Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար

19.04.2024
Կրթություն

Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա ծառայություն։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ 
Արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ 
«Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ 
Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար է։ Այս տարի Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց նաև բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ 10–ից 30 տոկոսի չափով։ Բարձրացվեց ինչպես դաստիարակների, այնպես էլ սպասարկող ամբողջ անձնակազմի՝ խոհարարից մինչև բուժքրոջ աշխատավարձը։ 
«Գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մեր գործընկերների կարևոր աշխատանքը՝ որոշում կայացվեց վերանայել աշխատավարձերը։ Սահմանվեցին նաև նոր դրույքաչափեր։ Դաստիարակների աշխատավարձն, օրինակ, բարձրացավ մինչև 31 տոկոս»,-նշում է Խաչատրյանը։
Մանկապարտեզում աշխատող մանկավարժները հնարավորություն ունեն հավելավճար ստանալ նաև տարակարգի միջոցով։ Տարակարգ ստանալու համար կարող են դիմել բոլոր այն մանկապարժները, ովքեր արդեն մասնակցել են վերապատրաստումներին: 
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են։ Տարվա ընթացքում սպասվում են նոր նախաձեռնություններ։

Տեսանյութ

Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար