Ռաֆայել Լեմկինի անվան փողոց՝ Երևանում
Մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել հայտնի իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ համաշխարհային ֆորումի մասնակիցներ, հյուրեր: Ներկաներն իրենց ելույթներում առանձնակի կարևորել են Ռաֆայել Լեմկինի ավանդը Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնման և միջազգային ճանաչման, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում ու նկատել, որ Երևանում նրա անվամբ փողոց ունենալը յուրօրինակ մեծարում է:
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ այս փողոցը ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման տեսանկյունից ևս մեկ ազդակ կհանդիսանա:
Ցեղասպանության կանխարգելման խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամա Դիենգն էլ իր հերթին հույս է հայտնել, որ այս նախաձեռնությանը կհետևեն նաև աշխարհի տարբեր քաղաքապետարաններ:
Փողոցի անվանատախտակի բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետի տեղակալն ու ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: