«Մենք շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար». Տիգրան Ավինյան

12.07.2024

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելուն ուղղված հարցեր են քննարկվել ոլորտային խնդիրներով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում: Օրակարգը հագեցած էր, իրականացվող ու դիտարկվող ծրագրերը՝ համակարգային լուծումներով:

«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով և մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր` Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2023թ. իրականացված ու 2024թ. ընթացիկ ծրագրերը, որոնք միտված են Երևանն առավել հարմարավետ դարձնելուն:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների նախագծով արդիականացվող ավտոբուսային պարկն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, երևանյան գետնանցումներում շարունակվում է հատուկ վերելակների տեղադրման գործընթացը, այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 450 թեքահարթակ, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում սահմանվել են հստակ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: Նախաձեռնություններն առանձնանում են նաև մշակութային, կրթական, մարզական ու սոցիալական ոլորտներում:

Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք փուլ առ փուլ կյանքի կոչելու ընթացքում այդ կազմակերպությունները ևս կդառնան քաղաքի գործընկերն ու աջակիցը:

Լուսանկարներ