Կմշակվի մայրաքաղաքի թվային փոխակերպման ռազմավարություն

30.05.2023
ՏՏ ոլորտ

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ մեկնարկում է մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագիրը:  Այն առաջնահերթորեն միտված է քաղաքի կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ապահովմանը: 
Ռազմավարության մշակման խնդիրներ են քննարկել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:  Ընդգծելով գործակցության համար առկա լայն դաշտը՝ փոխքաղաքապետը նշել է, որ Երևանի համար առանցքային է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջական թվայնացումը: Մասնավորապես Տիգրան Ավինյանը մատնանշել է շինթույլտվությունների տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի, այդ թվում «Թեժ գիծ» ծառայության թվայնացման ու պարզեցման գործընթացի անհրաժեշտությունը: Անդրադառնալով գործիքակազմին՝ քննարկվել է քաղաքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների համար միասնական հարթակ ստեղծելու գաղափարը: Այն քաղաքացիներին հասանելի կլինի կայքի և բջջային հավելվածի միջոցով: Հատուկ ընդգծվել է օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովման կարևորությունը:
«Մեզ համար առաջնային խնդիրներից է բնակիչների համար քաղաքային ծառայություններն առավել հասանելի ու մատչելի դարձնելը: Այս առումով հարկավոր է քաղաքի համար նախատեսված թվային փոխակերպման առանձին ռազմավարություն ունենալ, թեև Երևանը ներառված է նաև Հայաստանի թվայանցման ռազմավարության միջոցառումների ծրագրում: Հաշվի առնելով Վաշինգտոն այցի ընթացքում ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններն ու նաև այսօրվա քննարկումները, հուսով ենք, որ առաջիկայում գործնական առաջընթաց կունենանք և Համաշխարահային բանկի աջակցությամբ կկարողանանք իրագործել կարևոր այս նախագիծը»,-ընդգծել է փոխքաղաքապետը: 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Խուրամ Ֆարուկն ու Արման Վաթյանը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել գործընթացին՝ միաժամանակ երևանյան կողմից ակնկալելով առաջնահերթ ծառայությունների հստակեցված ցանկ: 
Կողմերը խոսել են նաև համատեղ այլ ծրագրերի իրագործման հեռանկարների մասին և պայմանավորվել առաջիկայում առավել առարկայական քննարկում անցկացնել: 
 

Լուսանկարներ