Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամների հետ միասին ներկա է գտնվել Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը: Ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն