Մեկնարկում է Երևանյան միջազգային թատերական փառատոնը
Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18-ը կանցկացվի Երևանյան միջազգային թատերական փառատոնը:
Առաջին անգամ Հայաստան կժամանեն հռչակավոր թատրոններ՝ փարիզյան Օդեոնը, Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնը։ Կհյուրընկալվեն նաև թատրոններ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից։
Փառատոնի նպատակն է ոչ միայն հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, այլև նոր ուղի բացել հայ թատրոնի միջազգայնացման համար և մասնագիտական զարգացման հնարավորություն ընձեռել մշակույթի գործիչներին:
Թատերական փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Երևանյան հանդիսատեսը պետք է հնարավորություն ունենա վայելելու բարձրարժեք արվեստը, այդ թվում՝ թատերարվեստը: Քաղաքային իշխանություններն այս ուղղությամբ արդեն իսկ մի շարք նախագծեր են կյանքի կոչել: Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար ակտիվանալու է՝ մեծացնելով թե՛ միջոցառումների մասշտաբը, թե՛ որակն ու բովանդակությունը: Սա է մեր որդեգրած քաղաքականությունը, որով Երևանը կմեծացնի իր դերն ու հեղինակությունն աշխարհում՝ բարձրարժեք մշակույթի տարածմամբ և հանրայնացմամբ ու կդասվի առաջավոր մշակութային քաղաքների շարքին»,- ընդգծել է քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: