«Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ». Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան
Շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ու Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Իրանում Կլիմայի փոփոխության համաժողովի COP 26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանի հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը:
Ներկայացնելով կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության գործում համայնքի նախաձեռնած ծրագրերը՝ քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերում արևային պանելների տեղադրմանը, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել վերականգնվող էներգիան և ունենալ արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու ընդհանուր օգտագործման այլ տարածքներ:
Հրաչյա Սարգսյանը խոսել է նաև ճանապարհաշինության, աղբի տեսակավորման և կանաչապատման ծրագրերից: Տրանսպորտային համակարգի նոր բարեփոխման շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել նոր տրոլեյբուսներ, ներդնել «խելացի» լուսացույցներով կառավարվող համակարգ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքային ծրագրերը մանրամասն ներկայացնելու համար՝ Դեյվիդ Մորանը կարևորել է քաղաքային իշխանությունների հետ գործակցության հաստատումն ու ընդգծել, որ քաղաքապետարանները կարևոր դեր ունեն կլիմայի փոփոխության ու CO2 գազի արտանետումները նվազեցնելու գործում: