Մեկնարկել են համայնքի արդյունավետ կառավարմանը նպաստող թվային համակարգային բարեփոխումներ
Հերթեր, թղթեր. ամեն օր տասնյակ քաղաքացիներ, տնտեսվարողներ ու կազմակերպություններ են այս կամ այն հարցով դիմում Երևանի քաղաքապետարան, վարչական շրջաններ կամ էլ համայնքային կառույցներ:
Ինչպե˚ս մատուցվող ծառայությունները դարձնել ավելի մատչելի: Ոլորտի բարելավումը քաղաքային իշխանությունը տեսնում է ծառայությունների ամբողջական թվայնացմամբ: Որպեսզի քաղաքացու թղթային ոչ մի նամակ կամ դիմում չկորչի ու սահմանված ժամկետում պատասխան ստանա, ապրիլի 1-ից քաղաքապետարանը գործարկեց փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը:
«Կարծում եմ՝ սա լուրջ հիմնարար փոփոխություն է, որը կնպաստի արդյունավետության բարձրացմանն ու կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- դեռ ապրիլին կայացած աշխատանքային խորհրդակցությանը նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքը միանգամից մի քանի թվային նախագիծ է պատրաստում: Ամբողջությամբ թարմացվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական Yerevan.am կայքը:
«Քաղաքապետարանի կայքը մշակվել և ներդրվել է 2012թ., արդեն 10 տարի ծառայում է քաղաքացիներն, բայց քանի որ տեխնոլոգիաները փոխվել են, այն պահանջներին այլևս չի բավարարում»,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Իսկ ամեն ինչ սկսում է ձևավորումից՝ արտադեմի մշակումից: Բրենդավորումը կատարվել է զինանշանին համապատասխան՝ օգտագործելով մուգ կապույտն ու թիրախային կետերում նաև նարնջագույնը: Տեսողական ու բովանդակային առումով կայքը կլինի հարմարվետ: Մշակվել է նաև բջջային տարբերակը:
«Վերադասավորվել է ամբողջ բովանդակությունը, որից օգտվելը կլինի ավելի հարմար: Առանձնացված ու հստակ կլինեն դիմումների ընդունման և հետևելու եղանակները, քաղաքացիները հեշտությամբ կկատարեն վճարումներն ու հարցումներ կանեն: Առանձին ներկայացված կլինեն նաև էլեկտրոնային թույլտվությունները: Վերևում առանձնացված են տեղեկատու բաժինը, ծառայությունները, մեր քաղաքը և կապը: Օրինակ՝ հայտարարությունները տեսնելու համար ընդամենը մի կոճակ է սեղմվում, դրանք բաժանված են դասակարգերի և երկրորդ սեղմումով բացվում է բովանդակությունը, նաև պահոց կա»,-ասում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի ծրագրերի ավագ ղեկավար Սոնա Մանուկյանը:
Քաղաքացիներին կայքը հասանելի կլինի մինչև տարեվերջ: Շահագործման կհանձնվի նաև արտաքին գովազդի կառավարման համակարգը: Այն հնարավորություն կտա տնտեսվարողներին և գովազդային կազմակերպություններին դիմումից մինչև գովազդի թույլտվություն ամբողջ գործընթացն անցնել համակարգչով կամ հեռախոսով: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է լինելու գրանցվել՝ նշելով էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը:
«Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն դեռևս վարչական շրջան է ներկայացվում թղթային եղանակով: Մինչդեռ նպատակ ունենք դա դարձնել բացառապես թվային: Ծրագիրը 2 բաղադրիչ է ունենալու՝ դիմումների ընդունում, ինչպես նաև մեզ համար կծառայի որպես վերահսկման գորիծիք: Որակական նոր փոփոխություն կարող է լինել միայն ամբողջական թվայնացումից հետո, որ, օրինակ, դիմում տալը կամ վճարում կատարելը կախված չլինի վարչական շրջան կամ քաղաքապետարան այցելելուց: Ոլորտի պարզեցումը, ավելի թափանցիկ դարձնելն ի վերջո հանգեցնելու է ավելի մեծ հավաքագրումների, իսկ համայնքի բյուջեն ավելի թափանցիկ է լինելու»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Երևանի քաղաքապետարանում 2013թ․-ից ներքին համակարգ էր գործում արտաքին գովազդի ձևավորման ոլորտի կարգավորման համար: Հիմա ընդլայնում ենք համակարգի հնարավորությունները, որպեսզի բնակիչները նույնպես կարողանան օգտվել ծառայություններից: Կունենանք հնարավորություն, որ քաղաքացին քարտեզի վրա տեսնի, թե որտեղ ինչ գովազդ է տեղադրված և արդյոք այն ունի թույլտվություն: Բացի այդ, յուրաքանչյուր վարչական շրջան ունի գովազդների տեղադրման իր սակագինը, իսկ ծրագիրը հնարավորություն է տալիս մեքենայորեն հաշվարկել ամսական վճարը»,- մանրամասնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի համակարգերի նախագծման, ներդրման և սպասարկման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:
Կրթության ոլորտի թվայնացման 2 հաջողված օրինակներից՝ մանկապարտեզների և երաժշտական դպրոցների կառավարման համակարգերից հետո հերթը հասավ մարզադպրոցներին: Հարթակում ներառված է համայնքային ենթակայության 37 մարզական կազմակերպություն: Մարզադպրոցների կառավարման համակարգում ներկայացված կլինեն մարզադպրոցները, մարզիչները, մարզիկներն ու նրանց նվաճումները:
«Համակարգի գործարկումն ու ներդրումը նախատեսված է տարեսկզբին: Այն քաղաքացիներին հնարավորություն կտա պաշտոնական կայքում ընտրել մարզադպրոցը, մարզաձևը և մարզադպրոց հաճախելու առցանց հայտ ներկայացնել»,-ասում է Սոնա Մանուկյանը:
Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջաններն ու համայնքային ենթակայության ավելի քան 500 կառույց ամեն օր շփվում են բնակիչների հետ, մատուցում զանազան ծառայություններ: Այստեղ կարևոր է կադրային քաղաքականությունը:
«Այժմ քաղաքապետարանն իրականացնում է մի հետաքրքիր նախագիծ, որը, կարող ենք ասել, մեկ քայլ առաջ է, այն կկոչենք «թվայնացում», և ստեղծել ենք մի հարթակ, որը գործել է 2016թ., իսկ այժմ այն ամբողջությամբ արդիականացնում ենք՝ մարտահրավերներին համահունչ դարձնելով: Մարդկային ռեսուրսների թվային հարթակում զետեղված կլինեն մադկանց տվյալներն էլեկտրոնային եղանակով, կլինի նաև աշխատանքային հարթակ՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության համար: Կունենանք գնահատման հետաքրքիր եղանակներ՝ խրախուսման միջոցներ կիրառելու համար: Աշխատանքի բարձր ցուցիչները հնարավորություն կտան քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդյունավետ»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:
«Մշակվում են նաև բազմաթիվ ներքին համակարգեր ու ներդրվում, որոնք քաղաքացիների համար տեսանելի չեն, բայց ծառայությունների ավտոմատացման առումով շատ կարևոր են: ներդնում ենք ներքին կառավարման համակարգ, որը վերաբերում է քաղաքացիների պարտավորությունների հաշվառմանը: Դրանց ծանուցման, հետագա պարտավորությունների գանձման առումով բավական կարևոր համակարգ է՝ քաղաքապետարանի ներսում գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու տեսակետից»,- ասում է Սարգիս Մանուկյանը:
Երևանն առաջնորդվում է «Խելացի քաղաք» հայեցակարգով՝ ըստ առաջնահերթության փուլային եղանակով անցնելով թվային կառավարման և կիրառելով 5-րդ սերնդի տեխնոլոգիաները: Քաղաքի վիրտուալ պատուհանը դեպի նոր էլեկտրոնային քաղաք շուտով ամբողջությամբ պատրաստ կլինի: