Վերջին տարիներին Երևանում հիմնանորոգվել և վերակառուցվել է 45 մանկապարտեզ
Հիմնանորոգումից հետո Երևանում վերաբացվել են միանգամից երկու՝ համար 138 և 74 մանկապարտեզները։ Արդիականացվել են մանկապարտեզների շենքերը` դրանցում անցկացվել են էներգաարդյունավետության միջոցառումներ։ Մասնավորապես, տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կաթսաներ, ինչպես նաև էներգախնայող լուսատուներ։
Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի հետ համագործակցությամբ ու ՄԱԶԾ-ի տեխնիկական աջակցության շնորհիվ։ Նախակրթական նշված հաստատությունները համալրեցին Երևանի համայնքապատկան այն մանկապարտեզների շարքը, որոնք էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել են։
2026 թվականին նախատեսվում է սկսել ևս 13 մանկապարտեզի հիմնանորոգումը:
Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, նախադպրոցական հաստատություններում էներգիայի սպառումը։
Կյանքի կոչվող այս կարևոր նախագծերը միտված են Երևանի փոքրիկների համար նոր ու ապահով միջավայրի ձևավորմանը։