Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն
Հավելված հ.7.1
Երևանի քաղաքապետի
2022թ. օգոստոսի 30--ի
հ.3131-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,
2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,
3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը,
4) երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը: Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
2) աջակցում է Երևան քաղաքում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,
3) մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,
4) երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,
5) համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,
6) իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
7) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
8) քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,
10) Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,
11) աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարաձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,
12) ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
2) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,
3) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,
4) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
6) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
7) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները,
8) աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,
9) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
10) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,
11) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,
12) վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,
13) վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,
2) հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
3) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,
4) աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,
5) մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,
6) աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,
7) միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,
8) աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը,
9) աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,
10) աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,
11) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
12) ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,
13) Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,
14) հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
15) կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով,
16) համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
















Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից 2025թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ
Հաշվետվություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը, իր կանոնադրության համաձայն, Երևան համայնքի բնակիչների կարիքներին պատշաճ արձագանքելու նպատակով, իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մի շարք գործառույթներ.
Համագործակցություն է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մանկատների, երեխաների խնամքի և աջակցության կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:
Վարչության կողմից աշխատանքներ են տարվել երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող համապարփակ մեխանիզմների մշակման և ներդրման նպատակով:
Վարչության գործառույթներին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրվել քաղաքացիներին:
Վարչության կողմից իրականացվել են այցեր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժիններ՝ բարդ դեպքերի, իրականացվող աշխատանքների, ծրագրերի վերահսկողության, սուպերվիզիայի իրականացման նպատակով: Իրականացվել է մեթոդական համակարգում:
Վարչության կողմից վերահսկողական այցեր են կատարվել ՀԿ-ներ, որոնց վարչության կողմից տրամադրվել են դրամական աջակցություն՝ խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու նպատակով:
Կազմակերպվել են շահառուների ընդունելություններ, գնահատվել են կարիքներ, տրամադրվել համապատասխան խորհրդատվություն և հանձնարարականներ՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժիններին:
Վարչության աշխատակիցները մասնակցել են տարբեր քննարկումների, հանդիպումների և դասընթացների (Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ, Սոցիալական նախարարական կոմիտեի նիստ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, Յունիսեֆ-ի աջակցությամբ մարդու իրավունքներին պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի նիստ, Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստ, «Ապագա» բարեգործական հիմնադրամի 2024 թվականի ամփոփիչ միջոցառում, «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողով, «Բարնահուս» մոդելի կիրառման նպատակով մասնագետների կարողությունների զարգացմանը միտած վերապատրաստում-քննարկում, և այլ):
Սոցիալական պաշտպանության ոլորտ
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին յուրաքանչյուր ամիս ներկայացրած հաշիվների հիման վրա տրամադրվել է աջակցություն կոմունալ ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի ծախսը փոխհատուցելու նպատակով: Կազմակերպությունը ծառայություններ է տրամադրում շուրջ 100 անօթևան անձի:
«Փրկություն» ՀԿ-ին տրամադրվել է դրամական աջակցություն կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով: Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 հաշմանդամություն ունեցող երեխաներին:
«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն Երևան համայնքում հաշմանդամություն ունեցող շուրջ 120 երեխաներին /այդ թվում՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող/ անվճար թերապիաներ տրամադրելու նպատակով:
«ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամին Երևան համայնքի կողմից տրամադրվել է աջակցություն՝ հազվագյուտ հիվանդություններ ունեցող, հաշմանդամություն ունեցող 160 երեխաների կյանքի որակի բարելավմանը, առողջական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրեր իրականացնելու նպատակով:
«Մանկական զարգացման հիմնադրամ» ՀՄԴ-ին տրամադրվել է աջակցություն, որի շնորհիվ կազմակերպությունը աջակցել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների 50 երեխայի՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, լոգոպեդական, հատուկ մանկավարժական, երաժշտաթերապիայի, թերապևտիկ ծառայություններ:
«Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրն իրագործելու նպատակով: Ծրագրով կազմակերպվել են վերապատրաստումներ, գործարկվել է «Թեժ գիծը», իրականացվել են իրազեկման արշավներ և այլն: Ծրագրի նպատակն է Երևան համայնքի բնակչներին տրամադրել հոգեբանական ծառայություն:
«Լիարժեք Կյանք» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաների /150 շահառու/ ամառային հանգիստը Ստեփանավանում գործող «Լիարժեք Կյանք» ՀԿ-ի ներառական ճամբարում կազմակերպելու համար:
«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրվել է աջակցություն՝ «Խուլ անձանց հզորացում հանուն ներառման» ծրագրով ստեղծված հեռավոր տեսակապով զանգերի կենտրոնի ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով:
«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը աջակցություն է տրամադրվել տեսողության խնդիրներ ունեցող անձանց /42 մասնակից/ մասնակցությամբ համերգի կազմակերպման նպատակով:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին տրամադրած աջակցության շնորհիվ 2490 շահառուներ հնարավորություն կունենան ստանալ մի շարք սոցիալական, հոգեբանական, իրավաբանական և այլն ծառայություններ:
«ՀՀ Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորում» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն` Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 21 վետերանների համար:
Միջոցներ են ձեռնարկվել Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանը միտված ծրագրերի իրականացման շրջանակներում 24.06.2020թ. 253-Ն Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման առնչությամբ: Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է 7 դեպք, որից 5-ն ուսման վարձի փոխհատուցում, երկու դեպք՝ ուղղված կենցաղային պայմանների բարելավմանը, սակայն փաստաթղթերը ոչ ժամանակին և ոչ ամբողջական ներկայացնելու պատճառով մեկ դեպքը մերժվել է:
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 19.11.2024թ. N245-Ն որոշումը՝ նախատեսվեց Երևան համայնքում վերջին 5 տարվա հաշվառում ունեցող, 100 տարին լրացած քաղաքացիներին տրամադրել 1.000.000 ՀՀ դրամ: Ծրագիրն իրագործելու նպատակով համադրվել են ցուցակները, որի ընթացքում համագործակցություն է ծավալվել ՀՀ ԱՍՀՆ, ՀՀ ՆԳՆ-ի հետ: Վարչական շրջանների կողմից կատարված ուսումնասիրություններով կազմվել են համապատասխան կարգադրություններ, իսկ ֆինանսավորումն ապահովելու նպատակով վարչությունը համագործակցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ: Ծրագրով 39 քաղաքացի արդեն ստացել է ֆինանսական աջակցություն:
Տարեցների համար նախատեսված սոցիալական աջակցության ծառայությունների ծրագրով կազմվել է տեխնիկական բնութագիր և ներկայացվել գնման հայտ, որի շնորհիվ ունենք շահող կազմակերպություն և այժմ նախատեսվում է կազմակերպել ներգնա 55 շրջագայություն շուրջ 1100 տարեցի համար:
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանատան՝ Արցախից տեղահանված ընտանիքներին ուղղված աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով կազմվել է տեխնիկական բնութագիր, կայացել է գնման գործընթաց. նախատեսվում է 475 երեխայի տրամադրել մարզազգեստ:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերով սոցիալական տաքսի ծառայության կազմակերպման նպատակով կատարվել են համապատասխան աշխատանքներ:
Երեխաների պաշտպանության ոլորտ
Կազմակերպվել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով հունիսմեկյան միջոցառում. դպրոցահասակ 64 երեխաների մասնակցությամբ Երևան քաղաքի ավագանու նիստ: Միջոցառման ավարտից հետո կազմակերպվել է երեխաների շրջայց Երևան քաղաքի պատմության թանգարանում, նրանց տրամադրվել են նվեր-գրքեր:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների ընթացքում կազմակերպվել է շուրջ 150 երեխաների այցելություն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ներ՝ կազմակերպությունների գործունեությանը, առանձնահատկություններին ծանոթացնելու, շրջակա միջավայրի պահպանման մասին գիտելիքներ տալու, ինչպես նաև հոգատարություն սերմանելու նպատակով:
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 30 երեխաներ այցելել են մշակութային օջախներ՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որի նպատակն է եղել երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումը ու ազգային արժեքներին ծանոթացումը: Երեխաները ծանոթացել են հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին: Միջոցառման ավարտին երեխաներն ստացել են Կոմիտասին, Արամ Խաչատրյանին նվիրված գրքեր: Ծրագրով այցելություն է նախատեսված նաև հուլիս ամսին շուրջ 20 երեխաների համար Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.06.2006թ. N 962-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ վարչական շրջանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 28 երեխա, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 1 անձ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.09.2015թ. N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/՝ 17 երեխայի տրամադրվել է երեխաների խնամքի հաստատությունում տեղավորվելու մասին եզրակացություն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 269-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/ քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը և կենսապայմանների ուսումնասիրության ակտերը, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված եզրակացությունները՝ տրամադրվել է երեխա որդեգրելու հնարավորության մասին 4 դրական եզրակացություն, հաշվառման է վերցվել երեխա որդեգրել ցանկացող 5 անձ: Նշված կարգի համաձայն կազմվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկվել 18 հարցում՝ երեխային տեսակցելու և որդեգրելու հնարավորությունը պարզելու համար, տրամադրվել է որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և որդեգրման ենթակա երեխայի անձնական շփումների փաստի վերաբերյալ 4 եզրակացություն, հաշվառվել է որդեգրման ենթակա 13 երեխա:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.06.2019թ. N 751-Ն որոշումը՝ 4 քաղաքացի հաշվառվել է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ: Որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող հաշվառված անձանց դիմումների հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 25.09.2019թ. N 891-Ա կարգադրությունը, համադրվել է խնամատար անձանց և խնամատարության ենթակա երեխաների 20 տվյալ: Խնամատարության պայմանագրերի ժամկետները երկարաձգելու համար կազմվել են «Խնամատարության պայմանագրերի փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին» 17 համաձայնագրերի նախագծեր: Որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց և խնամատարության ենթակա երեխաների տվյալների համադրմամբ կազմակերպված հանդիպումներին մասնակցելու նպատակով այցեր են կատարվել մանկատներ, խնամքի կենտրոններ:
Հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128.1 և 139.1 հոդվածը, ինչպես նաև ՀՀ կառավարության 13.06.2019թ. N 751-Ն որոշումը՝ իրականացվել է խնամատար ընտանիքում խնամվող երեխայի՝ հոգեզավակի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն:
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների տվյալները մուտքագրվել են «Մանուկ» տեղեկատվական համակարգ, ըստ անհրաժեշտության կատարվել են համապատասխան փոփոխություններ:
ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացն ապահովելու նպատակով իրականացվող ծրագրով 1-17 տարեկան երեխաների նկատմամբ ծնողների, խնամատարների, օրինական ներկայացուցիչների կողմից ֆիզիկական պատժի և/կամ հոգեբանական ագրեսիայի վերաբերյալ վարչական շրջաններից հավաքած տեղեկատվությունն ամենամսյա կտրվածքով ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակով բաժինն ապահովել է գործող օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացումը: Վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ քննարկվել են բացահայտված ԿԴԻՀ երեխաների դեպքերը և իրականացվել է ուղղորդում համապատասխան պետական և հասարակական կառույցներ՝ անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով: Բաժնի աշխատակիցները մասնակցել են վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվել են երեխային առնչվող հատուկ դեպքեր: Պարբերաբար տրամադրվել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին և վարչական շրջանների երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցներին:
Երեխաների պաշտպանության ոլորտում համագործակցություն է ծավալվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մանկատների, երեխաների խնամքի և աջակցության կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:
Երեխաների պաշտպանության վերաբերյալ տարբեր խնդիրներով Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Վարչությունը մասնակցել է երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող հանդիպումներին, քննարկումներին, խորհրդատվություններին: Ոլորտային օրենսդրական նախագծերն ուսումնասիրվել են վարչության կողմից և ներկայացվել են համապատասխան առաջարկներ: