Հավելված հ.1
Երևանի քաղաքապետի
2022թ. դեկտեմբերի 2-ի
հ.4253 -Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները
Վարչության նպատակը Երևանի սեփականություն համարվող անշարժ գույքի կառավարման մասով՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
Վարչության խնդիրները և գործառնությունները բխում են անշարժ գույքի կառավարման բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
Վարչությունը՝
1) մշակում է համայնքային սեփականություն համարվող գույքի կառավարմանն առնչվող Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծեր, Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր, այդ թվում՝ գույքն օգտագործման (կառուցապատման, անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքով) հանձնելու /տրամադրելու/, օտարելու (առուվաճառք, նվեր, նվիրաբերություն), գույքի գործառական նշանակության փոփոխության մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կարգադրությունների նախագծեր,
2) իրականացնում է գույքի կառավարմանն ուղղված, Երևանի ավագանու որոշումների, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների կատարումը կամ կատարման հսկողությունը.
3) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման փաստերի մասին տեղյակ է պահում քաղաքապետին, ներկայացնելով առաջարկություններ.
4) մշակում և ներկայացնում է առաջարկություններ գույքի կառավարման բնագավառին առնչվող ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների դիմումներին, բողոքներին և առաջարկություններին.
6) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հանձնարարությունները և ցուցումները.
7) Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա կնքում է համապատասխան պայմանագրեր, դրանցում փոփոխություններ և /կամ/ լրացումներ.
8) իրականացնում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համարակալման և հասցեավորման աշխատանքները.
9) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ.
10) կարող է ուսումնասիրություններ իրականացնել քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից օգտագործվող գույքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
11) իրականացնում է հսկողություն Երևան համայնքի գույքի շահագործման, արդյունավետ օգտագործման նկատմամբ.
12) ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հ.947-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանների ապահովման կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որումներով հաստատված կարգերով զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական շրջաններից ստացված եզրակացության հիման վրա կազմում է հաշվառման ցուցակները և ներկայացնում Երևանի քաղաքապետի հաստատմանը.
13) իրականացնում է Երևանի վարչական շրջանի տարածքում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների հաշվառումը, արդյունքների մասին առաջարկություններ է ներկայացնում Երևանի քաղաքապետին.
14) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր։
15) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
16) նախապատրաստում է հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխումների վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների նախագծեր.
17) ապահովում է համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։