Տրանսպորտի վարչություն
Հավելված հ.17
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6.Վարչության նպատակը տրանսպորտի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
7.Վարչության խնդիրները և գործառույթները բխում են տրանսպորտի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը, ինչպես նաև Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի արդյունավետ կենսագործունեության ապահովմանը։
8.Վարչությունը՝
1) ՀՀ օրենսդրությամբ սաhմանված կարգով կազմակերպում է ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում նրա երթուղիներն ու չվացուցակները, կազմակերպում կանգառների և կայանատեղերի գործունեությունը.
2) իր խնդիրներին համապատասխան համակարգում է բոլոր տեսակի քաղաքային ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս, մետրոպոլիտեն) աշխատանքն անկախ դրանց պատկանելիությունից և սեփականության ձևից.
3) սահմանված կարգով հաստատում է քաղաքային ուղևորատար տրանսպորտի չվացուցակները ու ապահովում դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
4) քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին համապատասխան իրականացնում է միջոցառումներ քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթակարգավարական կետերի համակարգի կատարելագործման, քաղաքային տրանսպորտի համալիր զարգացման և դրա հեռանկարային տեսակների ընտրության ուղղությամբ.
5) ղեկավարում է քաղաքի երթուղային ցանցի ճշգրտման, քաղաքային ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական) և թեթև մարդատար տաքսիների կայանման տեղերի տեղաբաշխման, տրանսպորտային միջոցների երթևեկության չվացուցակներում և ժամային գրաֆիկներում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
6) մասնակցում է քաղաքի ճանապարհափողոցային ցանցի զարգացմանն առընչվող քաղաքաշինական հարցերի մշակմանը, եզրակացություններ տալիս ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև վճարովի ավտոկայանատեղերի /այդ թվում՝ ծառայողական/ կազմակերպման նպատակահարմարության մասին.
7) տալիս է եզրակացություններ Երևան քաղաքի տարածքում կազմակերպվող շինհրապարակներով փողոցների երթևեկելի մասերի և մայթերի հատվածների զբաղեցման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ.
8) իրականացնում է ուղևորատար տրանսպորտի կանգառանշանների գույքագրումը.
9) սահմանված կարգով մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող ընկերությունների և կազմակերպությունների տրանսպորտային միջոցների դուրս գրման, հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնման և օտարման մասին հարցերի նախապատրաստմանը.
10) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրեր և վերահսկում դրանց կատարումը.
11) համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում և Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ ճանապարհային երթևեկության կազմակերպման կատարելագործման և վթարայնության նվազեցման վերաբերյալ:
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
9.Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10.Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) հասարակական տրանսպորտի կարգավորման,
2) երթևեկության կառավարման։
11.Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12.Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13.Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, մասնագետների իրավունքները և պարտականությունները <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
14.Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15.Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
Երևանի ներհամայնքային հասարակական տրանսպորտ
Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով: Նկատի ունենալով վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի քանակի աճի միտումը` քաղաքային իշխանությունը որդեգրել է քաղաքային երթուղային ցանցում մեծ տեղատարողության շարժակազմերի (ավտոբուսների և տրոլեյբուսների) տեսակարար կշիռն ավելացնելու և, զուգահեռաբար, միկրոավտոբուսների շահագործումը բացառելու քաղաքականություն:
Երևանի քաղաքապետարանի համակարգում գործում են հետևյալ ուղևորատար տրանսպորտային ընկերությունները` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որն իրականացնում է Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կահավորման, սպասարկման և հսկողության իրականացման աշխատանքները:
Երթուղային ցանց
Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագրով, կարևորելով մայրաքաղաքում գործող երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման և նոր երթուղային ցանցի ստեղծման անհրաժեշտությունը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական կազմակերպությունը լավագույն միջազգային փորձի, հստակ հաշվարկների և չափորոշիչների հիման վրա մշակել է Երևանի հանրային տրանսպորտի նոր՝ արդյունավետ երթուղային ցանց, ինչը ենթադրում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգերի ներդրման հնարավորություն, զեղչային համակարգի կիրառում, նոր՝ ժամանակակից շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերում՝ բացառելով միկրոավտոբուսները, հանրային տրանսպորտի մնացած ձևերի արդյունավետ փոխհամագործակցություն, ուղևորների սպասարկման որակի զգալի բարձրացում և այլն։
Այս համատեքստում աշխատանքներ են տարվում Թևոսյան 9 հասցեում գործող հավաքակայանի վերակառուցման և արդիականացման համար՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով:
Նույն գործընթացով բարեկարգվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի Լենինգրադյան 16 հասցեում գտնվող տարածքը, որտեղից այժմ կազմակերպվում է նոր ավտոբուսների շահագործումը:
Գործող երթուղային ցանցի համալրման գործընթացով 2020-2024 թվականներին ձեռք է բերվել և մայրաքաղաք ներկրվել նոր, 100 հատ փոքր դասի «ԳԱԶԵԼ սիթի» մակնիշի, 562 հատ միջին դասի «ԺՈՆԳ-ԹՈՆԳ» մակնիշի և 87 հատ մեծ դասի «ՄԱՆ» մակնիշի քաղաքային ավտոբուս: Փոքր դասի ավտոբուսներով սպասարկվում են Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թվով 11 երթուղիներ, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներով՝ թվով 46, իսկ «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով՝ թվով 8 երթուղիներ: Եվս 10 երթուղիներ սպասարկվում են «ՀԻԳԵՐ» մակնիշի հին ավտոբուսներով (2011թ. թողարկման):
Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը, 2022-2024թ.թ. ձեռք է բերվել և մայրաքաղաք ներկրվել նոր՝ «Yutong» մակնիշի 15 և «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի 15 տրոլեյբուս (շարժման ընթացքում լիցքավորվող՝ ՇԸԼ): Նշված տրոլեյբուսներով սպասարկվում է 2 տրոլեյբուսային երթուղի՝ հ. 2, 10: Տրոլեյբուսային հավաքակազմի համալրումը կշարունակվի նաև 2025 թվականին. նախատեսվում է ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս:
Նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով 2025թ. հունվարի 1-ից ներդրվել է նոր՝ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ՝ նախատեսելով արտոնությունների կիրառում առանձին խմբերի քաղաքացիների համար: Դրա շնորհիվ զգալիորեն բարելավվել է քաղաքացիների տրանսպորտային սպասարկման հարմարավետությունը, վիճակը և բարձրացել է սպասարկման որակը:
Գործող երթուղային ցանցով նախատեսված է ավտոբուսային 64 երթուղի (752 միավոր շարժակազմ), միկրոավտոբուսային 11 երթուղի (94 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (60 միավոր շարժակազմ)։
Ավտոբուսային ուղևորափոխադրում
Մայրաքաղաքի ներհամայնքային ավտոբուսային երթուղիներում շահագործվում է 752 հատ ավտոբուս, փաստացի սպասարկվում է 64 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 680-690 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Ավտոբուսային հավաքակազմի համալրմամբ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է ավտոբուսներով ուղևորափոխադրման ծավալը: Մասնավորապես 2024 թվականին ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է շուրջ 102.0 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 10.7 մլն-ով, իսկ տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 71.4%։ Չնայած դրան՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը դեռևս բավարար չէ։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը և ավտոբուսային երթուղիների շահագործման կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով։
Միկրոավտոբուսային փոխադրումներ
Երևանում փաստացի գործում է 11 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են «ԳԱԶԵԼ-սիթի» մակնիշի 94 միավոր շարժակազմով։ Օրական միջին հաշվով երթուղիներ է դուրս բերվում մոտ 75 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Վերջին տարիներին միկրոավտոբուսների քանակի պակասեցման հետևանքով (դադարեցվել է հին «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսների շահագործումը) զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների ծավալը։ 2024թ. միկրոավտոբուսներով տեղափոխվել է մոտ 5.8 մլն ուղևոր, ինչը 2023թ. համեմատ պակաս է մոտ 18.0 մլն-ով կամ կազմում է մայրաքաղաքի ուղևորափոխադրուման ընդհանուր ծավալի մոտ 4.0%-ը։
Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 60 տրոլեյբուս, այդ թվում՝ 15 հատ «ՅՈՒԹՈՆԳ», 15 հատ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» և 30 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունը փաստացի սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 45-50 միավոր շարժակազմ: 2024թ. ևս որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների թիվը և կազմել 8847.6 հազ. ուղևոր, ինչը 2543.3 հազ. ուղևորով ավելի է նախորդ տարվա համեմատ կամ տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 6.2%։
Որոշակի աշխատանքներ են կատարվում վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների նորոգման, հպակային ցանցի որոշակի նոր հատվածներ կառուցելու, տրոլեյբուսային տնտեսության արտադրական շենքերի վերանորոգման և վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետությունը մեծացնելու նպատակով։
Մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։
Վերջին երկու տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը հիմնականում պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ, ինչպես նաև մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման դադարեցմամբ: 2024թ. մետրոպոլիտենով տեղափոխվել է մոտ 26.3 մլն. ուղևոր, ինչը 735.0 հազ. ուղևորով ավելի է նախորդ տարվա համեմատ: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրուման տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում ևս մեծացել է և հասել մոտ 18.4%-ի։ Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման շնորհիվ, և այդ առումով էլ տարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվել է Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նպատակով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացը, որում հաղթող ճանաչված «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները:
Հասարակական տրանսպորտի կանգառներ
Երևանում սահմանված են հասարակական տրանսպորտի շուրջ 1200 կանգառներ, որոնցից 408-ում տեղադրված են կանգառասրահներ և կանգառանշաններ, 792-ում՝ միայն կանգառանշաններ: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների, նոր կանգառների սահմանման՝ նախկինում մեկնարկած աշխատանքները։
Շարունակվել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորումը։ 2022թ. ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված 44 կանգառասրահ փոխարինվել է նորով, ևս 33-ը տեղադրվել է գործող կանգառներում: 2023թ. ընթացքում տեղադրվել է 20 կանգառասրահ՝ Դավթաշեն, Շենգավիթ, Քանաքեռ Զեյթուն, Կենտրոն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում:
Ավտոկայանատեղեր
Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի ոլորտը կանոնակարգելու նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընթանում են գործնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում կայանատեղեր կազմակերպելու նպատակով։
Մասնավորապես գործընթացի սկզբից կազմակերպվել են փոխադրամիջոցների վճարովի կայանատեղեր՝ Երևանի Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների հիմնական փողոցներում:
Երևանում վճարովի ավտոկայանատեղերի արդիականացման և բարեփոխման շնորհիվ ներդրվել են նոր, արդիական սարքավորումածրագրային համակարգեր, ինչը հնարավորություն է տվել ավտոկայանատեղերում կիրառել տեսանկարահանող սարքերի ավտոմատացման գործառույթ, մասնավորապես, վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների համարանիշերի ճանաչում և թվայնացում:
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղում վճարի գանձման գործընթացը կանոնակարգելու նպատակով կատարելագործվել է էլեկտրոնային արդիական համակարգը:
Որպես բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց՝ Երևանում էլեկտրամոբիլների տարածմանը խթանելու նպատակով Երևանի ավագանու 24.12.2024թ. հ.267-Ն որոշմամբ, որպես վառելիք էլեկտրաէներգիա գործածող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող փոխադրամիջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ՝ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի համար տեղական վճարից:
Երևանի ավագանու համապատասխան որոշումներով 16 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թույլատրվել է 2024թ. կազմակերպել, ինչպես նաև շարունակել նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետի 2 որոշումներով սահմանվել է թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների 3 հատ կայանատեղ։
Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկում
Սայլակավոր հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսները մատչելի դարձնելու նպատակով 2020-2024թ.թ. մայրաքաղաք ներկրված փոքր, միջին և մեծ դասի բոլոր ավտոբուսներն ընդհանուր առմամբ 749 հատ, այդ թվում՝ «ԳԱԶԵԼ սիթի» մակնիշի 100 հատ, «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի 562 հատ և «ՄԱՆ» մակնիշի 87 հատ ունեն թեքահարթակներ՝ ինչը հնարավորություն է տալիս ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանրային տրանսպորտից օգտվելու մատչելիությունն ու հարմարավետությունը:
Նոր ձեռք բերված բոլոր 30 տրոլեյբուսները ևս կահավորված են թեքահարթակով և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.267-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության տրամադրման գործընթացը։ 2024 թվականի համար տրամադրվել է 510, իսկ 2025 թվականին՝ 358 թույլտվություն:
Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը՝ հետևողականորեն լուծում է ստանում կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը։ Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում համապատասխան կահավորանքի միջոցով առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային երթևեկության կարգավորում
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն Երևանի քաղաքապետը իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով:
Վերը նշված լիազորությունն իրականացնելու նպատակով 2024թ. համար ՀՀ պետ. բյուջեից Երևանի քաղաքապետարանին է հատկացվել 765928.6 հազ. դրամ, որով տարվա ընթացքում կատարվել են համապատասխան աշխատանքներ:
Պատրաստվել և տեղադրվել է 3750 հատ ճանապարհային նշան, իրականացվել է 350 լուսացույցի, այդ թվում՝ 104 «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի (ձայնային ազդանշանմամբ) սպասարկման, շահագործման և վթարավերականգնողական աշխատանքներ, կատարվել է էմալային տիպի գծանշում 2316491 գծմ ծավալով, սառը և ջերմապլաստիկ տեսակի՝ 18349.72 քմ ծավալով և հարդարվել և ներկվել է 47888 քմ պահպանապատ:
2022 թվականից սկսած տեղադրվող բոլոր լուսացույցներն ունենալու են ձայնային ազդանշան՝ տեսողությանն առնչվող հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով, ինչպես նաև հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով մայրաքաղաքի 30 չկարգավորվող հետիոտնային անցումներում 2025 թվականի ընթացքում նախատեսվում է տեղադրել հետիոտնային կանչի լուսացույցներ:
Նախատեսվում է ներդնել արդիական նոր համակարգեր, որը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային երթևեկության կազմակերպումը և մեծացնել դրանց արդյունավետությունը: