«Շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր». Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման սահմանված չափորոշիչներում

18.04.2023

ՀՀ կառավարությունն այս տարի Երևան համայնքին շուրջ 10 մլրդ դրամ կհատկացնի՝ կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով: Հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին՝ փոփոխություններ կատարելով 2023թ. բյուջեում: Մասնավորապես, ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով.  
1.    Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 25 տարի շահագործվող 4239 վերելակից վերջին տարիների ընթացքում արդեն իսկ փոխարինվել է 1041-ը, ընթացիկ տարում այդ ցուցանիշը կհասնի 1614-ի, բացի այդ, 2023թ. համայնքը սեփական միջոցներով ևս նախատեսում է փոխարինվող վերելակների ավելացում:  
2.    Նոր Խարբերդ թաղամասում նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար: Ծրագրի շնորհիվ գազամատակարարմամբ կապահովվի շուրջ 250 տուն, որը կազմում է թաղամասի 10 %-ը: Նախագիծը հնարավորություն կտա գազիֆիկացման գործընթացը դարձնել շարունակական: 
3.    Կհիմնանորոգվեն Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական, Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող այգիները: 
4.    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կկառուցվի շատրվանային համալիր, կձևավորվի հարմարավետ հանգստյան գոտի: 
5.    Նոր ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզներում, կբարեկարգվեն նաև Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները: Հիմնանորոգման ծրագրի շրջանակում, ի դեպ, որոշ մանկապարտեզներում հնարավոր է դառնում ավելացնել խմբերի թիվը: 
6.    Քաղաքացիներին որակյալ բուժծառայություններ մատուցելու նպատակով ընթացիկ տարում կհիմնանորոգվեն Արաբկիր վարչական շրջանի հ.11 և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկաները, որոնք սպասարկում են 112270 բուժառուի։
7.    Նորք-Մարաշում այլընտրանքային ճանապարհի հնարավորություն կստեղծվի։  Կկառուցվի 1381մ երկարությամբ նոր ճանապարհ, որով Գարեգին Հովսեփյան փողոցը կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին: 
8.    Նախատեսվում է Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որի բացակայությունը տասնամյակներ շարունակ անհարմարություն է պատճառել բնակիչներին ու դպրոցին: 
9.    Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանների թվով 19 փողոցում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Կփոխվի շուրջ 18,6 կմ ասֆալտի ընդհանուր ծածկը: 
10.     «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» ծրագրի շրջանակում էլ նախատեսվում է ձեռք բերել 14 հատ թունելային հզոր օդափոխիչ:
Բոլոր ծրագրերի համար հայտարարված մրցույթներն, ի դեպ, արդեն կայացել են:  

***
Արտաքին գովազդի շատ վահանակներ ու շենքերին փակցված գովազդներն այսօր աղավաղում են երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը: Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ համակարգային փոփոխության հիմքում դրված է մեկ նպատակ՝ կանոնակարգել ոլորտն ու լուծումներ տալ առկա խնդիրներին. «Երևանցիները, տնտեսվարողները պետք է հասկանան, որ շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր: Գովազդը պետք է հարմարվի շենքին՝ հնարավորին համեստ լինի և չխաթարի արտաքին տեսքը, և ոչ թե հակառակը: Առաջնային փուլով մենք անդրադառնում ենք ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող սուբյեկտներին, որովհետև իրենք առավել լավ պետք է պատկերացնեն, թե ինչպես է պետք պատասխանատու գործունեությամբ զբաղվել Երևանում, և երկրորդ փուլով՝ արդեն իրազեկման աշխատանքներով, հորդորներով նաև տուգանքների կիրառմամբ ու գովազդների ապամոնտաժմամբ մենք պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքը չունենա այն տեսքը, որն այսօր առկա է մայրաքաղաքում»:  

***
Երևանի ավագանու որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցն այսուհետ կկրի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը՝ հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցն էլ նրբանցքներով՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անունը: 
***
Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչվեց Եգիպտոսի անվամբ: Միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչին զուգահեռ՝ Եգիպտոսում կանվանակոչվի փողոց Հայաստանի կամ Երևանի անվամբ: 
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվեց նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի, Երևանի հ.163 հիմնական դպրոցն էլ՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անունով: 
***
Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում կտեղադրվի Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը: Նա նորագույն հայոց պատմության կարևորագույն կերպարներից է, ով կարողացավ փրկվել Ցեղասպանությունից և ամբողջ աշխարհին պատմել Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած դաժանագույն իրադարձությունների մասին:
***
Երևանի Մանկական այգում կտեղադրվի հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը:  
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսուհետ կկրի «Կենդանիների խնամքի կենտրոն» անունը: Երևանի ավագանուն ներկայացված նախագիծը ենթադրում է ավելացնել կացարանների ստեղծման և շահագործման գործառույթները, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված նպատակների շրջանակներում կենդանիների  խնամքի և մոնիթորինգի իրականացումը:  Համայնքային կազմակերպության տնօրենը նշեց, որ ստերջացումն ամբողջ աշխարհում գլխաքանակի կանոնակարգման ընդունված լավագույն տարբերակն է, և համայնքը կարողացավ այդ կերպ Երևանում թափառող կենդանիների գլխաքանակը բերել կառավարելի զանգվածի, այսօր արդեն հաջորդ փուլով ստեղծվում են կացարաններ: Հարություն Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ գործընթացը չի ենթադրում, որ միանգամից մայրաքաղաքում մասսայական կհավաքվեն կենդանիները, այն կիրականացվի փուլ առ փուլ և հնարավորություն կտա գնալ խնդրի վերջնական լուծման: 
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 23-ին: