Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով

30.08.2021

Հայաստանի տարածքում ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրն իր ստեղծման օրերից՝ 1950-ականներից ի վեր, մշտապես բաց է եղել: Աղբի մեծ կուտակումներից առաջացող թունավոր գազերն արտանետվում են մթնոլորտ, մեթան գազը նաև բռնկվող հրդեհների հիմնական պատճառ է դառնում: Այսօր Նուբարաշենի աղբավայրի շուրջ 70 տոկոսը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ ծածկվել է հողի մոտ 2 մետրանոց շերտով:

 

«Էրեբունի» ընկերության աշխատակիցներն ասում են՝ գործը միայնակ գլուխ բերել չէին կարող: Երևանի քաղաքապետարանի օգնությամբ են մոտակա բլուրներից մոտ տասը միավոր տեխնիկայով հողն այստեղ տեղափոխել:


«Աղբավայրի տարածքն այս ամբողջն է՝ մոտ 32 հա, սև հողերը, որ երևում է, խորհրդային տարիների աղբն է, մյուս հատվածները հողածածկ են արդեն: 2019թ. արվեց գործի մոտ 50 տոկոսը, այս տարի արդեն 70 տոկոս դարձավ հողածածկ տարածքը: Անկեղծ ասած, երբևէ այսպիսի օգնություն չի եղել մեզ: Ըստ անհրաժեշտության՝ քաղաքապետարանը տրամադրում է համապատասխան տեխնիկա:»,-ասում է «Էրեբունի» ՍՊԸ հարթակի կառավարիչ Վահրամ Կարապետյանը:


Աղբավայրի մի հատվածը շարունակում է բաց մնալ: Այստեղ ամեն օր կուտակվում է մոտ 1000 տոննա աղբ: Երևանի քաղաքապետարանի «Նոր աղբավայր» ընկերության պատասխանատուներն ասում են՝ տարածքի մեծ մասի հողածածկումը խնդրի ժամանակավոր լուծում է, մինչև կկառուցվի նոր աղբավայր: Առայժմ մրցութային գործընթաց է. նախատեսվում է փակել հին աղբավայրն ու կառուցել նորը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան: Մինչև այդ, քաղաքային իշխանությունը շարունակում է 3 տարի առաջ սկսած աշխատանքները:


«2019թ. աղբավայր մտնող և դուրս եկող ճանապարհն ասֆալտապատվել է, լուսավորությունը քաշված է: Պահակակետ է կառուցվել»,- նշում է Աղբավայրի պատասխանատու Բորիս Ավագյանը:


Աղբավայրի ամբողջ տարածքն էլ ցանկապատվել է: Թիթեղյա պատը տեղ-տեղ հասցրել են վնասել, ոմանց համար էլ այն գայթակղիչ գողոնի հասցե է դարձել: Քաղաքացիների համար հաճախ աննկատ մնացող աշխատանքներն իրականում քաղաքի աղբահանության ճիշտ ու արդյունավետ կազմակերպման մի մասն են: Նուբարաշենի աղբավայրը քաղաքի էկոհամակարգի գլխավոր խնդիրներից է, որին քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին վերջնական լուծում տալ:

Տեսանյութ

Նուբարաշենի աղբավայրի մեծ մասը ծածկվել է հողով