Կրթական նախագծեր՝ Երևանի և Լիոնի միջև

03.02.2023
Արտաքին կապեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև  Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը:
2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն աջակցություն ցուցաբերել «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի» զարգացման ծրագրերին: Փաստաթուղթը հնարավորություն էր տալու նաև բարելավել կենտրոնի շենքային պայմաններն ու ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների՝ ստանալու ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ:  
Լևոն Հովհաննիսյանը, ով նաև ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ընդգծել է, որ քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ պատրաստ է լիազորությունների չափով նպաստել համատեղ նախաձեռնությունների իրագործմանը:
Ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան: 
Հյուրերը, որոնց թվում են նաև ճարտարապետ և ինժեներ, ներկայացրել են կենտրոնում սպասվող բարեփոխումները, մասնավորապես, մասնագիտական նոր լաբորատորիայի նախագիծը: Կթարմացվի նաև կրթօջախի նյութատեխնիկակական հենքը: 
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպում-քննարկումները՝ համատեղ գաղափարները կյանքի կոչելու նպատակով: 

Լուսանկարներ

Տեսնել ավելին