Շարունակվում են նախապատրաստական աշխատանքները Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ
Երևանի հիմնադրման օրվա «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով հոկտեմբերի 14-ին անցկացվելիք «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ տոնական միջոցառումների ծրագրի մաս կազմող սոցիալական ծրագրի շրջանակում նախորդ շաբաթ իրականացվել են տնայցեր ավելի քան 2000 ընտանիք:
Պատասխանատուները զեկուցել են նաև, որ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությամբ շաբաթվա ընթացքում ստացված` ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնող քաղաքացիների զանգերը կամփոփվեն և կուսումնասիրվեն՝ հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի տոնին ընդառաջ ընթացքի մեջ են նաև Երևանի փողոցների արտաքին տեսքի ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երևանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երևանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ ձևավորումով և լուսավորությամբ:
Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև տնտեսվարողների կողմից իրականացվող ձևավորման աշխատանքներին, որպեսզի դրանք ևս համահունչ լինեն քաղաքի տոնական ձևավորմանը:
«Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն ընթանում է նաև տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով տարվող նախապատրաստական աշխատանքները պահել ամենօրյա խիստ հսկողության տակ: Հանձնարարվել է նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ գիշեր ապահովելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն