Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 դպրոցը 190 տարեկան է. միջոցառմանը ներկա է եղել քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը նշում է հիմնադրման 190-ամյակը: Դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ, հյուրեր:
Մանկավարժական բազմամյա գործունեության և կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար դպրոցի մի շարք ուսուցիչներ Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել են շնորհակալագրի:
Քաղաքապետի առաջին տեղակալը, հանձնելով պարգևներն ու շնորհավորելով ուսուցչական կազմին, ընդգծել է. «Հարգարժա՛ն ուսուցիչներ, դուք ոչ միայն կրողն եք ուսուցչական առաքելության, այլև հարուստ ժառանգության և հարուստ ավանդույթների փոխանցողը: Շուրջ երկդարյա պատմությամբ այս կրթօջախը, որը հարազատ միջավայր է եղել տարբեր սերունդների համար, այսօր մեզ փոխանցում է տարիների կուտակած ջերմությունը»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում տեսաֆիլմով ներկայացվել է Երևանի առաջին և ամենահին դպրոցի պատմական ուղին: Ավանդույթի համաձայն հոկտեմբերի 15-ին՝ Աբովյանի ծննդյան օրվան ընդառաջ էլ կազմակերպվել է առաջինցիների երդման արարողությունը: