Նոր գործակցություն՝ առողջապահության ոլորտում

10.06.2022
Առողջապահություն

Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն ու Մոսկվայի Ն. Ֆիլատովի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցը ստորագրել են փոխըմբռնման և գործակցության համաձայնագիր:

Բուժկենտրոնները կմիավորեն ուժերը՝ առողջապահության ոլորտում կրթական, գիտական նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:
Համաձայնագրով նախատեսվում է հիվանդների՝ բժշկական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ախտորոշման, բուժման և վերականգնման փորձի փոխանակում, ինչպես նաև կկատարվեն վիրահատություններ:
Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, կարևորելով գործակցության ընդլայնումը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը.
«Երեխաների առողջության պահպանումը մեզ համար առաջնահերթ է: Այս առումով քաղաքային իշխանության ծրագրերը շարունակական են: Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցն առաջատար է իր նորարարական մոտեցումներով: Կարծում եմ՝ փոխգործակցությունը երկու կողմերի համար էլ կլինի արդյունավետ»,-նշել է Գևորգ Սիմոնյանը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն իր հերթին նշել է, որ թեև տևական ժամանակ գործակցում էին մոսկովյան մասնագետների հետ, սակայն համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բուժկենտրոնների համար:
180-ամյա պատմությամբ Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան իր խոսքում ընդգծել է հայ գործընկերների մասնագիտական հմտություններն ու վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով կփրկվեն շատ փոքրիկների կյանքեր:
Միջոցառումն անցկացվել է Մոսկվայի տան աջակցությամբ: Ստորագրման արարողությունից հետո պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկու գլխավորությամբ բժիշկներն շտապել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ կատարելու բարդագույն երկու վիրահատություն:

Լուսանկարներ

Տեսնել ավելին