Մոսկվայում անց է կացվել ամենամյա «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնը
Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները փոխանցելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը փառատոնին մաղթել է հաջող ընթացք:
Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
Հարկ է նշել, որ «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում, որը կազմակերպվում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի նախաձեռնությամբ, ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։ Տոնավաճառ-փառատոնը մշտապես ուղեկցվում է համերգային և մշակութային ծրագրերով։
Այս տարի փառատոնի շրջանակներում անց է կացվել նաև «Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն