Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 24-րդ տարեշրջանը

24.10.2017

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 24-րդ տարեշրջանի բացմանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, Հայկական կարմիր խաչի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և ուրիշներ: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին ու ծրագրի շահառուներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ կարևորագույն այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանը ամենահաջողվածներից մեկն է համարում, քանի որ աջակից կառույցների հետ համագործակցությամբ հարյուրավոր մարդկանց համար լուծվել է սոցիալական առաջնահերթ խնդիրներից մեկը՝ տաք սննդի ապահովումը: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ ևս շարունակելու է հնարավորին աջակցել «Գթության խոհանոց» ծրագրին:
Գերմանանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն էլ նշել է, որ իսկապես անգնահատելի է Երևանի քաղաքապետարանի դերը այս գաղափարի կյանքի կոչման գործում: Կառլ-Հայնց Շայդեն ընդգծել է քաղաքապետարանի համակողմանիորեն աջակցությունը ծրագրի իրագործման առաջին իսկ տարվանից՝ այդ թվում նաև «Հուսո տան» համար տարածքի տրամադրման առումով:
Հարկ է նշել, որ արդեն 4 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագիրը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: 24-րդ տարեշրջանում Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը կազմում է շահառուներին սնունդով ապահովելու ծախսերի 50 տոկոսը: Ելնելով այս փաստից՝ «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ջանքերով Երևանում կբացվի սննդի բաշխման 3-րդ արտագնա կետը ևս 65 շահառուների համար: Այսպիսով, ծրագրի շահառուների թիվը կհատի 500 -ի սահմանագիծը: Նախաձեռնությունից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շահառուները: Նրանք օրական մեկ անգամ տաք և կալորիականությամբ հագեցած ճաշ են ստանում, ինչպես նաև օգտվում «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից:
Այցի ընթացքում փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հանդիպել և տոնական սեղանի շուրջ զրուցել է ծրագրի շահառուների հետ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին