Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը

07.06.2024
Կանաչ զարգացում

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը  հանդիպել է Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության ծրագրով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային համակարգող գործընկերների հետ: 
Բարձր գնահատելով քաղաքային կառավարումն ավելի արդյունավետ ու մասնակցային դարձնելու համատեղ ջանքերը՝  փոխքաղաքապետը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում Երևանը հասցրել է մշակել և լավագույնս իրականացնել մեկամյա գործողությունների ծրագիր` նպաստելով քաղաքային իշխանության հաշվետվողականության, գործունեության թափանցիկության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: 
«Առաջիկայում ևս Երևանը նախատեսում է շարունակել ակտիվ ներգրավվածությունը բաց կառավարման օրակարգի ձևավորմանը` մշակելով արդեն առավել հավակնոտ հանձնառություններով քառամյա գործողությունների ծրագիր»,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում առավել մանրամասն ներկայացնելով նոր ծրագիրը՝ նշվել է, որ նախատեսվում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական թվայնացում: Այս առումով Երևանն աշխատանքներ է տանում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: 
Քաղաքապետարանը մեկնարկում է նաև «Մասնակցային որոշումների կայացում» նախաձեռնությունը, ինչի նպատակը մասնակցային ծրագրահեն բյուջետավորումն է լինելու: Այս նախաձեռնության ապագա զարգացումը Երևանը տեսնում է «Citizen Lab»-ի ներդրմամբ: Նախատեսվում է նաև համայնք-քաղաքացիական հասարակություն երկխոսության ամրապնդմանը միտված համակարգային գործիքակազմի ներդրում:
Լևոն Հովհաննիսյանը կարևոր է համարել նաև վերջերս արդիականացված «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի գործարկումը, որը նոր հնարավորություններ է ընձեռում հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում առավել շատ քաղաքացիների ներգրավելու և մասնակցային որոշումներ կայացնելու գործընթացը զարգացնելու տեսակետից:  
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծրագիրը ներկայացնելու համար՝ «Բաց կառավարման գործընկերության» ներկայացուցիչներն ընդգծել են, որ պատրաստ են շարունակել աջակցությունը Երևանին՝ վստահ լինելով, որ քաղաքը տարեցտարի կգրանցի նոր հաջողություններ: 
««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն կարևոր երկխոսություն է ստեղծում շահագրգիռ կողմերի միջև, այլև ապահովում նախաձեռնության անդամ երկրների հետ տարածաշրջանային խնդիրները վերհանելու և քննարկելու գործընթաց: Մեզ համար ոգևորիչ էր նաև, որ նախորդ տարի գլխավոր գագաթնաժողովին Երևանը ճանաչվեց «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխության հաղթող»,-նշել է Բաց կառավարաման արևելյան գործընկերության տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:
«Երևանն իր գործուն մասնակցությամբ ու հաջողություններով իրապես ոգեշնչում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող տեղական համայնքներին:  Վստահ եմ, որ մեր շարունակական գործակցությունը պետք է ընդլայնվի»,- ասել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ղեկավար Խոսե Մարիա Մարինը:
Կողմերը շարունակելու են գործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նոր արդյունքների հասնելու համոզմունքով: 
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին