Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Քաղաքապետի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է շնորհել մեդալ լեգենդար կինոօպերատորին:
«Այն մեծ ավանդը, որ Դուք ունեք հայ կինոյում, ինչպես նաև նոր սերնդի կրթության մեջ, անփոխարինելի է: Ձեր ծառայությունը հայ կինոարվեստին պարզապես անգնահատելի է: Այո, կինոյում մարդիկ չեն աշխատում, կինոյին ծառայում են: Այն ճանապարհը, որ Դուք եք անցել, ապահովել է մեր կինոյի ոսկե ֆոնդը: «Հայկական ֆիլմ» գաղափարի մի մեծ հատվածի վրա դրոշմված է Ձեր անունը»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:
Նշենք, որ Լևոն Աթոյանցը նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Քաոս», «Խոշոր շահում», «Զինվորն ու փիղը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի, «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալի, ինչպես նաև «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար: