Կտեղադրվեն Սերգեյ Մերգելյանի և Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

30.05.2018

Մայիսի 30-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի չորրորդ նիստում, որ վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները նիստի օրակարգը և ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո քննարկել և հավանություն են տվել ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի շենքի պատին՝ Հակոբ Հակոբյան փողոց հ. 3 հասցեում տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին: Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Ավագ Պետրոսյան փողոց հ. 2 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:

Ավագանին քննարկել և հաստատել է նաև ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալբերտ Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Աբովյան փողոց հ. 13 հասցեում, իսկ ՀԽՍՀ վաստակավոր տնտեսագետ Ջանիբեկ Եղիազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Արամ Խաչատրյան փողոց հ. 21 հասցեում փակցնելու մասին որոշումների նախագծերը:
Ավագանու հերթական նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի ընթացքում Երևանի քաղաքապետը, վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի ավագանու հաջորդ՝ 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստը կգումարվի 2018 թ. հունիսի 26-ին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Կտեղադրվեն Սերգեյ Մերգելյանի և Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ