Շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը

04.06.2022

Շուրջ երեք տարի տևած շինարարությունից հետո շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույցում: Շիրակ փողոցի հետ հատման վայրում էլ կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Նորակառույց ճանապարհի ու Երևանի 5-րդ խոշոր կամրջի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը, կառավարության ու Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

 

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26մ: Մետաղական կամուրջն ունի 252մ երկարություն և 28մ լայնություն:

 

«Մեր քաղաքացիները և Երևանի հյուրերը հնարավորություն կունենան երթևեկել Աշտարակից, շրջանցելով քաղաքի կենտրոնը՝ հասնել մինչև Արգավանդ, և կամրջի ավարտից հետո Շիրակի փողոցով միանալ Արարատի մարզին: Դրա շնորհիվ Երևանում կնվազեն խցանումները, ինչը մեծ նշանակություն կունենա նաև քաղաքի ուղևորափոխադրումը ճիշտ կազմակերպելու տեսակետից: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել Ասիական զարգացման բանկին, քանի որ բանկի վարկային միջոցներով հնարավոր դարձավ իրականություն դարձնել այս ճանապարհահատվածի կառուցումը՝ հատկապես, որ ճանապարհի այս հատվածը մեր քաղաքի ամենակարևոր ու կենսականորեն անհրաժեշտ կառույցներից մեկն է: Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագծող և վերահսկող «Էգիս ինթերնեյշնլին» և «Լևանտինա Ինջեներիա Քոնստրուցիոն» կապալառու կազմակերպությանը, որոնց մասնագիտական աշխատանքի շնորհիվ այսօր շահագործման ենք հանձնում անվտանգ և երթևեկության տեսանկյունից հարմարավետ ճանապարհ»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետը:

 

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցված ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկել է 2019թ.-ին: Այն գործընկեր միջազգային կառույցների հետ համատեղ կյանքի կոչված հաջողված ծրագրերից է:

 

«Այս գեղեցիկ կամրջի շինարարությունն ակնառու հաջողություն է։ Այն ճարտարագիտական մտքի խիզախում է և համապատասխանում է եվրոպական չափանիշներին՝ բարձր անվտանգության ապահովման իր միջոցառումներով։ Հատկապես կարևոր է նշել, որ այն փոխում է երթևեկության ուղղությունը՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը, ինչը 17 րոպեով կրճատում է մայրաքաղաքի հյուսիսից հարավ ուղևորության ժամանակը։ ԱԶԲ-ը հպարտ է, որ ֆինանսավորել է այս կարևոր ծրագիրը՝ որպես իր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի մաս, որն աջակցում է Երևանի քաղաքապետարանին քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում»,- նշել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը:

 

 

Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ: Ծրագրի իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265մլն ՀՀ դրամ:

 

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Տեսանյութ

Շահագործման է հանձնվել  Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը