Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ

04.03.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շինհրապարակում, այցելել կառուցվող բնակարաններ ու ծանոթացել պայմաններին: Արսեն Քարամյանը նշել է, որ բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենք, որոնցից 5-ը՝ 338 բնակարաններով, շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած 7-ը՝ 490 բնակարաններով, 2015թ. հուլիս ամսին: Նա նաև հավելել է, որ շենքերը կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով:  

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի այս հատվածում բնակիչների համար ապահովվի հարմարավետ քաղաքային միջավայր. «ՀՀ նախագահի հովանու ներքո 2008թ.-ից մեկնարկած այս ծրագրի շրջանակում արդեն 5 բազմաբնակարան շենքեր հանձնվել են շահագործման: Առաջիկա ամիսներին կավարտվի ևս 5-ի շինարարությունը: Եվ հաշվի առնելով, որ արդեն ձևավորվում է առանձին թաղամաս, անհրաժեշտություն է առաջանում ապահովել նաև բնակիչների հարմարավետությունը: Վստահ եմ՝ բոլորդ եք համոզվել, որ քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է նման ծրագրերին իր մասնակցությունն ունենալու և տարածքի բարեկարգման ու մեր համաքաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Ի դեպ, այս ծրագրի շրջանակում ևս 2 շենք էլ կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և այնտեղ ևս քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կապահովեն բնակիչների համար անհրաժեշտ պայմանները: Իսկ բնակարանների շահագործման հանձնելուց հետո մենք այստեղ նաև տրանսպորտային նոր երթուղիներ կավելացնենք: Ի դեպ, դեռ 2012 թվականին, երբ քաղաքապետարանի ճանապարհաշինական ծրագրերով իրականացրեցինք Ավանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին կապող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որը շուրջ 40 տարի փակ էր, նաև այս նպատակով էինք նախաձեռնել և այն այսօր ամբողջովին երթևեկելի է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:  

Հաշվի առնելով, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին Ծարավ Աղբյուրի փողոցի այս տարածքները խիտ բնակեցվելու են և նորակառույցների հարևանությամբ գտնվող ՀՀ ներքին զորքերի զորամասն էլ տեղափոխվելու է այլ վայր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանում քննարկվել է զորամասի տեղում քաղաքային պուրակ և մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը: Տեղում ծանոթանալով մանկապարտեզի և պուրակի նախագծերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել պուրակի ձևավորման և մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, պուրակի կառուցումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում, իսկ մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին: Վերոնշյալ ծրագրերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից. «Հստակ հանձնարարականներ տրվեց պատասխանատուներին, որպեսզի նախագծերը բերեն վերջնական տեսքի և սկսենք աշխատանքները: Պետք է նշեմ, որ շուրջ 230 երեխաներ հնարավորություն կունենան հաճախելու այդ մանկապարտեզ: Ընդ որում, նոր մանկապարտեզից և այգուց կօգտվեն ոչ միայն այս բազմաբնակարան շենքերի, այլև հարակից տարածքների բնակիչները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում ընդհանրապես իրականացվող սոցիալական բնակարանաշինությանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն առաջիկա տարիներին ևս շարունակելու է 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու  ծրագիրը. «2013թ. մենք բնակարաններով ապահովեցինք նման շուրջ 200 ընտանիքի, իսկ այս տարեսկզբին էլ հայտարարեցինք, որ 2015թ. կունենանք այդ նպատակով կառուցվող ևս երկու նոր բազմաբնակարան շենք: Սակայն ՀՀ նախագահի աջակցությամբ մենք կկառուցենք ևս երկուսը և մինչև 2015թ. տարեվերջ շահագործման կհանձնենք 4 շենք՝ շուրջ 400 բնակարաններով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուները տեղում քաղաքապետին են ներկայացրել նաև նորակառույց շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգերի անցկացման նախագծերը: Քաղաքապետը հանձնարարել է լուծումներ տալ նաև հարակից տարածքների սեփական տնատիրությունների համանման խնդիրներին:  
Նշենք, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ ՀՀ դրամ և դրանք իրականացվում են ՀՀ երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների, մարզիկների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական և հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետների համար:
Պատասխանատուները վստահեցրել են քաղաքապետին, որ ծրագրի շրջանակում կկառուցվեն նաև մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ, ծառուղիներ և տարածքն էլ կապահովվի արտաքին լուսավորության նոր համակարգով:  


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող նոր բազմաբնակարանների հարևանությամբ կհիմնվի քաղաքային պուրակ և մանկապարտեզ
Տեսնել ավելին