Տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ
Երևանի ավագանու` ապրիլի 14-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նշվել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ:
Անցնելով օրակարգի հարցերին` ավագանին քննարկել և հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցել կրթական համալիր: Համաձայն ծրագրի՝ համալիրը ներառելու է հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաև փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաև՝ բարեկարգ հանգստյան գոտի: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։ Նկատի առնելով վերը նշվածը՝ ավագանին որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը և շինություններն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը: Համաձայն ծրագրի՝ ընկերության կողմից նախատեսվող ներդրման չափը նախնական կազմում է 49.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Ավագանին հավանություն է տվել նաև «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուրի 55/6 հասցեին հարակից տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով բաշխվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին։ Ըստ այդմ, ավագանին որոշել է մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/26 հասցեում գտնվող շինությունը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ «Սասուն-Տարոն հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը լայնածավալ հասարակական, մշակութային, կրթական, սոցիալական, ռազմահայրենասիրական և գրահրատարակչական գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում, ինչպես նաև այն, որ կազմակերպությունը հիմնադրման օրվանից մեծ դերակատարում ունի Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանության և սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում, ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Էստոնական 12/3 հասցեում գտնվող հողամասը և շինությունը անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «Սասուն-Տարոն հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությանը:
Ավագանին նաև որոշումներ է կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սարկավագ Հովհաննես Ներսեսյանին և Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Հասմիկ Եղիազարյանին սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն