Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին: Հանդիպումը կազմակերպվել և անցկացվել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի նախաձեռնությամբ:
Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:
Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամությունն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին: