Նոր միջոցներ ու լուծումներ՝ թանգարանի կերպարվեստի հավաքածուի պահպանության համար
Երևան քաղաքի պատմության թանգարանում 2022թ. իրականացված ծրագրերի թվում շատ կարևոր էր թանգարանի կերպարվեստի առարկաների հարկադարակների փոխարինումը թանգարանագիտության արդի պահանջներին համապատասխան՝ կտավների պահպանմանն անհրաժեշտ ցանցադարակներով: Դրանք երկկողմանի են, ունեն ճկուն տեղաշարժի հնարավորություն, ինչը կատարվում է և´ մեխանիկական ձևով, և´ հեռակառավարման վահանակով: Ցանցադարակների տեղադրումից հետո դրանց վրա արդեն փակցվել է թանգարանի գեղանկարների հարուստ և արժեքավոր հավաքածուն, որոնցում պատկերված է մայրաքաղաք Երևանը՝ սկսած 20-րդ դարի սկզբներից:
Պահպանության այսպիսի միջոցների կիրառումը նորարարություն է, ինչի շնորհիվ բոլոր կտավները տեսանալի են, ֆոնդից օգտվելը դարձել է դյուրին, իսկ նկարները չեն վնասվում:
Նշենք նաև, որ ծրագրի իրագործման ընթացքում շարունակվել է գեղանկարների վերականգնումը, ինչպես նաև փոխվում են հնամաշ ու վնասված շրջանակները և պատրաստվում ցուցադրության:
Ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: