«Կայուն տեխնոլոգիաներ» ցուցահանդեսով քաղաքապետարանն ամփոփում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում նախաձեռնած միջոցառումները

29.10.2022

Արդեն 3-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը, միանալով Եվրոպական Միության Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներին, հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով: Այս տարի միջոցառումներն ամփոփվել են «Կայուն տեխնոլոգիաներ» էքսպո-ցուցահանդեսով, որն անցկացվել է Դիանա Աբգարի անվան զբոսայգում:

Շուրջ 20 տաղավարում արևային համակարգեր, ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ նյութեր, լուսադիոդային «լեդ» լուսատուներ արտադրող և տեղադրող ընկերությունները ներկայացրել են էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանը միտված «խելացի» և «կանաչ» լուծումներով արտադրանքներ: Երևանի քաղաքապետարանն առանձին տաղավարում քաղաքացիներին ծանոթացրել է քաղաքում իրականացվող ոլորտային ծրագրերին: Ցուցահանդեսին մասնակցել են նաև Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սաները, ներկայացրել թեմատիկ նկարներ`՝ մոլորակն առանց արտանետումների և վերականգնվող էներգիայով: Բնապահպանական թեմաներով ստեղծագործելու հանրավորություն են ունեցել նաև բոլոր ցանկացողները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի և քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի հետ այցելել է ցուցահանդես, շրջել տաղավարներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը, հետաքրքրվել արտադրանքների՝ համայնքային կառույցներում ներդրման հնարավորություններով:

«Հանրային այսպիսի միջոցառումները կարևոր են մեր բնակիչների համար՝ տեղեկանալու էներգախնայողության և էներգաարդյունավետության կարևորությանը: Երևանի քաղաքապետարանը միաժամանակ մի քանի ծրագիր է իրականացնում այս բնագավառում: Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների էներգասպառումը նվազեցնելու նպատակով մենք քաղաքի ավելի քան 90 շենքում տեղադրեցինք արևային վահանակներ: Աշխատանքներ են տարվում նաև լուսավորության արդիականացման և էներգախնայող լուսատուներով փոխարինելու նպատակով»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Կայուն էներգիայի շաբաթվա նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկումը՝ կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ: Մինչ այս քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը դպրոցականների շրջանում կազմակերպել էր «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական սեմինար-միջոցառումը: Հաղթող թիմը պարգևատրվել էր քաղաքապետարանում: Հայտարարվել էր նաև ոլորտի մասին իրազեկման մեկամսյա արշավ:

Տեսանյութ

«Կայուն տեխնոլոգիաներ» ցուցահանդեսով քաղաքապետարանն ամփոփում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում նախաձեռնած միջոցառումները