Նոր նախագիծ՝ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար

06.02.2024

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար շրջանառության մեջ է դրվել ավագանու որոշման նոր նախագիծ: Նախատեսվում է ունենալ մեկանգամյա ու բազմակի օգտագործման, մեկօրյա, շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան տոմսեր: 
«Այս փոփոխությամբ մեր տրանսպորտային համակարգն ինքնաբավ չի դառնում: Միևնույն է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է: Այս նախագիծն ուղղված է այն բանին, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 
Գլխավոր խնդիրը՝ կթանկանա՞ տրանսպորտը, թե՝ ոչ, փոխքաղաքապետն ընդգծում է՝ փոփոխություններ լինելու են, սակայն տարբեր խմբերի համար՝ թոշակառուներ, ուսանողներ, կսահմանվեն արտոնություններ:  
Լինելու են վճարման մի քանի տարբերակներ՝ քարտեր, թղթային տոմսեր՝ QR կոդերով, էլեկտրոնային տոմսեր: Դրանք կակտիվանան առաջին անգամ օգտագործելուց հետո և  ժամկետի մեջ կլինեն սահմանված ժամերի կամ օրերի քանակով:
Կախված տոմսի տեսակից՝  կտարբերվի նաև մեկ ուղևորության արժեքը: Օրինակ՝ 1 օրվա տոմսը, որը ներառում է 8 ուղևորություն, էլեկտրոնային տոմսի պարագայում յուրաքանչյուր օգտագործման համար կհաշվարկվի 110 դրամ, թղթայինի՝ 112.5 դրամ:
«Նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության հավելվածի միջոցով զեղչ է գործելու, ինչը նույնպես հիմնավորված է, որովհետև ֆիզիկական կրիչների դեպքում ավելի շատ ծախս է ենթադրվում: Նպատակը՝ ամբողջը բերել նաև թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ, տեսանելի դաշտ» ,-նշել է Գրիգորյանը:
Այլ, ավելի բարձր սակագներ կունենան «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ զբոսաշրջիկների համար տոմսերը:
Ի դեպ, նույն տոմսից տարբեր փոխադրամիջոցներում միաժամանակ տարբեր անձինք չեն կարողանա օգտվել: 
Աշնանը Երևանում կլինեն նաև 171 հատ 8.6 մետրանոց ավտոբուսները, ինչն էականորեն կբարելավի ոլորտն ու կնվազեցնի սպասելաժամանակը: 
Ավագանու որոշմամբ քաղաքային իշխանությունը վստահ է, որ կվերանա նաև ստվերային շրջանառությունը, ինչը պայմանավորված է մանրադրամով վճարելու փաստով: Մինչ այդ քաղաքապետարանը բաց է քննարկումների և առաջարկների համար: 
Տրանսպորտային բարեփոխումները համալիր ու շարունակական գործընթաց են:
 

Տեսանյութ

Նոր նախագիծ՝ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու համար
Տեսնել ավելին