«Միասին մենք կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված». Տիգրան Ավինյան
Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:
ՏԻՄ համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Շնորհավորելով տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններն ունեն մեծ պատասխանատվություն՝ քաղաքացիների կյանքը բարելավելու, համայնքներում որակյալ ծառայություններ մատուցելու և համայնքային կյանքն առավել արդյունավետ դարձնելու համար:
«Հաջողությամբ ինքնակառավարվելու համար մենք պետք է ունենանք բավարար ներուժ և կարողություններ՝ արդյունավետորեն օգտագործելու մեր ռեսուրսները և արձագանքելու նոր մարտահրավերներին: Սա ենթադրում է շարունակական կրթություն, վերապատրաստում, ժամանակակից գործիքներ ու մեթոդներ, ինչպիսին է արհեստական բանականության հետ գրագետ աշխատանքը, ինչը կարող է փոխարինել 100-ավոր խորհրդակցությունների ժամեր: Այս ամենն է, որ թույլ կտա իրականացնել արդյունավետ կառավարում: Սեփական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնուրույնությունը և ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման են իրական ինքնակառավարման համար: Այս ուղղությամբ մենք պետք է նպաստենք այնպիսի օրենսդրական և տնտեսական միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՏԻՄ-երին ապահովել ֆինանսական կայունություն և որոշումների կայացման հարցում լինել անկախ: Այս ամենը պահանջում է համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, համատեղ ջանքեր և միասնական տեսլական՝ մեր երկրի զարգացման և ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված, որտեղ համայնքային կյանքն ավելի կայուն ու բարեկեցիկ կլինի: Երևանը, լինելով մեր երկրի ամենամեծ համայնքը, պատրաստ է ներկայացնել իր փորձը և աջակցել մյուս համայնքներին՝ որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերն ունենան անհրաժեշտ հնարավորություններ՝ իրենց ինքնակառավարման ամբողջ ներուժն իրացնելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ մեր համայնքները միասին ավելի ուժեղ և կենսունակ լինեն»,- նշել է քաղաքապետը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը: