Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը

01.10.2015

Արդեն երկրորդ տարին անընդմեջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առանձնանում է նաև սոցիալական բաղադրիչով: Այս տարի ևս, Երևանի ծննդյան տարիների թվով պայմանավորված, մայրաքաղաքի 2797 ընտանիք Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, պլանշետներ, արդուկներ և թեյնիկներ։ 

«Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 1-ին տրվել է սոցիալական ծրագրի մեկնարկը: Նվերներով բեռնված ու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները, քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ, շարժվել են դեպի մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված համապատասխան հասցեներում բնակվող ընտանիքների բնակարաններ:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից 10-ը ներառյալ անցկացվող սոցիալական այս ծրագրով երևանյան 2797 ընտանիքների համար ջերմ ու բարի քաղաքի սպասված ու սիրված տոնը կդառնա նաև հիշարժան:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մեկնարկում է սոցիալական ծրագրով: Քաղաքապետի այս նախաձեռնությունն իսկապես սպասված էր, և այն ներառում է մայրաքաղաքի բնակչության սոցիալական բոլոր շերտերը: Հարկ է նշել, որ այս տարվա ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում չեն եղել, և ցուցակները կազմելիս հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները: Ծրագիրն ընդգրկուն է և ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- ընդգծել է Ռուզաննա Զաքարյանը:
Ծրագրում ընդգրկված են տարբեր խմբերի՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների ընտանիքներ, արցախյան պատերազմի հաշմանդամներ, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող ընտանիքներ, գիտության և մշակույթի գործիչներ, վաստակաշատ բուժաշխատողներ և մանկավարժներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ, ցեղասպանությունը վերապրած անձինք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին