերին հոսանքում։ Կայանում տեղադրվել է «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական մեկ հիդրոտուրբին։ Այն գտնվում էր բաց խցում, կարգավորումը ձեռքով էր։ Հիդրոտուրբինը ժապավենային փոխանցումով միացված էր 230 Վ լարման, 50 կՎտ հզորությամբ եռաֆազ հոսանքի գեներատորին՝ 300 պտ/րոպ. պտույտով։
Շուստովի հիդրոէլեկտրակայանի ստորին բիեֆի շենքը
Ջրի առումը գետից իրականացվում էր հասարակ ամբարտակով՝ դեպի 500 մետր երկարությամբ բաց ջրանցք։ Կայանի էջքը 3,5 մետր էր։ Արտադրված 230 Վ լարման էլեկտրաէներգիան, տեղափոխվելով մինչև 1000 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարերից պատրաստված օդային գծերով, մատակարարվում էր «Շուստով և որդիներ» ընկերության գինու-կոնյակի գործարանին՝ արդյունաբերական կարիքների, այնպես էլ լուսավորման նպատակով։
Կայանը տարեկան արտադրել է մինչև 70 հազար կՎտ.ժամ էլեկտրական էներգիա, որից 25 հազար կՎտ.ժամը՝ կոմունալկենցաղային նպատակների համար։
1926թ. ԵրՀԷԿ-1-ի շահագործումից հետո կայանը կազմաքանդվել է։
Գաբրիելյան եղբայրների հիդրոէլեկտրակայան
Երևանի Գաբրիելյան եղբայրների հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1908թ.՝ Երևանում իրենց պատկանող կաշվի գործարանի կարիքների համար (կիսատնայնագործական եղանակով աշխատող գործարանն ստեղծվել է 1894 թվականին)։ Կայանում տեղադրվել է «Ֆրենսիս» տեսակի հիդրոտուրբին, որը միացվել է 230 Վ լարման, 25 կՎտ հզորության հաստատուն հոսանքի գեներատորին։ Ջուրը վերցրել են Հրազդանից և, բաց ջրանցքով տեղափոխվելով 350 մետր, հասցրել հիդրոտուրբին։ կայանի օգտակար էջքը 3 մետր էր։
Էլեկէներգիայի տարեկան առավելագույն արտադրությունը մոտ 30 հազար կՎտ.ժամ էր։
Երևանի հիդրոէլեկտրակայան
1922թ. ժողտնտխորհին կից կազմակերպվում է էլեկտրական բաժին: Պետպլանը կազմեց էլեկտրականացման 1925-1926 թվականների գործնական պլան: Ըստ որի՝ նախատեսվում էր կառուցել և սարքավորել Երևանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Իջևանի, Ստեփանավանի և այլ էլեկտրակայաններ: Երևանի արդյունաբերության զարգացման և բնակչության կարիքները բավարարելու համար ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը 1923թ. մայիսին որոշում ընդունեց հզոր էլեկտրակայան կառուցելու մասին: Երևանի հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր ճարտարապետ Ալ.Թամանյանի նախագծով, որի շինարարության պատասխանատուն «Հիդրոշինկոմիտե» էր` Լուկաշինի նախագահությամբ: Կայանի առաջին հերթը շահագործման հանձնվեց 1926թ. մայիսին: Այն ուներ 1760 կՎտ հզորություն: Կայանը լրիվ հզորությամբ` 4560 կՎտ սկսեց աշխատել 1928 թվականից :
Հարկ է նշել, որ Երևանի ՀԷԿը կառուցվեց շատ կարճ ժամանակում: Այն տարիներին տեխնիկական միջոցները դեռևս ցածր մակարդակի վրա էին. չկային համապատասխան ճանապարհներ և ավտոմեքենաներ: Շինարարության համար անհրաժեշտ ցեմենտը երկաթուղային կայարանից Հրազդանի ձոր էին բերում էշերին բարձած:
Այն ժամանակ մասնագետների շրջանում մտավախություն առաջացավ. Ի՞նչ պետք է անել, որտե՞ղ օգտագործել արտադրված էլէներգիան փոքրիկ Երևանում: Սակայն տնտեսագետների հաշվարկներն այլ բան էին ասում: 2-3 տարի հետո Երևանի ՀԷԿ-ի լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում նույնիսկ քաղաքը էներգիայի պակաս կզգա: Այդ պատճառով շտապ կարգով Գերմանիայում պատվիրվեցին սարքավորումներ՝ Երևանի ՀԷԿի երկրորդ հերթը կառուցելու համար: 1931թ. սկսվեց, իսկ 1932-ին ավարտվեց 2400 կՎտ հզորությամբ լրիվ մեքենայացված Երևանի ՀԷԿի երկրորդ հերթի շինանարությունը: Կայանը էլէներգիա էր մատակարարում ոչ միայն Երևանին, այլև Արարատի ցեմենտի գործարանին, Այղր լճի պոմպակայանին, Արտաշատի, Վեդու, Էջմիածնի (այժմ՝ Վաղարշապատ), հետագայում նաև Հոկտեմբերյանի (Արմավիր) շրջաններին:
Քանաքեռի ՀԷԿ
Կայանի շինարարությամբ (1930 թվականի մայիսի 2-ին) սկսվեց Սևան-Հրազդան հիմնադրումը: Միաժամանակ սկսեցին կառուցվել Քանաքեռ-Համամլի-Կիրովական և Համամլի-Լենինական էլեկտրահաղորդման գծերը: 1932թ. առաջին կեսին կայանում հողային աշխատանքներն ավարտված էին: Շինարարների թիվը համալրվեց Մոսկվայից եկած ավելի քան 300 թունելագործներով, Դոնբասից և Ուլյանովսկից հրավիրվեցին 150200 փորձառու մասնագետներ:
Քանաքեռի ՀԷԿը շահագործման հանձնվեց 1936թ. դեկտեմբերի 5ին: Առաջին ագրեգատը` 10.6 ՄՎտ հզորությամբ, էլեկտրական էներգիա տվեց սինթետիկ կաուչուկի գործարանին և Երևանին: Հաջորդ երեքը գործարկվեց 1937թ. ընթացքում, իսկ հինգերորդը` 1940թ. սեպտեմբերին:
Երևանի ՀԷԿ - 2
Սևան-Հրազդան կասկադի 6-րդ հիդրոհանգույցն է: Կառուցվել է 1957-1962թթ.: Օգտագործվել է Քանաքեռի ՀԷԿ-ի ներքին բիեֆի և Արտաշատի ոռոգման գլխավոր հանգույցի միջև գետահատվածի ավելի քան 90 մետրանոց անկումը: Կայանից դուրս եկող Հրազդանի ջրերը, դիմհարվելով 21 մետր բարձրության և 80 մետր երկարության քարալիցքային պատվարով, ստեղծում են 120 հազար խմ օգտակար տարողության օրական կարգավորման ջրամբարը: Ջուրը, հոսելով 2.8 կմ-ոց ճնշումային թունելով, աշխատեցնում է 44 ՄՎտ ընդհանուր հզորության երկու հիդրոագրեգատները: Տարեկան կարող է արտադրել 210 միլիոն կՎտ.ժ. էլէներգիա:
Երևանի ՀԷԿ-3
Սևան-Հրազդան կասկադի 7-րդ աստիճանն է: Նրա դերիվացիոն ջրանցքը և ճնշումային հանգույցը համարվում են Արտաշատի ոռոգման ջրանցքի մի մասը: էջքը 40 մետր է: Տեղադրված է 5 ՄՎտ հզորության շառավղաառանցքային մեկ տուրբին:
Երևանի ՋԷԿ
Երևանի ՋԷԿ-ի կառուցմամբ նախատեսվում էր էլեկտրական և ջերմային էներգիա տալ քաղաքի հարավային մասի խոշոր ձեռնարկություններին, կոմունալ կենցաղային հաստատություններին:
1958թ. օգոստոսին ընդունվեց «Ձեռնարկությունների և քաղաքների գազամատակարարման և գազային արդյունաբերության հետագա զարգացման մասին» որոշումը:
Սկսվեց Արցախ-Թբիլիսի- Երևան մայրուղային գազատարի շինարարությունը: Այն իրականացվեց լեռնային դժվարին պայմաններում: Կարճ ժամանակում տեղադրվեցին 30 հազար տոննա պողպատյա խողովակներ: 1960թ. փետրվարի 12-ին Երևանում նշվեց գազի մուտքը Հայաստան: Բնական գազի առկայությունը հնարավորություն ստեղծեց Երևանում կառուցելու առաջին հզոր ՋԷԿը: Կայանի կառուցման ընթացքում կատարվեց ավելի քան մեկ միլիոն խորանարդ մետր հողային աշխատանք: Ստորգետնյա ջրագծերի, մալուխների ընդհանուր երկարությունը հասավ մոտ 40 կիլոմետրի: Կատարվեցին ավելի քան 75 հազար խորանարդ մետր բետոնե և երկաթբետոնյա աշխատանքներ: Հանրապետությունում առաջին անգամ օգտագործվեցին 75 տոննա արտադրողականությամբ ամբարձիչներ: Կայանի գլխավոր մասնաշենքի հարմարադասավորումը բաց տիպի էր: Այն ժամանակ դա նորույթ էր և նախատեսվում էր կիրառել Հարավային Կովկասի և միջինասիական կայանների համար: Հետագայում, հաշվի առնելով Հայաստանի խիստ բնակլիմայական պայմանները, այդպիսի նախագծերից հրաժարվեցին: Կայանը նախատեսվում էր շահագործել գազով, սակայն միաժամանակ կառուցեցին 30 հազ. տոննա տարողության մազութի պահեստային տարողություններ:
Կայանը կառուցում էին «Հայհիդրոէներգոշին»-ի մասնագետները: Երևանի ՋԷԿի շինարարությանը մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` ուկրաինացիներ, լատիշներ, բելառուսներ, ռուսաստանցիներ: Աշխատանքները կատարվում էին մեծ եռանդով: Օրինակ, 1963թ. հունվարի պլանը կատարվել է 166 տոկոսով:
1963թ. մարտի 31-ին շահագործման հանձնվեց առաջին, իսկ սեպտեմբերի 7-ին՝ երկրորդ տուրբինը: Կայանում տեղադրվեց հինգ ջերմաֆիկացիոն տիպի տուրբին՝ 50 ՄՎտ հզորությամբ և երկու կոնդենսացիոն տուրբին՝ 150 ՄՎտ հզորությամբ: ՋԷԿ-ի ընդհանուր հզորությունը 550 ՄՎտ է. ջերմային էներգիա է մատակարարում Երևանի Էրեբունի և Շենգավիթ թաղամասերին, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններին:
Երևանի ՋԷԿը շահագործման առաջին հինգ տարվա ընթացքում արտադրել է ավելի քան 7,5 մլրդ կՎտ.ժամ էլեկտրաէներգիա. 1963թ. արտադրվել է 261 միլիոն կՎտ.ժամ էլեկտրական էներգիա և 81.6 հազար հեկակալորիա ջերմային էներգիա, իսկ 1975թ., համապատասխանաբար, 2373.5 և 3248:
Երևանի ջերմամատակարարման համակարգերը
Երևանի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերն սկսել են ստեղծել 1960-ականներին, իսկ էական զարգացումն սկսվեց բնակելի շենքերի զանգվածային շինարարության տարիներին` 1970թ. հետո: Այդ ժամանակ, համաձայն հանրապետության կառավարության հանձնարարության, «Հայգլխէներգո» վարչության պատվերով մշակվեց Երևանի ջերմամատակարարման զարգացման գլխավոր սխեման, որը հետագայում երկու անգամ վերանայվեց: Ըստ դրա` քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարումը հիմնականում պետք է իրականացվեր 12 շրջանային ջերմային կաթսայատներից և Երևանի ՋԷԿ-ից: Այդ տարիներին հետևողականորեն իրագործվում էր նախատեսված օբյեկտների շինարարությունը և վերացված էին փոքր հզորության և փոքր արդյունավետություն ունեցող կաթսայատները:
1986թ. դրությամբ Երևանում գործում էր շրջանային 9 կաթսայատուն և վերացվեց 500 փոքր կաթսայատներ:
Այդ տարիներին ջերմամատակարարման խնդիրները հիմնականում լուծում էր «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ ուժերով, որն իր ենթակայության տակ ուներ շրջանային 9 կաթսայատուն, 235 կաթսայատուն, կենտրոնական ջերմային 223 հանգույց, 622.1 կմ ընդհանուր երկարության ջերմային ցանցեր, որից 97.7 կմ-ն` մայրուղային: Սկսած 1991-1992թթ. տնտեսության ընդհանուր ճգնաժամի և շուկայական հարաբերությունների անցման շրջանում վառելիքաէներգետիկ պաշարների մատակարման կտրուկ նվազման և սպառողների վճարունակության անկման պատճառով էապես կրճատվեց ջերմամատակարարման ծավալը` կազմելով պահանջարկի մոտ 20 տոկոսը:
Երևանում 1991-1992թթ. ձմռանը շենքերի ջեռուցումը եղել է մասնակի, 19921993թթ.` ջեռուցում չի եղել: Սկսած 1993-1994թթ. վերականգնվել է շենքերի ջեռուցումը: Այդ ձմռան ընթացքում ջեռուցվել է Երևանի 640 շենք: Քաղաքի կենտրոնական մասի բնակելի շենքերը չեն ջեռուցվել: Նախկինում դրանք ջեռուցում հիմնականում ստանում էին Չարենցի կաթսայատնից, որն այժմ անմխիթար վիճակում է:
2000-2001թթ. ջեռուցման շրջանի ընթացքում Երևանում շահագործվել են Ավանի, Նորքի 1,2, Հարավ-Արևմտյան թաղամասի, Դավթաշենի, Տերյանի կաթսայատները: Ջեռուցում ստացել է մոտ 800 բնակելի շենք: Համեմատության համար նշենք, որ լավագույն տարիներին Երևանում ջեռուցվել են 4310 շենք՝ 7.3 մլն քմ մակերեսով:
2004-2005թթ. ջեռուցման շրջանում հնարավոր է եղել ջեռուցել ընդամենը 20 շենք:
Նախորդ տարիներին Երևանի ՋԷԿի ջեռուցած շենքերը ևս (Էրեբունի և Շենգավիթ համայնքներում), վարձավճարների անբավարար հավաքման պատճառով զրկվել են ջերմամատակարարումից: Քաղաքապետի որոշումներով` 2004թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալության տրամադրվեց ջերմամատակարարման 25 օբյեկտ, որից 3ը` ջերմամատակարարման ընդհանուր ծրագրով, մյուսները` քաղաքապետարան ներկայացված գործարար ծրագրերով:
Գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ անհրաժեշտ է մշակել Երևանի ջերմամատակարարման համակարգերի զարգացման ծրագիր` հաշվի առնելով առկա հզորությունները:
Տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես շահավետ, եթե տեղադրվեն գազատուրբինային կայանքներ: Այս դեպքում հնարավոր է ստեղծել գազատուրբինային ջեռուցման ՋԷԿ, համատեղ շրջափուլով արտադրել և՛ ջերմային, և՛ էլեկտրական էներգիա: Վառելիքի օգտագործման արդյունավետությունը մոտ 85 տոկոս է: Սակայն ոչ բոլոր կաթսայատները կարելի է վերափոխել այդպիսի ՋԷԿ-երի: Գազատուրբինային կայանքների շահագործումը հեշտ է, աշխարհում շահագործվում է ավելի քան 13 հազարի հասնող էներգետիկական գազատուրբինային կայանք:
Այլընտրանքային աղբյուրներ
Հայաստանի ամերիկյան համալսարանը նախաձեռնեց «Արևային էներգիայով հովացման և ջեռուցման համակարգի նախագծում և տեղադրում» ծրագրի իրականացումը: Այն կյանքի կոչվեց այս ոլորտում փորձառու չորս կազմակերպությունների, այդ թվում՝ ԴերԻնետի /Պորտուգալիա/, ԻսեՖրաունհոֆերի /Գերմանիա/, Ինտեր Սոլար կենտրոնի /ՌԴ/ և ԿոնտակտԱ-ի /Հայաստան/ հետ համագործակցության շնորհիվ:
Համալսարանի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչ 32 հարթակները, յուրաքանչյուրը 2 քառակուսի մետր մակերեսով (ընդհանուր՝ 64 քմ), պատրաստվել են ՍոլարԷն հայ-ամերիկյան ընկերության կողմից, ապահովում են 40 կՎտ հզորությանը համարժեք էներգիա ջրատաքացման համար՝ ընդհանուր առմամբ 5 անգամ տնտեսելով ծախսվելիք էլէներգիան: Արևային ջրատաքացուցիչ հարթակներն իրենցից ներկայացնում են ապակեպատ փոքր ջերմոցատիպ հարթակներ՝ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ներքին խողովակաշարով, որի միջով հոսող հատուկ հեղուկը արևի ճառագայթներով տաքացված ջերմափոխանակչով տաքացնում է ջուրը, որը իր հերթին լցվում է մեծ ջրակուտակիչի մեջ և դրանից մատակարարվում 7-րդ տեխնիկական հարկում տեղադրված չորացումով հովացման և ջեռուցման սարք: Խողովակներով օդը դրսից գալիս է դեպի չորացումով հովացման և ջեռուցման սարք և անցնում դահլիճ:
Երևանում արդեն հաստատվել է «Երևանի Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանում և էլեկտրական էներգիայի արտադրություն» ծրագիրը: Աղբավայրն ընդունում է մայրաքաղաքի կոշտ թափոնների գրեթե ողջ ծավալը: Դրա գերակշիռ մասը կենցաղային է: 1960թ. Նուբարաշենի 60 հա-նոց աղբավայրը Երևանից օրական ընդունում է 420450 տոննա կամ տարեկան 190100 տոննա աղբ: Աղբավայրը բացասաբար է անդրադառնում միջավայրին:
***
Երևանում արդեն հաստատվել է «Երևանի Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանում և էլեկտրական էներգիայի արտադրություն» ծրագիրը: Նուբարաշենի աղբավայրն ընդունում է մայրաքաղաքի կոշտ թափոնների գրեթե ողջ ծավալը: Դրա գերակշիռ մասը կենցաղային է: 1960թ. Նուբարաշենի 60 հեկտարանոց աղբավայրը Երևանից օրական ընդունում է 420450 տոննա կամ տարեկան 190100 տոննա աղբ: Աղբավայրի առկայությունը բացասաբար է անդրադառնում միջավայրին:
***
Մինչև 1920 թվականն Արցախի միակ էլեկտրակայանը՝ 30ԿՎտ հզորությամբ եղել է Շուշի քաղաքի մոտ: