Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում

21.05.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, գույքի և խաղերի տեղադրման, ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները։ Սահմանված ժամանակացույցով իրականացվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների նորոգման ու ներկման աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների որակին, ինչպես նաև դրանք սահմանված ժամկետներում ավարտելուն:
Զեկուցվել է, որ շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր՝ մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում հանրային զուգարաններ տեղադրելու ուղղությամբ: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում այդ նպատակով առանձնացված 5 տարածքներից 3-ն առաջիկա օրերին կհանձնվի շահագործման:
Երևանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կետերի տեղադրման գործընթացի հետ կապված էլ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Մելիք-Ադամյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում առաջին տեղեկատվական կետի տեղադրման աշխատանքները, իսկ Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում էլ մեկնարկել են համապատասխան աշխատանքները՝ զբոսաշրջիկների և քաղաքացիների սպասարկման և տեղեկատվական աջակցության երկրորդ կետի տեղադրման ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու աշխատանքային խմբին հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ավարտին հասցնել արդեն տեղադրված տեղեկատվական կետի հարակից տարածքի բարեկարգումը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ընթանում են լուսացույցներին և զբոսաշրջային ավտոբուսներին խանգարող ծառերի էտման աշխատանքները։ Տուրիզմի բաժնին, բնապահպանության և տրանսպորտի վարչություններին հանձնարարվել է, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, շարունակել և սահմանված ժամկետում ավարտել վերոնշյալ աշխատանքները։
Մոսկովյան փողոցի՝ Նալբանդյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածի բարեկարգման ծրագրի հետ կապված, աշխատակազմի շինարարության ու բարեկարգման, բնապահպանության վարչություններին, գլխավոր դիզայներին, «Երքաղլույս» ընկերությանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է տասնօրյա ժամկետում ապահովել նշված հատվածի մայթերի կարգաբերման, սիզամարգերի ստեղծման, ծաղկապատման ու կրապատման, արտաքին լուսավորության ցանցի վերականգնամ, ներկման ու հարդարման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության ավարտին աշխատակազմի համապատասխան վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է պատշաճ նախապատրաստվել և բոլոր վարչական շրջաններում կազմակերպել մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ տոնական միջոցառումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին