Շուրջ 3000 երեխաներ կավճանկարներով իրենց սերն են նվիրել Սիրո քաղաք Երևանին

14.10.2017

Մայրաքաղաքի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակն ամբողջությամբ փոքրիկ երևանցիների տնօրինմանն էր հանձնված: «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով տոնական կավճանկարչությունը հրաշալի հնարավորություն էր շուրջ 3000 երեխաների համար նաև նկարներով արտահայտելու իրենց սերը՝ հանդեպ սիրելի քաղաքի: Փոքրիկ նկարիչների աշխատանքներին շրջել և ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատկերված նկարների գերակշիռ մասն, անշուշտ, մանուկների պատկերացրած Երևանն էր, որն առլեցուն էր սիրով, արևով, ժպիտով ու բազմերանգ ծաղիկներով: Աշխատանքներում տեղ էին գտել նաև մայրաքաղաքում երեխաների սիրելի վայրերը, այդ թվում իրենց բակերն ու խաղահրապարակները: Նախաձեռնությանը միացած փոքրիկ երևանցիների համար ապահովվել էր գունավոր կավիճների անսահմանափակ քանակ, միջոցառումն էլ ուղեկցվում էր համերգային ծրագրով: 

Երևանի օրվա առթիվ շնորհավորելով փոքրիկ երևանցիներին և նրանց ծնողներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ մայրաքաղաքում արվելու է ամեն ինչ, որ վաղվա Երևանի լիարժեք տերերին՝ փոքրիկ երևանցիներին, փոխանցվի ավելի բարեկարգ ու հարմարավետ Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութ

Շուրջ 3000 երեխաներ կավճանկարներով իրենց սերն են նվիրել Սիրո քաղաք Երևանին
Տեսնել ավելին