Նոր բարեփոխումներ և նոր լուծումներ են սպասվում կենդանաբանական այգում
Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը: Երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար այգու տարբեր հատվածներում առանձին անկյուններ էին ձևավորված:
Թե ինչպես է այգին պատրաստվել, ինչ փոփոխություններ հասցրել անել, Երևանի քաղաքապետն անձամբ է ծանոթանում:
Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամների ուղեկցությամբ Հրաչյա Սարգսյանը շրջեց տարածքում, լսեց հիմնախնդիրներն ու հետևեց տարվող աշխատանքներին:
«Վերջին երեք տարիներին բավական մեծ աղմուկ էր այգու շուրջ: Այս պահին մենք ամբողջությամբ արձանագրել ենք առկա խնդիրները, և արդեն իսկ համապատասխան լուծումներն են տրվում: Ակնհայտ է, որ նոր տնօրենի նշանակմամբ փոփոխություններ կան, բացի այդ նաև խորհրդի հետ ենք քննարկում առաջիկա անելիքները: Քաղաքապետարանը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները մոտ ապագայում լուծելու համար»,-ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:
Այգում այսօր պահվում է մոտ 143 կենդանատեսակ: Դրանցից յուրաքանչյուրն առանձին խնամքի կարիք ունի: Առաջնահերթը կենդանիների սննդի խնդիրն էր: Քաղաքապետին վստահեցնում են՝ այս պահին խնդիրը կարգավորված է:
Անելիքներ այգում դեռ շատ կան: Այստեղ ամեն մի անկյուն պետք է լինի բարեկարգ և օգտագործվի նպատակային: Այգու գրեթե բոլոր հատվածներից երևացող, թռչունների պահման համար նախատեսված շենքն առաջիկայում ամբողջությամբ կվերակառուցվի ու կբացի դռները հատուկ նախագծով:
«Տպավորություն է, որ այստեղ ժամանակը կանգ է առել 1980-ական թվականներից հետո: Կա նպատակ, որպեսզի մեր ենթակայության հիմնարկներում կրթական ծրագրեր ունենանք: Այստեղ բարեկարգման աշխատանքներ կիրականացնենք»,-նշում է քաղաքապետը:
Նախորդ մեկ տարվա ընթացքում կենդանաբանական այգին 230.000 այցելու է ունեցել: Սա այգու լավագույն ցուցանիշը չէ: Կառավարման նոր մոտեցումները, կառուցվածքային փոփոխություններն ու նոր ռազմավարությունը այգու զարգացման նոր հնարավորություն կտան: