Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ

24.03.2025

Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր հենց ցուրտ եղանակին:  Երևանում տնկվել են շուրջ 250 հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ: 
***
Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34  բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։ 
Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում է եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն  օդի որակի բարելավմանը։ 
***
Մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական էտը և ձևավորումը: Գործընթացը կիրականացվի շուրջ 300 բակերում, 19 այգիներում ու 18 պողոտաներում և փողոցներում: 
***
Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը կազմել է 2 մլն 322 հազար 673: Տրոլեյբուսներում՝ 83 հազար 715,  մետրոպոլիտենում՝ 487 հազար 609, ավտոբուսներում՝ 1 մլն 751 հազար 351: 
***
Խորհրդակցության ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները զեկուցել են բակային տարածքներում և այգիներում կատարվող ու նախատեսվող աշխատանքների մասին։

Լուսանկարներ