Մեկնարկել է Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

07.07.2024
Մշակույթ

Կինոտոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային գործիչների՝ բոլոր ժամանակների լավագույն արտիստներից Քևին Սփեյսիին, կրկնակի oսկարակիր, կինռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, Թարսեմ Սինգհին, Ատոմ Էգոյանին:
21-րդ «Ոսկե ծիրան»-ին կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և մի շարք այլ փառատոներից:
Երրորդ տարին է` կինոփառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Կինոփառատոնի հանդիսավոր բացմանը ներկա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն 3-րդ տասնամյակն է` անտրտունջ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի «Ոսկե ծիրան»–ը կայանա։
«Երևանյան փառատոները լցնում են մայրաքաղաքը կյանքով ու գույնով: «Ոսկե ծիրան»-ն այս շարքում ամենաներից է, և արդեն 21-րդ անգամ հուլիսյան այս օրերին հավաքվում ենք, որպեսզի տոնենք կինոն:
«Ոսկե ծիրան»–ը իրապես քաղաքում տրամադրություն է փոխում: Այս օրերին Երևանում են կինոարվեստի հարգարժան հյուրեր՝ կրկնակի օսկարակիր կինոռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, Փարաջանովի դեսպանը ամբողջ աշխարհում՝ Թարսեմ Սինգհը, մեր դեսպանը կինոյի աշխարհում՝ Ատոմ Էգոյանը, աշխարհահռչակ դերասան, կրկնակի օսկարակիր, մեր օրերի ամենատաղանդավոր դերասաններից՝ Քևին Սփեյսին։
Նախորդ տարի հենց այս բեմից նշեցի, որ քաղաքապետարանն ավելի ակտիվ է լինելու կինոարտադրության ոլորտում, և առաջին ծրագիրը, որ իրականացրեցինք, հինգ կարճամետրած ֆիլմերի ալմանախն է Երևանի մասին, Երևանի ու միմյանց նկատմամբ սիրո մասին։ Մեր այս ջանքերը շարունակական են։ Իրապես ուրախ ենք երրորդ տարին լինել «Ոսկե ծիրան»–ի կողքին։ Կարծում եմ, որ «Ոսկե ծիրան»–ը գեղեցկացնում է մեր քաղաքը»,-ընդգծել է քաղաքապետը:
«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հատկանշեց, որ կինոարտադրության ոլորտում օրենսդրական փոփոխությունները նոր որակ ու նոր ասելիք են բերելու կինո:
21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացումն ազդարարվեց Էգոյանի նոր՝ «Յոթ քողը» կինոնկարով: Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է:
Կինոյում ունեցած ավանդի համար Քևին Սփեյսիին և Ատոմ Էգոյանին կինոփառատոնում հանձնվեց Փարաջանովյան թալեր մրցանակը:
«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ կանդրադառնա հայ երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Տեսանյութ

Մեկնարկել է Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը