«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում կայացել է «BILLY՚s BAND» խմբի համերգը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ներկա է գտնվել «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում կազմակերպված համերգին, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը: Հարկ է նշել, որ բազմաժանր այս երաժշտախումբն արդեն 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում՝ հանդես գալով աշխարհի տարբեր երկրներում: Համերգային ծրագիրը մեկտեղել էր բլյուզի, ջազի ու ռոքի սիրահարներին:
Այնուհետ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը շրջել է գիշերային Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության ու գիշերային Երևանն անձամբ ներկայացնելու համար՝ Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ գիշերային Երևանն իսկապես յուրօրինակ հմայք ունի, որի մեջ ամբողջացած է Երևանի գեղեցկությունը, ջերմությունն ու հյուրընկալությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն