Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին հոկտեմբերի 31-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքական, հասարակական գործիչ Ֆրունզե Խառատյանի, արձակագիր Զորայր Խալափյանի և Հայաստանի առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու որոշումների մասին առաջարկներին:
Ավագանին հավանություն է տվել նաև Երևան քաղաքի ավագանու <<Հանրապետական կուսակցություն>> խմբակցության անդամ Հ. Թոքմաջյանի ` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ տեղակայված զբոսայգու 5.637 հա մակերեսով մասը բարեկարգելու, կանաչապատելու և հանգստի գոտու վերածելու վերաբերյալ առաջարկությանը։ Հ. Թոքմաջյանի առաջարկության համաձայն՝ մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն ավագանու որոշմամբ ընդունվել է որպես նվեր:
Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, ինչպես նաև <<Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի նոյեմբերի 25-ին: Հայտարարված ընդմիջմանը հաջորդել է հարցուպատասխանը, որի ժամանակ ավագանու <<Հանրապետական կուսակցություն>> խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանի՝ մայրաքաղաքում իրականացվող առողջապահական ծրագրերի մասով բարձրացված հարցին ի պատասխան ՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը նշել է, որ անցած ամիսների ընթացքում քաղաքապետարանի կողմից իրականացված բարեգործական երկու միջոցառումների ընթացքում բժշկական տարատեսակ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 8 հազար մարդ: Բացի այդ, այս տարի առաջին անգամ Երևան քաղաքի բյուջետային միջոցներով անհրաժեշտ նոր բուժսարքավորումներ են ձեռքբերվել: Ինչ վերաբերում է թ.7 և թ.8 համաբուժարանների միավորման ծրագրին, ապա այս ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանի՝ այս կամ այն շինարարության մասին օրենքով սահմանված կարգով հանրությանն իրազեկելու հարցին ի պատասխան նշվել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ ապահովվում է գործող օրենսդրության պահանջը, և գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում: Երևանի արտաքին լուսավորության և ընդհանրապես վերգետնյա մալուխային ցանցի վերաբերյալ <<Բարև Երևան>> խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանի հարցի առնչությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հարցը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: Ներկայում, մասնավորապես, ստորգետնյա ցանցի անցկացման պիլոտային ծրագիր է իրականացվում: Բավական ծավալուն այս ծրագրի իրականացման համար զուգահեռաբար բանակցություններ են ընթանում մասնավոր, այդ թվում նաև միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների հետ: Բացի այդ, նոր կառուցվող բոլոր փողոցներում լուսավորության ցանցը ստորգետնյա է:
Մայրաքաղաքի աղբավայրերի ճակատագրի վերաբերյալ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի կողմից բարձրացված հարցը պարզաբանելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարված մրցույթը կայացել է, և միջազգային 2 կազմակերպություններ արդեն հաղթող են ճանաչվել ու, համաձայն պայմանագրի, 2014 թվականի ապրիլի 1-ից կսկսեն իրականացնել մայրաքաղաքի սանմաքրման ու աղբահանության աշխատանքները: Ավելին, արդեն եկող գարնանը կհայտարարվի նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման և շահագործման միջազգային մրցույթ:
Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության պայմանագրի ընթացքի վերաբերյալ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հարցին ի պատասխան նշվել է, որ նախանշված բոլոր ուղղություններով կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել և հաջողությամբ իրականացվում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, ի թիվ այլ հարցերի, գործակցության մասով առանձնացվել է Ստեփանակերտում Ազատամարտիկների այգի հիմնելու համատեղ ծրագիրը՝ հատկանշելով, որ այն լինելու է Երևան քաղաքի նվերը Ստեփանակերտին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն