Շուրջ 30 ավտոբուսներ շուտով կհամալրեն երևանյան երթուղիները. կայացել է ավագանու հերթական նիստը
Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալրվեց ևս 30 նոր շարժակազմով: Ավագանու հերթական նիստում համայնքին մատակարարված ավտոբուսների շահագործումը հանձնվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ համայնքն ընթացիկ տարում նախատեսում է 8,5 մետրանոց շուրջ 200 ավտոբուս ձեռք բերել, հետագայում՝ նաև 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուս։
***
Հաշվի առնելով միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի վերաբերյալ կառուցողական քննադատությունները, առաջարկներն ու հանրային լայն քննարկումները՝ հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից:
***
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի, Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի և Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին: