Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի ոռոգման հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է

30.07.2019

Հարգելի համաքաղաքացիներ,

ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հաճախ հատում է 40 աստիճանի սահմանագիծը, կանաչ տարածքների պատշաճ և խնամված տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական ոռոգում: Ընդ որում, օդի չորության և անբարենպաստ հողային կառուցվածքի պայմաններում Երևանի ոռոգման համակարգը շուրջ 10-ն անգամ գերազանցում է, օրինակ, ԱՊՀ մյուս մայրաքաղաքների ցանցերը: Մեկ տարեշրջանի ընթացքում մայրաքաղաքում 1 հա կանաչ զանգված ոռոգելու համար անհրաժեշտ է 8-9 հազ. խմ ջուր, իսկ խիստ տապի պայմաններում՝ 12-14 հազ. խմ: Այնինչ, մի շարք պատճառներից ելնելով, որոնցից հիմնականներն են՝ ջրատարների ընթացիկ վերանորոգումը, ջրի ճնշման անկումը, ֆիզիկապես որոշակիորեն մաշված խողովակաշարերը, կանաչ գոտիները թերի են ոռոգվում, ինչն էլ իր հերթին ոչ միայն լիարժեք կանաչ տարածքներ չի ապահովում, այլև կարող է նպաստել հրդեհավտանգ իրավիճակի ի հայտ գալուն: Ջրի ոչ լիարժեք ապահովման պատճառներից մեկն էլ մի քանի վարչական շրջաններ սնուցման նույն աղբյուրից ոռոգման ջուր մատակարարելն է (Աջափնյակ-Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր-Կենտրոն): Ներկայումս նախագծանախահաշվային փաստաթղթեր են մշակվում՝ ոռոգման ցանցերն ըստ վարչական շրջանների հնարավորին առանձնացնելու համար: Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում առկա իրավիճակում մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման պարբերականությունն ավելացնելու և կանաչ գոտիների տեսքն ու նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով:

Լուսանկարներ