Կոջոյանցիների ավարտական ցուցահանդեսը՝ Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանն իր հարկի տակ էր հյուրընկալել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտներին: Ավանդույթի համաձայն՝ ավարտական դասարանների աշակերտները վերջին դասը նշանավորել ու կրթօջախին հրաժեշտ են տվել ցուցահանդեսով: Աշխատանքները կրել են «Ես չեմ եղել Փարիզում» խորագիրը՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիային:
Միջոցառմանը մասնակցել և աշակերտներին շնորհավորել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պատգամավորներ, ավագանու անդամներ, պաշտոնյաներ, հյուրեր:
«Այս անգամ որոշեցինք շրջանավարտներին քաղաքապետարանում հյուրընկալել նման ձևաչափով: Իսկապես հետաքրքիր գործեր ունեն աշակերտները: Վստահ եմ, որ հետագայում էլ հաջողելու են և գրանցելու են նորանոր հաջողություններ» ,- ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսն ուղեկցվել է երաժշտական բեմադրությամբ, հնչել են Ազնավուրի երգերը: