Տարոն Մարգարյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ

15.11.2011

Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր։ Նիստը վարել է քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։
Հաշվիչ հանձնաժողովի տվյալներով` նիստին ներկա է եղել ավագանու 49 անդամ։ Նախքան օրակարգի հարցին անցնելը, Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին ներկայացրել է ԿԸՀ նոյեմբերի 12-ին կայացած նիստի որոշումը, համաձայն որի` ՀՀԿ համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամ է ընտրվել Գեորգի Գաբրիելյանը։
Արտահերթ ընտրությունների ժամանակ <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երևանի քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին։
Ըստ այդմ, ավագանու <<Հայաստանի հանրապետական>> խմբակցությունն առաջադրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ <<Բարգավաճ Հայաստան>> խմբակցությունը թեկնածու չի առաջադրել և հայտարարել է, որ պաշտպանում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը։
Ներկայացնելով Երևանի քաղաքապետի թեկնածուին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը, համառոտ ներկայացնելով Տարոն Մարգարյանի կենսագրությունը, նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրելու հարցը քննարկվել և միաձայն ընդունվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնում և խորհրդում, ինչպես նաև ավագանու ՀՀԿ խմբակցությունում՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմիններում նրա աշխատանքային փորձը, կառավարման հմտությունները, մարդկային և բարոյական բարձր հատկանիշներն ու մայրաքաղաքի բնակչության շրջանում նրա բարի համբավը։
Իր խոսքում շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ շարունակելու է կուսակցության որդեգրած քաղաքականությունն ու դեռ 2009-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում երևանցիներին ներկայացված ծրագրերի իրականացումը։
Տարոն Մարգարյանը մասնավորապես շեշտել է, որ թիմային աշխատանքով անելու է ամենը, որպեսզի ապահովվի Երևանի համաչափ զարգացումն ու երևանցիների հարմարավետ առօրյան։
Այնուհետ հաշվիչ հանձնաժողովի նախագահը ավագանուն է ներկայացրել քվեաթերթիկի ձևն ու քվեարկության կարգը։ Երևանի քաղաքապետի ընտրությունը կայացավ քաղաքապետարանի ճեմասրահում` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն։
Հաշվիչ հանձնաժողովը ԶԼՄ-ների ու ավագանու անդամների ներկայությամբ կատարել է քվեաթերթիկների հաշվարկ, որից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուրեն Ներսիսյանը ավագանուն է ներկայացրել փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ հրապարակելով արձանագրությունը։ Քվեարկության արդյունքում ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի 54-րդ քաղաքապետ է ընտրվել Տարոն Անդրանիկի Մարգարյանը։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տարոն Մարգարյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տեսնել ավելին