Շուտով Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոցի պողոտա հատվածի ստորգետնյա հետիոտնային անցումը կլինի բարեկարգ ու հարմարավետ
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ.-ի ծրագրով՝ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոցի պողոտա հատվածում շարունակվում են ստորգետնյա հետիոտնային անցումի նորոգման աշխատանքները:
Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը: Ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև անցումի վերգետնյա մասի արտաքին հատվածում: Փոխվում են պատերի ու թասակների բազալտե սալիկները, զուգահեռաբար բարեկարգվում են նաև աստիճանավանդակները:
Ստորգետնյա անցումի ջրամեկուսացման խնդիրը լուծելու նպատակով, կտեղադրվեն նաև անձրևորսիչ նոր ցանցեր, կիրականացվեն ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ավարտից հետո ստորգետնյա անցումով բնակիչների անցուդարձը հարմարավետ ու անվտանգ կլինի նաև գիշերային ժամերին: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվելու է նաև լուսավորության համակարգը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն